Ինքնասպանության դեպքերի վիճակագրությունը Ճապոնիայում ավելի արագ ու ճշգրիտ է կազմվում, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։ Այստեղ զեկույցներն ամենամսյա են, և անհամեմատ ավելի հեշտ է տեսնել դրանց կախումը տարատեսակ հանգամանքներից, օրինակ՝ կորոնավիրուսի համավարակից։
2020 թվականին՝ վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ, Ճապոնիայում ինքնասպանությունների ընհանուր թիվն աճել է, ընդ որում տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը նվազել ա, կանանց շրջանում՝ աճել շուրջ 15 տոկոսով։
Միայն հոկտեմբերին Ճապոնիայում կանանց ինքնասպանությունների թիվը 70 տոկոսով գերազանցել է անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշը։
Ի՞նչ է կատարվում, և ինչո՞ւ է համավարակն ավելի մեծ ազդեցություն ունենում հենց կանանց վրա։
Ինքնասպանությունների կանխարգելմամբ զբաղվող և ինքնասպանության հակում ունեցող անձանց հոգեբանական օգնության տրամադրող Bond Project ճապոնական կազմակերպության հիմնադիր Ջուն Տաչիբանան պատմում է առանց այն էլ խոցելի վիճակում գտնվող անձանց խնդիրների մասին։
«Հաճախ զանգում ու ասում են «Ուզում եմ մեռնել», «Չգիտեմ ինչ անել», «Այնքան ցավալի է, այնքան միայնակ եմ, որ ուզում եմ անհետանալ» և այլն», – պատմում է Տաչիբանան՝ նշելով, որ հատկապես անելանելի իրավիճակում են հայտնվել ֆիզիկական և սեռական բռնության ենթարկվող կանայք. «Վերջերս մեզ մի աղջիկ էր դիմել, ում հայրը սեռական ոտնձգությունների է ենթարկում։ Համավարակի պատճառով հայրն անհամեմատ ավելի քիչ է աշխատում ու ավելի շատ ժամանակ է անցկացնում տանը»
«Շատ անսովոր» սցենար
Ճապոնիայի նախկին ճգնաժամային իրավիճակները, օրինակ՝ 2008-ի ֆինանսական ճգնաժամը կամ 1990-ականների անշարժ գույքի շուկայի կոլապսը, առավել նկատելի հոգեբանական ազդեցություն էին ունենում տղամարդկանց վրա։ Այդ ժամանակաշրջանների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ֆինանսական ճգնաժամերի և տղամարդկանց ինքնասպանությունների միջև հստակ համահարաբերակցություն կա։
Համավարակը, սակայն, միանգամայն այլ պատմություն է։ Այն վերաբերում է գրեթե բոլոր տարիքային խմբերի մարդկանց, հատկապես՝ երիտասարդ կանանց։ Այս երևույթը բազմաշերտ բացատրություն ունի։
Մի ժամանակ զարգացած երկրների ցանկում ամենաբարձր ինքնասպանությունների ցուցանիշը գրանցվում էր հենց Ճոպոնիայում։ Վերջին տասնամյակում երկրի իշխանություններին հաջողվել է այդ ցուցանիշը կրճատել շուրջ երեք անգամ։
Ինքնասպանությունների գծով փորձագետ Միչիկո Ուեդան Բի֊բի֊սի֊ին պատմել է, որ այս անգամ կանանց շրջանում ինքնասպանությունների կտրուկ աճը գրանցվել է արտասովոր սցենարով։
«Այս թեմայով հետազոտություններով զբաղվելու իմ ողջ կարիերայի ընթացքում երբևէ նման զգալի աճ չէի տեսել։ Պանդեմիայի յուրահատկություններից է այն, որ կարանտինային սահմանափակումներից առավելագույնս տուժում են հենց այն ոլորտները, որոնցում զբաղվածության մեծ չափաբաժին ունեն կանայք․ զբոսաշրջային բիզնես, մանրածախ առևտուր, սննդային արտադրություն»
Բացի այդ, հատկանշական է, որ Ճապոնիայում տարեցտարի մեծանում է չամուսնացած և մենակ ապրող կանանց թիվը։ Այդ կանանց ճնշող մեծամասնութունը, սակայն, ոչ կայուն զբաղվածություն ունի։
«Կանանց մեծ մասն ամուսնացած չէ և չունի երկարատև աշխատանք։ Զբաղվածության ոլորտի տատանումներից ամենաշատը տուժում են հենց նման ոչ կայուն աշխատանք ունեցող և ամսական եկամտից առավելագույն կախվածության մեջ գտնվող կանայք»։
Հատկապես ողբերգական էր 2020 թվականի հոկտեմբերը։ Միայն այդ ամսվա ընթացքում ինքնասպանություն է գործել 879 կին։ Այս թիվն ավելի քան 70 տոկոսով գերազանցում է 2019 թվականի հոկտեմբերի նույն ցուցանիշը։
Տեղական լրատվամիջոցները հաճախ էին համեմատականներ անցկացնում ինքնասպանությունների ընդհանուր թվի (կանայք և տղամարդիկ) և կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների թվի միջև․ հոկտեմբերին Ճապոնիայում ինքնասպանություն է գործել 2199 մարդ, քովիդից մահացել է 2087-ը։
Հայտնի մարդկանց ֆենոմենը
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան էր եղել հայտնի դերասանուհի Յուկո Տակեուչին։
Նախկին լրագրող, ներկայումս ինքնասպանությունների հետ կապված խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության հիմնադիր Յասույուկի Սիմիձուն պատմում է, որ հանրահայտ դերասանուհու ինքնասպանությունից հետո երկրում ինքնասպանությունների էլի ավելի ուժգին ալիք է սկսվել։
«Որևէ հայտնի մարդու ինքնասպանության մասին լուրի տարածումից հետո երկրում ինքնասպանությունների թիվն ավելանում ու այդ մակարդակին է մնում ավելի քան տասը օր։ Սեպտեմբերի 27-ին Տակեուչիի մահվանը հաջորդած տասը օրերի ընթացքում ինքնասպան է եղել 207 կին։ Հանրահայտ դերասանուհու մահվանից հետո նրա տարիքային խմբի՝ 40-50 տարեկանների շրջանում ինքնասպանության ցուցանիշն աճել է ավելի քան երկու անգամ»։
Հայտնի մարդկանց ինքնասպանություններին հաջորդող սուիցիդալ ալիքի միջև կապի մասին ահազանգում են նաև այլ փորձագետներ։
Այս երևույթը զուտ Ճապոնիային բնորոշ ֆենոմեն չէ։ Հանրահայտ մարդկանց ինքնասպանության մասին տեղեկությունները հանրայնացնելն ամբողջ աշխարհում խնդրահարույց է համարվում։ Որքան շատ են այդ մասին լուրերը շրջանառվում սոցիալական ցանցերում, այնքան մեծ է լինում դրա ազդեցությունը այլ, խոցելի վիճակում գտնվող անձանց վրա, հատկապես՝ առաջին օրերին։