Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկի կողմից չորսամյա տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ըստ ՔԿ-ի, 4-ամյա երեխային, որն ի ծնե ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիր, 2021թ. մարտի 17-ին ծնողները տարել են «Նորք Մարաշ» մանկական սրտաբանական կլինիկա՝ հետազոտության:
Նշված օրը երեխան անհանգիստ է եղել և կենտրոնում չի ենթարկվել բժշկին ու մորը: Բժիշկը, երեխային հանդարտացնելու և հանգստացնելու նպատակով, դիտավորությամբ ապտակել է նրան՝ «պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս՝ դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքի ձևով»:
Բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն` չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: