Home / Հայաստան / Հավերժական Ֆաշիզմ․ սև բլուզավորին նայելու տասնչորս եղանակ

Հավերժական Ֆաշիզմ․ սև բլուզավորին նայելու տասնչորս եղանակ

«Ֆաշիզմ» տերմինն օգտագործվում է ամենուր, որովհետեւ եթե նույնիսկ իտա­­­լական ֆաշիստական ռեժիմից հանենք մեկ կամ ավել ասպեկտներ, մի­եւ­­­նույն է այն կշարունակի ճանաչվել որպես ֆա­շիս­տա­կան։ Իտա­­­­լական ֆա­շիզ­մից վերացնելով իմպերիալիզմը՝ կստանաք Ֆրանկո կամ Սալա­զարա։ Վե­րա­­ց­նենք գաղութարարությունը – կստացվի բալկանյան ֆա­­շիզմ։ Իտա­լա­կան ֆա­­շիզ­մին ավելացնենք ռադիկալ հակակապիտալիզմ (ին­չով եր­բեւէ չէր տա­ռա­պում Մուսոլինին), եւ կստացվի Էզրա Փաունդ։ Ավե­լաց­­նենք «շեղվա­ծու­­թյուն» առ կելտական միֆոլոգիա եւ Գրաալի պաշ­տա­մունք ( ի­­տա­­լական ֆա­շիզ­մին բա­ցարձա­կա­պես օտար), ու մեր առջեւ է ֆաշիստական ամե­նա­­հարգ­­­ված գուրունե­րից մեկը՝ Յուլիուս Էվոլան։

Այս խառնաշփոթը վերացնելու համար, ըստ իս, հարկավոր է զատորոշել Հա­վե­ր­ժական Ֆաշիզմի (ուռ-ֆաշիզմի*) տիպիկ բնորոշիչների ցանկը, թեեւ դրան­­ցից մեկի առկայությունն էլ բավական է, որպեսզի սկսի որոշակիանալ ֆա­շիստական մշուշոտությունը։

1. Ուռ-ֆաշիզմի առաջին բնորոշիչը ավանդույթի պաշտամունքն է։ Ավանդա­պաշ­­տությունը ֆաշիզմից հին է։ Այն հանդես է գալիս որպես կաթոլիկ հակա­հե­ղա­փոխական մտ­­քի դոմինանտ ֆրան­սի­ա­­կան հեղափոխությունից հետո, թեեւ ծն­վել է ուշ հելլենիստական շրջանում՝ իբրեւ հակազդեցություն դա­սա­կան Հու­նաս­տանի ռացիոնալիզմին։

Միջերկրական ծովի ավազանի՝ տարբեր կրոնների պատկանող ժողովուրդ­նե­րը (նրանց բո­լո­րին հավասար հանդուրժողականությամբ թույլ էր տրված մուտ­քը հռոմեա­կան Պանթեոն) որոնում էին մի հայտնություն, որը ծագել էր դեռ մարդ­կության պատ­մու­թյան արշալույսին։ Այդ հայտնությունը դարեր շարունակ պա­րուր­ված էր լեզուների ծածկոցով, որոնց իմաստը կորսված էր։ Հայտնու­թյու­նը հանձ­նված էր եգիպտական հիերոգլիֆներին, կելտական ռունաներին, ինչ­պես նաեւ սրբազան՝ մինչ օրս էլ չպարզաբանված ասիական կրոնների հու­շար­ձան­նե­րին։

Այդ նոր մշակույթը անխուսափելիորեն պարզվում էր, որ սինկրետիկ է։ Սին­կրե­տիզ­­մը ոչ թե, ինչպես նշում են բառարանները, բազմաբնույթ հավա­տա­­լիք­ների ու փորձառությունների համադրություն է։ Համադրության հիմքն այս­տեղ առաջին հեր­թին հակասությունների հան­դեպ արհամարհանքն է։ Այս տրամաբանությամբ՝ բոլոր նախագո բացահայ­տում­նե­րը ներա­ռում են ճշ­մարտության հատիկ, եւ եթե նրանք տարաբնույթ են կամ առհասա­րակ անհա­մա­տեղելի, հոգ չէ, քանի որ այլաբա­նո­րեն միեւ­նույն է սերում են մի ինչ-որ բուն ճշմարտությունից։

Դրանից բխում է, որ տեղ չկա գիտելիքի զարգացման համար։ Ճշմարտությունն այ­լեւս հռչակված է մեկընդմիշտ. մնում է միայն լուսաբանել նրա մութ խորքերը։ Բա­վական է նայել ցանկացած ֆաշիստական մշակույթի «պահունակ». այնտեղ միայն ավանդապաշտ-մտածողները տեղ ունեն։ Գերմանա-ֆաշիս­տա­կան գնոզիսը սնվում էր ա­վան­­դապաշտ, սինկրե­տիկ, օկուլտ /ախթարական/ ակունք­ներից։ Նոր իտա­լա­կան աջերի կարեւո­րա­գույն տեսական աղբյուր Յու­լի­ուս Էվոլան խառնում է Գրաալը «Սի­ոնի իմաստունների ար­ձա­նա­գրություններ»-ի հետ, ալքիմիան՝ Հռո­մեական Սրբազան կայսրության։ Փաստն ինքնին, որ մտա­հո­րի­զոնն ընդլայ­նե­լու համար այժմ իտալա­կան աջերի մի մասը ընդար­ձա­կել է պահունակը, այնտեղ ներառելով Դե Մես­տր, Գենոն ու Գրամշի, սին­կրե­տիզ­մի փայլուն դրսե­ւո­րում է։ …Մեկ կույտի մեջ Ավգուս­տին ու Սթունհենջ լց­նե­լու սկզ­բունքն ինքնին ուռ-ֆա­շիզ­մի ախտանշան է հենց։

2. Ավանդապաշտությունը անխուսափելիորեն հանգեցնում է մոդեռնիզմը չըն­դու­­­նե­լուն։ Ինչպես իտալական ֆաշիստները, այնպես էլ գերմանական նա­­ցիստ­­­ները կարծես թե պաշտում էին տեխնիկան, այն դեպքում, երբ ավան­դա­­պաշտ մտածողները սովորաբար փնովում են այն՝ նրա մեջ ա­վան­դական հո­գեւոր արժեքների ժխտում տեսնելով։ Սակայն, իրականում, նացիզմն իր ին­դուս­տրիալիզացիայի սոսկ արտաքին ասպեկտով էր հիանում։ Իր գաղա­փա­րա­խոսության խորքում գերիշխում էր Blut und Bo­den /«Արյուն եւ հող»/ տեսու­թյու­նը։ Կապիտալիստական արդիականության քողի տակ տեղի էր ունենում ժա­մանակակից աշ­խարհի ժխտումը։ Սա, ըստ էու­թյան, 1789-ի (ինչպես նաեւ, բնա­կանաբար,1776-ի) ոգու՝ Լու­սա­վորության ոգու ժխտումն էր։ Ռա­ցիո­նա­լիզ­մի դարաշր­ջա­նը դիտվում է որ­պես ժա­մա­­նա­կա­կից այլասերության սկիզբ։ Այդ պատճա­ռով ուռ-ֆաշիզմը կա­րող է սահ­­­­մանվել որպես իռացիոնալիզմ։

3. Իռացիոնալիզմը սերտորեն կապված է գործողություն հանուն գործո­ղու­թյան պաշ­տամունքի հետ։ Գործելն ինքնին հիանալի է եւ այդ իսկ պատ­­­­­­­­­­­ճառով իրակա­նա­նալի՝ առանց ռեֆլեքսիայի եւ դրանից դուրս։ Մտածու­մը տղա­մարդու գործ չէ։ Լի­նելով քն­նադա­տա­­կան վերաբերմունքի պոտենցիալ կրող՝ մշակույթը կաս­կա­ծի տակ է առնվում։ Այս է ամենը – եւ Գե­բել­­սի ար­տա­հայ­տությունը՝ «Երբ լսում եմ «մշա­կույթ» բառը, ձեռքս ատրճանակին եմ տանում», եւ քնքուշ ընդհանուր խոս­քերը ինտե­լեկ­տուալ թափ­թփուկ­ների, ձվագլուխ ինտե­լի­գենտների, ռադիկալ-սնո­բիզմի ու համա­լսա­րան­ների՝ կոմունիս­տա­­­­­­կան վարակի այդ տարա­ծող­նե­րի։ Ին­տե­­­­լեկ­տուալ աշխարհի հանդեպ կաս­կածամտու­թյու­նը միշտ ազդա­րա­րում է ուռ-ֆաշիզմի ներ­կա­­յությունը։ Պաշ­­­­­­տոնական ֆաշիստական մտածող­նե­րը հիմնականում զբաղ­ված էին նրա­նով, որ մեղադրում էին ժամանակակից մշա­­կույթն ու ազատական մտա­վո­րականությանը հավերժական արժեքների ու­րաց­­ման մեջ։

4. Սինկրետիզմի եւ ոչ մի տեսակ քննադատություն չի կարող հանդուրժել։ Քն­նա­դա­տա­կան մոտեցումը գործում է դիստինկցիաներով, դիստինկցիա­ներն էլ իրենց հերթին արդիականության ատրիբուտներ են հան­դի­­­սանում։ Ար­դի մշա­կույ­թի մեջ գի­տա­կան խմբակցությունը հարգում է անհամա­ձայ­նու­թյու­­նը՝ որպես գիտու­թյան զար­գացման հիմք։ Ուռ-ֆաշիզմի աչքում ան­հա­մա­­ձայնությունը դա­վա­ճա­նու­­թյուն է։

5. Անհամաձայնությունը այլության նշան է նաեւ։ Ուռ-ֆաշիզմն աճում ու փո­­­­­­հա­­­մաձայնություններ է որոնում՝ այլածինի բնական վախը շահագոր­ծե­լով։ Ֆա­­­­շիստոիդ կամ մերձ-ֆաշիստոիդ շարժումների առաջ­նա­գույն լո­զունգ­ներն ուղ­ղված են այլածինների դեմ։ Ուռ-ֆաշիզմն, այսպիսով, սեւեռ­ված է դեպ ռա­­սիզմ։

6. Ուռ-ֆաշիզմը ծնվում է անհատական կամ սոցիալական ֆրուս­տրա­ցիա­յից։ Այդ պատճառով էլ բոլոր պատմական ֆաշիզմները հենվում են ֆրուստ­րաց­­ված մի­ջին դասակարգերի վրա, որոնք տուժել են որեւէ տնտեսական կամ քա­ղա­­քա­կան ճգ­նաժամից ու վախենում են գրգռված ցածր խավերի սպառ­­նա­լի­քներից։ Մեր օ­րե­րում, երբ երբեմնի «պրոլետարները» վերածվում են մանր բուրժուազիայի, երբ լյումպենը ինքնաբացարկվում է քաղաքական կյան­­քից, ֆա­շիզմն այդ նոր մեծամասնության մեջ իր համար հրաշալի լսա­րան կ­գտ­նի։

7. Նրանց, ովքեր ընդհանրապես տնանկ են, ուռ-ֆաշիզմն ա­սում է, որ իրենց ար­տոնությունների միակ գրավականը որոշակի երկրում իրենց ծնվելու փաստն է։ Այդպես է թրծվում ազգայնականությունը։ Բացի այդ, մի­ակ բա­նը, որ կա­րող է համախմբել ազգը, թշնամիներն են։ Այդ պատճա­ռով էլ ուռ-ֆա­շիս­տական հոգեբանության հիմքում դրված է դավա­դրու­­­թյան գա­ղափարի մո­լա­գարությունը, հնարավորինս՝ միջազգային։ Անդա­մա­կից­նե­րը հարկ է, որ իրենց պա­շարված զգան։ Լսարանը դավադրության վրա կենտրոնացնելու ամե­նա­լավ մի­ջո­ցը քսենոֆոբիայի զսպա­նա­կ­ները կիրառելն է։ Ներ­քին դավա­դրու­թյունն էլ կանցնի թերեւս. դրան շատ հար­­մար են հրեաները, քանի որ նրանք կարծես միաժամանակ թե ներսում են, թե մեջը։

8. Անդամակիցներն իրենց պետք է, որ վիրավորված զգան այն բանից, որ թշ­նա­­միներն ի ցույց են դնում իրենց հարստությունը, պարծենում ուժով։ Երբ ես փոքր էի, ինձ ներշնչում էին, որ անգլիացիները «հինգանգամյա սնվող» ազգ են։ Անգլիացիները սնվում են ավելի ինտենսիվ, քան ընչազուրկ, բայց ազնիվ իտա­լացիները։ Հարուստ են եւ հրեաները, ու բացի այդ նրանք օգնում են յուրա­յին­ներին, ունեն փոխօգնության գաղտնի ցանց։ Սա մի կողմից. միեւ­նույն ժա­մա­նակ անդամակիցները համոզված են, որ կհաղթեն ցան­կա­ցած թշ­նա­մու։ Այս­պես, հռետորական լարերի տատանումների շնոր­հիվ թշ­նամիները պատ­­­­­կեր­վում են միեւնույն պահին որպես չափազանց ուժեղ եւ որպես չափազանց տկար։ Այդ պատճառով էլ ֆաշիզմները միշտ պար­տության են մատնված. նրանք ի վիճակի չեն օբյեկտիվորեն գնա­հա­­տել ախոյանի մար­­­տունա­կու­թյու­նը։

9. Ուռ-ֆաշիզմի համար չկա պայքար հանուն կյանքի, այլ կա կյանք հանուն պայ­­քարի։ Եթե այդպես է, պացիֆիզմը հավասարազոր է թշնամու հետ եղ­բայ­րա­­նա­­լուն։ Պացիֆիզմը դատապարտված է, քանի որ կյանքը հավերժական պայ­­քար է։ Միեւ­նույն ժամանակ գոյություն ունի նաեւ Ահեղ Դատաստանի բար­դույ­թը։ Քա­նի որ թշ­նամի պետք է որ ոչնչանա – եւ կլինի այդպես – նշանակում է՝ վեր­­ջին մարտ կլի­նի, որի արդյունքում հիշյալ շարժումը լիա­­կատար վե­­րա­հս­կո­ղություն ձեռք կբերի աշխարհի նկատմամբ։Այսօրինակ ՙտոտալ լուծման՚ պարագայում ենթադր­վում է համ­ընդահանուր խաղաղության դարաշրջանի՝ Ոսկե դարի սկզբանավորում։

Սակայն սա հակադրվում է տեւական պատերազմի դրույթին, եւ դեռ ոչ մի ֆաշիստական առաջնորդի չի հաջողվել լուծել առաջացող այս հակասու­թյու­նը։

10. Բոլոր ռեակցիոն գաղափարախոսություններին բնորոշ է էլիտարիզմը՝ իր խո­րը արիստոկրատականության ձգողականությամբ։ Պատմության ընթաց­քում բո­­­լոր արիստոկրատական եւ միլիտարիստական էլիտարիզմները հիմն­վում էին տկա­­­րի հանդեպ արհամարհանքի վրա։

Ուռ-ֆաշիզմը դավանում է պոպուլիստական էլիտարիզմ։ Շարքային քաղա­քա­ցի­­ներն իրենցով կազմում են լավագույն ժողովուրդն աշխարհում։ Կուսակ­ցու­­թյու­­նը կազմվում է շարքային քաղաքացիներից լավագույններից։ Շար­քա­յին քա­­ղա­քացին կարող է (կամ պարտավոր է) դառնալ կուսակցու­թյան ան­դամ։

Բայ­ցեւայնպես չեն կարող լինել պատրիկներ առանց պլեբեյների։ Առաջնորդը, ով գի­տի, որ իշխանությունը ստացել է ոչ ներկայացուցչականությամբ, այլ գրա­­­­վել է ուժով, հասկանում է նաեւ, որ իր ուժը հենվում է մասսաների տկա­­րու­թյան վրա, եւ այդ մասսան այնքան է թույլ, որ կարիք ունի անաս­նա­վա­­րի եւ արժանի է նրան։

Այդ պատճառով այսպիսի՝ հիերարխիայով կազմակերպված (միլիտարիս­տա­կան մո­դե­լով) հասարակություններում յուրաքանչյուր առանձին առաջ­նորդ ար­հա­մար­հում է, մի կողմից, իրենից բարձաստիճաններին, մյուս կող­մից՝ ստո­րա­դաս­ներին։

Այս կերպ ամրապնդվում է մասսայական էլիտարիզմը։

11. Յուրաքանչյուրին ու ամենքին դաստիարակում են այնպես, որ նա դառնա հե­­­րոս։ Առասպելներում հերոսը մարմնավորում է բացառիկ, արտասովոր մի երեւ­ույթ, մինչդեռ ուռ-ֆաշիզմի գաղափարախոսության մեջ հե­րո­սակա­նու­թյունը նորմա է։ Հերոսականության պաշտամունքը ան­մի­ջականորեն կապված է մահվան պաշտամունքին։ Պատահական չէ, որ ֆա­­լանգիստների կոչը Viva la muerte-ն էր։ Նորմալ մարդկանց ասվում է, որ մա­հը վշ­տալի է, բայց հարկ է դի­մավորել նրան արժանապատվությամբ։ Հա­վ­ա­տա­ցյալ­ներին ասում են, որ մա­հը վերերկրյա երանության հաս­նե­լու տառապալից մեթոդ է։ Մինչդեռ ուռ-ֆա­շիզ­­մի հերոսը մահ է տեն­չում, որը նախանշված է նրան՝ որպես լավագույն փոխհատուցում հերոսական կյան­­քի դիմաց։ Ուռ-ֆաշիզմի հերոսն անհամբեր է մեռնելու։ Այդ հերոսական ան­­­համ­բե­րության մեջ, նկատենք փակագծերում, որ շատ ավելի հա­ճախ է պա­տահում իրեն մեռցնել ուրիշներին։


լուսինե թալալյան, Իմ արյունը չի հիշում ձեր պատմությունը, 2002

12. Քանի որ տեւական պատերազմը, ինչպես նաեւ հերոսությունը բավա­կա­նին բարդ խաղեր են, ուռ-ֆաշիզմն իր իշխանության ձգտումը փոխադրում է սե­­ռա­կան ոլորտ։ Սրա վրա է հիմնված առնականության պաշտամունքը (այ­­սինքն՝ քա­մահրանք կնոջ հանդեպ եւ անողոք հալածանք ցանկացած ոչ­կոն­ֆորմիստական սե­­ռա­կան սովո­րությունների դեմ՝ ողջախոհությունից մին­չեւ միա­սե­ռա­­կա­նություն)։ Եւ քանի որ սեռն էլ բավականին դժվար խաղ է, ուռ-ֆա­շիզի հերոսը խա­ղում է ատրճանակով, ասել է թե՝ ֆալոսի էրզա­ցով։ Մշ­տական զորախա­ղերը հավերժական invidia penis-ն ունեն իրենց հիմքում։

13. Ուռ-ֆաշիզմը կառուցվում է որակական պոպուլիզմի վրա։ Ժո­ղովրդավարության պայմաններում քաղաքացիներն օգտվում են ան­­ձի իրավունքներից, քաղաքացիների խմբերն իրենց քաղաքա­կան իրա­վունք­ներն իրականացնում են միայն որակական (կվանտիտատիվ) հիմքի առ­­­­կայու­թյան դեպքում. իրագործվում են մեծամասնության որոշումները։ Ուռ-ֆա­շիզմի աչ­­քում ան­հա­տը անձի իրավունքներ չունի, իսկ Ժողովուրդը հան­­դի­սանում է որ­պես որակ, որպես մոնոլիտ միասնություն՝ համընդ­հա­նուր կամք արտա­հայ­տող։ Քա­նի որ մարդկային արարածների ոչ մի քանա­կու­թյուն իրա­կանում չի կա­­­րող ունե­նալ ընդհանուր կամք, Առաջնորդն հավակ­նում է ներ­կա­յացնել այն բո­լորի կողմից։ Պատվիրակելու իրավուն­քը կորց­նե­լով, շար­քա­յին քա­ղա­քացի­նե­րը դադարում են գործել, նրանք միայն զորա­կոչի են են­թարկ­­վում, մասն ամբողջի փո­խա­րեն, pars pro toto, Ժողովրդի դե­րը խաղալու համար։ Ժո­ղո­վուրդն, այս­պի­սով, գոյում է բացառապես որպես թա­տերական ֆենոմեն։

Որակական պոպուլիզմի օրինակի համար պարտադիր չէ Նյու­­­րն­­բերգյան մար­­­­զադաշտին կամ Մուսսոլինիի պատշգամբի առջեւ հռո­մեա­կան լեփ-լե­ցուն հրապարակին անդրադառնալը։ Մոտակա ապագայում որակական պո­­պու­­լիզ­մի հե­­ռա­նկարը հեռուստատեսությունն է կամ «ինտերնետ» էլեկ­տրո­նա­յին ցան­­­­ցը, որոնք ի զորու են առանձին վերցված քաղաքացիների խմ­­­բի էմո­ցիո­նալ ռեակցիան ներկայացնել իբրեւ «ժողովրդի դատողություն»։

Ամուր կանգնած լինելով իր կվալիտատիվ պոպուլիզմի վրա՝ ուռ-ֆաշիզմը ոտ­­­քի է ելնում«փտած պառլամենտական դեմոկրատիաների» դեմ։ Առաջինն, ինչ հայտարարեց Մուսսոլինին իտալական պառլամենտի իր ճառում, այս էր. «Կուզենայի այս խուլ, գորշ դահլիճը վերածել մարզադաշտի իմ տղեր­­քի համար»։ Նա, ի­հար­կե, շատ շուտ «իր տղերքի» համար ավելի լավ հան­­գր­­վա­ն գտավ, բայց խորհրդարանն այնուամենայնիվ ցրեց։

Ամեն անգամ, երբ քաղաքական մի այր հարցի տակ է դնում խորհրդարանի լե­գի­­տիմությունը, քանի որ, կարծես թե, այն այլեւս չի արտահայտում «ժո­ղո­վր­դի մտածումը», ակն­հայ­տորեն Հավերժական Ֆաշիզմի հոտ է գալիս։

14. Ուռ-ֆաշիզմը խոսում է Նորալեզվով։ Նորալեզուն հայտնաբերվել է Օրու­ե­լի կող­մից «1984» վեպում՝ որպես Անգսոցի՝ Անգլիական սոցիալիզմի պաշտո­նա­կան լե­զու, բայց ուռ-ֆաշիզմի տարրերը բնորոշ են ամենատարբեր բռնա­պե­տու­թյուն­ներին։ Թե նացիստական, թե ֆաշիստական դասագրքերը ա­ռանձ­նանում էին իրենց աղքատիկ բառապաշարով ու պարզունակ շարահյու­սու­թյամբ՝ ցանկու­թյուն ունե­նալով աշակերտի համար առավելա­գույ­նս սահ­մա­նափակ դարձնել բարդ քն­նա­դա­տական մտածողության գործիք­նե­րի հա­վա­քածուն։ Բայց մենք պետք է որ զա­տորոշենք Նորալեզվի մյուս դրսեւո­րում­նե­րը նույնպես, նույնիսկ երբ նրանք ժո­ղո­վրդականություն վայելող հեռուս­տա­տե­սային թոք-շոուի անմեղ տեսք ունեն։

Ուռ-ֆաշիզմն առ այժմ մեր շուրջն է, երբեմն այն քայլում է քաղաքցիական հա­­մա­զգեստով։ Այնքան հարմար կլիներ մեզ բոլորիս, եթե մեկը դուրս գար հա­մաշխարհային բեմ ու ասեր. «Երազում եմ վերաբացել Օս­վեն­­ցի­մը, ուզեմ եմ, որ սեւ շապիկները նորից քայլեն իտալական հրապարակների շքերթ­նե­րում»։ Ցավոք, կյանքում այդքան լավ չի լինում։ Ուռ-ֆաշիզմը կարող է ներ­կա­յանալ ամենաանմեղ ձեւերով ու կերպարանքով։ Մեր պարտքն է բացա­հայ­տել նրա էու­թյունն ու ցույց տալ նրա նոր ձեւերը ամեն օր աշխարհի ցան­կա­ցած կե­­տում։

Ազատությունն ու Ազատագրումը մեր աշխատանքն են։ Այն չի ավարտվում եր­բեք։ Թող որ մեր նշանաբանը լինի՝ ուրեմն չմոռանանք։

Ումբերտո Էկո
հատված 1995-ին Օկլահոմայում կարդացած «Հավերժական ֆաշիզմ» դասախոսությունից

թարգմանությունը հրապարակվել է 2008 թվականին՝  «ա-ակտուալ արվեստ» ամսագրի 6-րդ համարում:* Նյութի վերնագիրը և լուսինե թալալյանի գործը՝ «Արտերիա»-ից

* ուռ – նախասկզբնական, ակունքային, այդու՝ հավերժ։