Ոմանք աշխարհի մասին իրենց պատկերացումը դավադրության տեսություններով են կառուցում։ Դրանք հաճախ հիմնվում են բնագիտական տեսանկյունից տարօրինակ ու անհեթեթ պնդումների վրա․ Երկիր մոլորակը հարթ է, մարդկանց գործողությունները կառավարվում են սողունանմանների (ռեպտիլոիդների) կողմից, կորոնավիրուսի համավարակը հորինել են բոլորին չիպավորելու համար։ Ինչո՞ւ են մարդիկ սրան հավատում։ Ի՞նչն է ստիպում սեփական խնդիրների բացատրությունը փնտրել ինչ֊որ իշխանական խմբերի համագործակցությունների մեջ։ Այս մասին ՊոստՆաուկային պատմել է դավադրության տեսությունների հետազոտող Իլյա Յաբլոկովը։
2016 թվականի նոյեմբերի սկզբներին՝ ամերիկյան նախագահական ընտրությունների նախօրեին, Wikileaks-ը հրապարակել էր Հիլարի Քլինթոնի շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի և Comet Ping Pong պիցերիայի սեփականատեր Ջեյմս Ալեֆանտիսի նամակագրությունը։ Ինտերնետ օգտատերերը շաբաթներ շարունակ ակտիվորեն քննարկում էին Comet Ping Pong-ի և Ամերիկայի Դեմոկրատական կուսակցության միջև հնարավոր բոլոր փոխհարաբերությունները։ Ի վերջո անսպասելի եզրահանգման եկան․ պիցերիան, իրականում, երեխաների վաճառքով զբաղվող պեդոֆիլների հանցավոր խմբավորման շտաբն է։
Ընտրություններից օրեր առաջ այս պատմությունն ակտիվորեն շրջանառվում էր ծայրահեղ աջերին պատկանող կայքերում։ Սոցիալական ցանցերում դավադրության այս տեսության կողմնակիցները զանգվածային արշավ էին սկսել՝ #pizzagate հեշթեգով։ Ալեֆանտիսն ու պիցերիայի մյուս աշխատակիցները սպառնալիքներ էին ստանում, իսկ ոստիկանությունը ոչինչ անել չէր կարողանում։ Արդյունքում, 2016 թվականի դեկտեմբերին 28-ամյա զինված տղամարդը ներխուժեց Comet Ping Pong-ի մասնաճյուղ՝ երեխաների վաճառքի գործն «ինքնուրույն քննելու» նպատակով։ Դավադրական շշուկներն, այսպիսով, կարճ ժամանակում իրական բռնության վերաճեցին։
Դավադրության տեսություններն ու դրանց հեղինակները
Ինչպե՞ս ստեղծել դավադրության տեսություն։ Բարդ չէ․ այդ տեսությունները կայուն կառուցվածք ունեն (լավ օրինակներ կարելի է գտնել Դեն Բրաունի գրքերում)։ Որպես կանոն, դավադրության տեսություններում մեկ կամ մի քանի իրական փաստեր կան, որոնք ուղեկցվում են այլ՝ օդից վերցրած կամ խեղաթյուրված փաստերով ու հորինվածքներով։ Ապացույցի լավագույն ձևը հակառակորդին հնարավորինս մեծ թվով հղումներով ճնշելն է։ Պատմաբան Ռիչարդ Հոֆշտադտերը, ով դավադրության տեսությունների առաջին հետազոտողներից էր, այս հնարքն անվանել է «մահ հղումից»։
Դավադրության տեսությունը շրջակա իրադարձությունների ընկալման սպեցիֆիկ ձև է, որի շրջանակներում, հաճախ, տեղի ունեցածը ներկայացվում է որպես ինչ-որ ուժերի կողմից ծրագրված գործողություն․ ինտերպրետացիա, համաձայն որի, աշխարհն աշխատում է մարդկանց որոշակի խմբի գաղտնի համաձայնության շնորհիվ։ Դա հիպոթեզ է, այսինքն վարկած, պնդում, որ նման բան հնարավոր է։ Գիտական և դավադրական հիպոթեզների տարբերությունն այն է, որ դավադրությունների դեպքում վարկածը հեղինակի կողմից որպես աքսիոմին մոտ պնդում է դիտարկվում։ Իրավիճակը, երբ դավադրության տեսությանը հավատացող մարդն այն սխալական է համարում, խիստ հազվադեպ երևույթ է։
Այսպիսի տեսությունների գաղտնի համագործակցության մեջ, սովորաբար, մարդկանց խումբ է մասնակցում (տեսությանը հավատացողների կարծիքով)։ Հանդիպում են նաև մեկ անձի կազմակերպած դավադրություններ, ինչպես օրինակ լեգենդը, ըստ որի Բիլ Գեյթսը փորձում է բոլորին չիպավորել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատրվակով։ Այս դեպքում էլ, սակայն, խոսքը Գեյթսի ողջ թիմի մասին է։
․․․Մարդիկ, ովքեր յուրօրինակ գիտելիք ունեն, նոր բան են հասկացել և ստիպում են ուրիշներին հանել վարդագույն ակնոցներն ու տեսնել ճշմարտությունը, քիչ են։ Նրանց պետք է դիտարկել առաջնորդին բնորոշ հատկությունների պարադիգմայում (leadership studies)։ Հարկ է նաև նկատել, որ ինչ-որ տեսակի ունիկալ հայեցակարգի հեղինակը լինելը կամ դրան տիրապետելը դրական քայլ է նաև իմիջմեյքինգի տեսանկյունից։ Դեյվիդ Այքը, օրինակ, հիմնել է ռեպտիլոիդների տեսությունը, որի հետևորդներն այնքան են վնասել 5G աշտարակները, որ մի շարք երկրներում այժմ դրանց մոտ շուրջօրյա ոստիկանական հերթապահություն է իրականացվում։ Համարձակություն է պետք նման ոչ միանշանակ տեսությամբ հանդես գալու և այն մարդկանց հասցնելու համար։ Դա նաև անձնական ռեալիզացիայի պահ է, լսելի լինելու և հայտնի դառնալու անհրաժեշտություն, կարիք։
Դեյվիդ Այքը ծագումով անգլիացի նախկին ֆուտբոլիստ և սպորտային մեկնաբան է։ Ներկայումս առավել հայտնի է որպես գրող, հռետոր և տեսաբան, ով իր կյանքը նվիրել է «ով է իրականում կառավարում աշխարհը» հարցի պարզաբանմանը։ Դեյվիդն այս թեմայով տասնյակ գրքեր է հեղինակել։ Նրա պնդմամբ, Տիեզերքը բաղկացած է նույն տարածության մեջ գտնվող անվերջ թվով չափումներից, իսկ մարդկության զարգացումն ամբողջությամբ այլմոլորակային ռասայի՝ ռեպտիլոիդների (սողունանմաններ) ձեռքում է։ Հենց Դեյվիդ Այքն է այն տեսության հեղինակը, համաձայն որի կորոնավիրուսը կարող է տարածվել 5G աշտարակների միջոցով։ Նա ակտիվորեն զբաղվում է իր տեսությունների տարածմամբ, դասախոսություններ է կազմակերպում աշխարհի տարբեր ծայրերում։
Դավադրության տեսությունների պատմությունը
Մարդաբանների կարծիքով, դավադրության տեսություններ միշտ էլ եղել են և դրանք էվոլյուցիոն պրոցեսի մաս են կազմում։ Իհարկե տարբեր ժամանակներում այդ տեսությունները տարբեր կերպ են կիրառվել։ Հետազոտություններ կան դեռևս Անտիկ ժամանակներում շրջանառվող դավադրության տեսությունների մասին։ Հին Հունաստանում, օրինակ, այդ տեսություններն օգտագործվում էին ինչ-որ մեկի հեղինակությունը կասկածի տակ դնելու կամ ինչ-որ կոնկրետ սոցիալական խմբի նկատմամբ վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Հռոմեական կայսրությունում էլ նույնատիպ իրավիճակ էր․ կարելի է հիշել քրիստոնյաների վերաբերյալ տեսությունները։
Միջին դարերում Եվրոպայի և Անգլիայի բնակչության շրջանում հակասեմական տրամադրություններ էին։ Հայտնի է, որ առաջին արյան զրպարտանքը բրիտանական Նորիջ քաղաքում է եղել։ Տեղացիներին անհանգստացնում էր հրեական համայնքի պահվածքը։ Մտահոգությունների հետևում, իհարկե, քաղաքական, ֆինանսական, սոցիալական և անգամ մշակութային կոնֆլիկտներ կային։ Դավադրության տեսություններն, առհասարակ, առանց հակամարտության չեն ստեղծվում։
Հին դավադրության տեսություններից է նաև վհուկների ու սատանայի մասին տեսիլքները, որ իբրև թե հաճախ ունենում էին միջնադարյան հոգևորականները։
Կրոնական բանականությունն, առհասարակ, կրկնում է դավադրականի տրամաբանությունը։ Որևէ տեսակի կրոնական խմբավորումների արմատական հետևորդներին բնորոշ է ամենատարբեր իրավիճակներում դավադրություններ փնտրելու մոլուցքը (այս դեպքում, սակայն, եթե դու հավատում ես ինչ֊որ բանի և կրոնական ես, դա դեռ չի նշանակում, որ դու դավադրության տեսաբան ես)։
Պատմաբանները համոզիչ ապացույցներ ունեն այն բանի, որ Միջին դարերում դավադրության տեսությունները շշուկների մակարդակից անցում էին կատարել սովորական քաղաքական մտքի ձևի։ Պատճառն այն էր, որ աստվածայինն արդեն դուրս էր գալիս միջնադարյան մարդու կյանքից, ամեն ինչ սեկուլյար ու հասկանալի էր դառնում։ Ուշ Միջնադարում քաղաք-պետությունների (հատկապես՝ իտալական) ղեկավարների նամակագրություններում կարելի է տեսնել, որ այնտեղ, որտեղ նախկինում հղվում էին աստվածային կանխատեսումներին, այժմ հայտնվել է «շահեր» հասկացությունը։ Նոր կատեգորիաներով մտածելու հնարավորություն է ստեղծվել․ արդեն ոչ թե Աստված կամ սատանան են միջամտում իրենց կյանքին, այլ հասարակ մարդկային շահերը։ Մարդիկ սկսել էին գիտակցել, որ հակառակորդը կարող է առաջ տանել իր սեփական շահը՝ նաև քաղաքական դավադրությունների միջոցով։
Ժամանակակից դավադրության տեսությունների օրինակներ
― Քենեդիի սպանությունը
Դավադրության տեսություններում այլմոլորակայինների ու սողունանմանների առկայությունն ամենևին էլ պարտադիր չէ։ Դիտարկենք ժամանակակից ամերիկյան դավադրության տեսություններից ամենավառը՝ Ամերիկայի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունը։ Ըստ պաշտոնական վարկածի, սպանության մեղավորը Լի Հարվի Օսվալդն է։ Դավադրությունների համաձայն, սակայն, Օսվալդը միայնակ չի գործել։ Ոմանք պնդում են, որ նրան օգնել են խորհրդային հատուկ ծառայությունները, մյուսները համոզված են, որ սպանության մեջ ներգրավված են Կուբայից ժամանած գաղթականները և այլն։ Այս ամենատարբեր վարկածների վերաբերյալ հարյուրավոր վավերագրական ու պսևդովավերագրական ֆիլմեր են նկարահանվել։
― «Գաղտնի կառավարություն»․ սողունանմաններ
Դավադրության տեսություն, համաձայն որի, աշխարհը կառավարում են այլմոլորակային ծագման ռեպտիլոիդները։ Այս տեսության կողմանակիցները որպես ապացույց ընդունում են այնպիսի անհեթեթ մանրուքներ, ինչպիսիք են Օբամայի «տարօրինակ ականջը», Ջասթին Բիբերի «սովորականից ավելի երկար աչք թարթելը», Վիկտորիա թագուհու տոհմի «կասկածելի երկարակյացությունը»։
Դավադրության այս տեսության գաղափարաբան Դեյվիդ Այքի դասախոսությունները կազմկերպվում են աշխարհի խոշորագույն ստադիոններում։ Այքը, սակայն, նախքան սողունանմաններին անցնելը պատմում է էլիտաների՝ հասարակ մարդկանց վրա ունեցած բացասական ազդեցությունների մասին։ Իրական հանցագործությունների ու քաղաքական հնարքների օրինակներ է բերում։ Եվ երբ այդ իրական դեպքերը լսելուց հետո լսարանն արդեն որոշակի վստահություն է ունենում հռետորի նկատմամբ, Այքը հայտարարում է, որ այդ էլիտաների ներկայացուցիչներն իրականում մարդիկ չեն։ Երկար ու բազմանշանակ դադարից հետո Այքը սկսում է պատմել նրանց այլմոլորակային ծագման մասին։
― «Գիտնականները թաքցնում են»․ հարթ Երկրի տեսությունն ու պատմության խեղաթյուրումը
Այս տեսությունը փորձագիտական կարծիքներին ու գիտնականների չվստահելու մասին է։ Այս վարկածի հետևորդները կարծում են, որ տիեզերաբանական հետազոտություններով զբաղվող գիտնականները հանցավոր համաձայնության են եկել և նպատակաուղղված թաքցնում են ճշմարտությունը Երկրի իրական տեսքի մասին։ Հարթ Երկրի մասին դավադրության տեսության մոլի երկրպագուներից մեկը վերջերս ինքնաշեն հրթիռով փորձել էր տիեզերք թռչել՝ Երկրի հարթության մասին ապացույցներ ձեռք բերելու համար։ Հրթիռը թռիչքին չէր դիմացել ու ընկել էր։
Գիտության նկատմամբ անվստահության հիման վրա ստեղծված դավադրություններից է նաև պատվաստանյութերի դեմ պայքարը։ Այս դեպքում մարդիկ չեն վստահում ո՛չ գիտնականներին, ո՛չ փորձագետներին, և ո՛չ էլ պատվաստվելու ագիտացիայով զբաղվող պետական կառույցներին։
Ովքեր են հավատում դավադրության տեսություններին
Ինչ֊որ մակարդակներում դավադրության տեսություններին հավատում են գրեթե բոլորը։ Դրանք տարածում են հիմնականում սոցիալապես և ֆինանսապես ոչ բավարար ապահովված մարդիկ, ովքեր հիմնականում ավելի ոչ որակյալ մթերքներ են սպառում։ Նրանց համար դավադրական կոնցեպցիաներին հավատալն ու տարածելը սեփական անվտանգությամբ անհանգստանալու ձև է, խնդիրներից խոսելու ինքնատիպ հաթակ։
Կա որոշակի համահարաբերակցություն դավադրության տեսություններին հավատալու և կրթվածության աստիճանի միջև։ Այդ հարաբերակցությունը, սակայն, վերջին տարիներին կտրուկ փոփոխվել է։ Նախկինում հետազոտողները կարծում էին, որ ինչքան ավելի վատ կրթություն է ստացել մարդը, այնքան ավելի մեծ է նրա՝ դավադրություններին հավատալու հավանականությունը։ Ավելի ժամանակակից հետազոտությունները հաստատում են, որ կրթության ու դավադրությունների կողմնակից լինելու կապն այդքան էլ ուղիղ չէ։ Այդպիսի տեսություններին հավատացող մարդիկ կարող են միջին և անգամ բարձրագույն կրթություն ունենալ։ Հազվադեպ են հանդիպում մարդիկ, ովքեր մագիստոսական կամ դոկտորական աստիճան ունեն։ Այստեղ, իհարկե, կարևոր են նաև բնակության երկիրն ու կրթության որակը։
Դավադրության տեսություններին հաճախ հավատում են մարդիկ, ովքեր սովորություն ունեն կարևորագույն հարցերի մասին կարծիք կազմել՝ հիմնվելով այլ մարդկանց դատողությունների վրա։ Նրանք ֆորումներ ու բլոգեր են կարդում, գիտական բարդ աշխատությունների փոխարեն կարդում են դրանց մասին պարզ լեզվով գրված գրախոսականները։ Այսպիսի «հետազոտություններով» զբաղվող մարդիկ ավելի մեծ հակվածություն ունեն դավադրություններին հավատալու, քան չկրթված կամ վատ կրթություն ունեցողները։ Դավադրության տեսությունները նրանց հնարավորություն են տալիս մասը զգալ տրամաբանական թվացող պնդումների շարքի, որը բարդագույն խնդրի պարզ մեկնաբանություն է առաջարկում և հնարավորություն տալիս դրանք հասկանալու համար օգտագործել սեփական գիտելիքներն ու ունակությունները։