Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանի Դմանիսի քաղաքում տեղի ունեցած սվան-ադրբեջանական բախումներից հետո իրավիճակը կայունացել է։ Տեղանքում շարունակում են հերթապահել ոստիկանական լրացուցիչ ուժեր։
Բախումները, հիշեցնենք, սկսվել էին կիրակի՝ քաղաքի սվան բնակչության և ադրբեջանցիների միջև այն բանից հետո, երբ ադրբեջանցի մի խանութպան հրաժարվել էր գումարն ավելի ուշ տալու պայմանով գարեջուր վաճառել մի խումբ սվան երիտասարդների։ Մի քանի տասնյակ սվաններ հարձակում էին գործել խանութի վրա, ինչին ի պատասխան՝ ադրբեջանցիները մահակներով դուրս էին եկել ցույցի։ Իրադարձություններն արագ վերաճել էին զանգվածային բախումների և ծեծկռտուքի։
https://youtu.be/3Fr7V64dRf8
Երկուշաբթի տեղի ոստիկանությունն անցակետեր էր ստեղծել քաղաքի բոլոր մուտքերի մոտ, որպեսզի կանխարգելի երկու խմբերի աջակիցների մուտքը քաղաք։ Մի քանի հոգի նույն օրը բերման էր ենթարկվել։ Դմանիսի էին ժամանել նա Պետանվտանգության ծառայության տնօրեն Գրիգոլ Լիլուաշվիլին և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։
«Ադրբեջանցիները նախևառաջ մեր երկրի քաղաքացիներն են։ Մենք դարերով կողք-կողքի ենք ապրել։ Բացի այդ, Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, մեր հարևանն է։ Մենք բարեկամներ ենք, ուստի չպետք է թույլ տալ, որ կենցաղային բռնության թեման ի վերջո վերածվի էթնիկ հակամարտության», – հայտարարել էր Գոմելաուրին։ Վերջինս ընդունել էր, որ ի սկզբանե Դմանիսի ուղարկված ոստիկանական ուժերը բավարար չեն եղել խնդիրը լուծելու համար։
Մի շարք ընդդիմադիր գործիչներ ու քաղհասարակության ներկայացուցիչներ քննադատել էին իշխանության արձագանքը բախումներին, կոչ անելով ավելի մեծ ոստիկանական ուժեր ուղարկել քաղաք։
Վրաստանում բնակվող մի շարք ադրբեջանցիների պնդմամբ՝ մոտ 30 տարի առաջ Քվեմո-Քարթլիում վերաբնակեցված սվանների և տեղաբնակ ադրբեջանցիների միջև լարվածություն միշտ է եղել․
«Ազգային փոքրամասնությունները Վրաստանի տարածքում պարբերաբար բախվում են նման իրավիճակների, երբ կենցաղային կոնֆլիկտը արագորեն վերաճում է ազգամիջյանի․․․Դմանիսիում ծագած հակամարտության պատճառն այն է, որ այստեղ բնակվող սվանները գնումներ են կատարում ադրբեջանցիներին պատկանող խանութներում, սակայն դրանց դիմաց չեն վճարում։ Նման դեպքերը բազմիցս կրկնվում են՝ ի վերջո վերածվելով զանգվածային հակամարտության», Turan.az-ի հետ զրույցում նշել է Վրաստանում բնակվող ադրբեջանցի իրավապաշտպան Սամիրա Բայրամովան։