Մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք, հայտնում է ոստիկանությունը:
Ըստ մամուլի՝ խոսքը հանրապետական Գագիկ Բեգլարյանի մասին է, ով մինչև հեղափոխություն տնօրինել է կապի և տրանսպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Կենտրոնի թաղապետարանի բյուջեները։
«Զվարթնոց» օդանավակայանից նրան տեղափոխել են «Երևան» քրեակատարողական հիմնարկ՝ «ԱԱԾ մեկուսարան»։
Նախօրեին հայտնի դարձավ, որ 4-ամսյա կալանքից ազատ կարձակվի զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը, որը հայտնի է «Պատրոն Դավո» մականունով։ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը նրան կալանավորելու մասին։
Դավիթ Գալստյանը կալանավորվել է փետրվարի 2-ին։ Ըստ ԱԱԾ-ի, նրա ղեկավարած ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։