2020 թվականի վերջին քառամսյակի դրությամբ Վրաստանի աշխատունակ բնակչության ուղիղ կեսը աշխատանք չունի կամ աշխատանք է փնտրում, գրում է JamNews-ը։
Կայքի հաղորդմամբ՝ անցյալ տարվա վերջին քառամսյակում գործազրկությունը երկրում աճել է 3․8%-ով՝ հասնելով 20․4%-ի։ Աշխատողների ընդհանուր թիվը նվազել է ևս 79 000-ով։
Սա 2018 թվականի առաջին քառամսյակից ի վեր գործազրկության ամենաբարձր ցուցանիշն է Վրաստանում։ Ըստ երկրի Ազգային վիճակագրական վարչության տվյալների՝ անցյալ տարվա վերջին ամիսներին աշխատելու ցանկություն հայտնել է հարցված կանանց 39․5-ը և տղամարդկանց 62 տոկոսը։
Վրաստանի տնտեսությունն անցյալ տարի կրճատվել է 6․1%-ով։ Սա ռեկորդային անկում է անցյալ 26 տարիների կտրվածքով։ Տնտեսության վերջին նման խոշոր անկումը տեղի էր ունեցել 2008 թվականի օգոստոսին և պայմանավորված էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամով ու Ռուս-վրացական պատերազմով։ Այն ժամանակ անկումը 3․65 տոկոս էր կազմել։
Տնտեսական ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառը Կորոնավիրուսի համավարակն ու դրա հետ կապված սահմանափակումներն են։ Անցյալ տարվա նոյեմբերից ուժի մեջ մտած խիստ սահմանափակումները փետրվարից սկսել են մեղմացվել․ բացվում են դպրոցները, շուկաները, անգամ որոշ ռեստորաններ, սկսել է աշխատել հասարակական տրանսպորտը, մեղմացվել են նաև երկիր մուտք գործելու հետ կապված սահմանափակումները։ Պարետային ժամը, այնուամենայնիվ, դեռ գործում է, իսկ ոչ աշխատանաքային օրերին փակ է ամեն ինչ, բացի մթերային խանութներից ու դեղատներից։