Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Կառավարությունից հայտնում են, որ նրանք անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։
Հաղորդման համաձայն՝ «ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից»:
Խորհրդական Սալիվանը, նույն աղբյուրի համաձայն, բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:
Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:
Հիշեցնենք, որ Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»: Արդեն օրեր շարունակ Հայաստանի սահմանամերձ տարածքներում, ուր, ըստ Երևանի, ներթափանցել են ադրբեջանցի զինվորականները, բանակցություններ են ընթանում։ Դրանց մասնակցում է նաև ռուսական կողմը։ Հայաստանն դիմել է ՀԱՊԿ և աջակցություն հայցել անձամբ Վլադիմիր Պուտինից։
Ռուսական կողմը՝ ի դեմս ԱԳՆ-ի, այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակի շուրջ «կրքեր բորբոքելու» պատճառ չկա․ «[Կողմերը] հանգիստ նստել և քննարկել են, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը: Մեզ խնդրեցին օգնել, մեր զինվորականները օգնեցին, համաձայնությունն իրագործված է․․․»։ Խոսվել է նաև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործում աջակցելու պատրաստակամության մասին։