Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սյունիքում ստեղծված իրավիճակի պատճառով «կրքերը բորբոքելու» պատճառ չի տեսնում։
«Որևէ կրակոց չի հնչել, որևէ բախում այնտեղ տեղի չի ունեցել: Հանգիստ նստել և քննարկել են, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը: Մեզ խնդրեցին օգնել, մեր զինվորականներ օգնեցին, համաձայնությունն իրագործված է։ Չեմ տեսնում կրքերը բորբոքելու որևէ պատճառ այս ոչ ամենօրյա, բայց հանգիստ կարգավորվող հարցում»,- նշել է նախարարը՝ Սիեռա-Լիոնեի իր գործընկեր Դեյվիդ Ջոն Ֆրենսիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Լավրովը նաև հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում օգնել Ադրբեջանին և Հայաստանին․
«Միջադեպից հետո ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել՝ տեղի ունեցածը թյուրիմացությամբ է, և որ ամենակարևորն է՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի ենթարկված սահմանի բացակայությամբ պատճառաբանելով։ Ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել, և մենք առաջարկել ենք, որ կողմերն աշխատեն այդ ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք նրանց աջակցել քարտեզներով ու խորհրդատվական ծառայություններով»,- նշել է պաշտոնյան։
Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը;
Պեսկովը նշել էր, որ ռուս նախագահի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն «այլընտրանք չունի» և հավելել, որ «այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում և փորձել պարփակել լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։ Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ռազմական բախում թեև չի եղել, սահմանամերձ տարածքում 6 օր շարունակ բանակցություններ են ընթանում։ Ադրբեջանական կողմը ներթափանցել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Երկու օր լռելուց հետո Բաքուն կոչ է արել հայկական կողմին «խուճապի չմատնվել», քանի որ ադրբեջանական զինվորներն «ուղղակի զբաղեցնում են իրենց դիրքերը»։
Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Պուտինին՝ ռազմական օգնության համար։