Խորհրդային գաղափարախոսության կարևորագույն մասն էր կազմում պետական աթեիզմը։ Կոմունիստական կուսակցությունն ավիրում էր եկեղեցիները, հետապնդում հոգևորականներին ու համատարած հակակրոնական պրոպագանդա իրականացնում։ Պատմաբան, կրոնի հետազոտող, Ուեսլեյան համալսարանի պրոֆեսոր Վիկտորիա Սմոլկինն իր «Սուրբ տեղը դատարկ չի լինում․ խորհրդային աթեիզմի պատմությունը» գրքում պատմում է, թե ինպես և ինչու խորհրդային իշխանություններին այդպես էլ չհաջողվեց ստեղծել աթեիստական հասարակություն։
Գրքի որոշ հատվածների թարգմանությունը՝ ստորև։
Աստվածաշունչ տիեզերագնացների համար
Մարքսիստ-լենինիստական ուսմունքը սահմանում էր աշխարհի մատերիալիստական հղացքի հիմնական ուրվագծերը, բայց պրոպագանդայի սահմաններից դուրս նյութականի ու հոգևորի, աշխարհիկի ու սրբազանի հարաբերակցությունն անհամեմատ ավելի բարդ էր։ Կրոնական տիեզերաբանությունը մերժելով, աթեիզմի խորհրդային տեսաբանները պետք է պարզեին, թե արդյոք գիտական մատերիալիզմը՝ բնական աշխարհի կառուցվածքի գաղտնիության շղարշը մերկացնելով, կկարողանա մոբիլիզացնել այն էնտուզիազմն ու հավատը, որը նախկինում իր օգտին էր ծառայեցնում կրոնը։ Չնայած մարքսիզմ-լենինիզմը սովորաբար մեկնաբանվում էր որպես մետաֆիզիկայի մերժում, աթեիզմի տեսաբանները համոզվել էին, որ իրենց՝ կրոնից ժառանգած խնդիրները հավասարապես փիլիսոփայական և գիտական բնույթ ունեն։ Խորհրդային աթեիզմի խնդիրը հետևյալն էր․ արդյոք գիտական մատերիալիզմը կկարողանա յուրացնել հոգևոր բաղադրիչը՝ շարունակելով մնալ գիտական և մատերիալիստական։
Գիտական աթեիզմի տարածան ընթացքում պարզ դարձավ, թե պրոպագանդիստների մեծամասնությունն ինչ աստիճանի չի տիրապետում կրոնի մասին բազային գիտելիքների, ինչն էլ հենց խոչընդոտ է դառնում թիրախային լսարանին հասնելու ճանապարհին։ Իսկապես, պրոպագանդիստների հասցեին հնչող ամենատարածված նախատինքն այն էր, որ նրանք չափազանց մեծ ջանքեր են ներդնում անհավատների շրջանում քարոզչության համար՝ չփորձելով բեղուն եկրխոսություն ստեղծել հավատացյալների հետ։ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 1963 թվականին կազմակերված կոնֆերանսի ժամանակ Օսիպովը՝ աթեիզմի կողմն անցած աստվածաբանության դասախոս, ապացուցեց, որ աթեիստական աշխատանքի բարդությունը տարասեռ լսարանին դիմելու ճիշտ տոն գտնելու մեջ է։ Օսիպովը նշեց, որ «առաջնային գծում կռվող յուրաքանչյուր պրոպագանդիստ» ստիպված է գործ ունենալ տարբեր մարդկանց հետ, «ինչպես իմ մոտ էր երեք օր առաջ Կիևում։ Միաժամանակ երկու տեսակի նամակներ են գալիս․ «Ի՞նչ եք մտածում Ֆեյերբախի աթեիզմի մասին» և «Ասացեք, հայր, ի վերջո վհուկներ կա՞ն աշխարհում»։ Այսպիսին է մեր դիապազոնը»։ Իրենց մարտավարությունը վերամտածելով, աթեիզմի խորհրդային պրոպագանդիստները համոզվեցին, որ իրենք կրոնի ու կրոնականության մասին առավել խորը գիտելիքների կարիք ունեն։
Կուսակցական նույն կոնֆերանսի ժամանակ տիեզերագնաց Տիտովը պատմեց, որ հետարքրասեր ունկընդիրներին տիեզերքի մասին պատմելիս, ինքը ևս նմանատիպ խնդրի առաջ է կանգնում։
«Այն, որ երկնքում՝ բոլոր կրոնների սրբերի սրբում, աստծո կացարանում, մարդիկ են եղել, աննկարագրելի տպավորություն է թողնում հավատացյալների վրա, անտարբեր չի թողնում, ստիպում է ևս մեկ անգամ մտածել իրենց հայացների և համոզմունքների մասին։ Շատ հավատացյալների ապշեցնում է այն, որ աստված ոչ մի պատասխան չի տալիս, երբ հասարակ մահկանացուներն իր տիրույթ են ներխուժում, չի բարկանում, այդ «խիզախներին» երկիր չի շպրտում։ Ուզում եմ ձեզ ներկայացնել մի նամակ, որը մեզ ուղարկել էր Կազանի մի 67-ամյա բնակիչ։ Ազգանունը չեմ հիշում։ Նամակում ծերունին գրում էր․ «Ես արդեն 67 տարեկան եմ, գրագետ չեմ, բայց շատ կուզենայի ինձ տիեզերական թռիչքի տանեիք։ Գիտեմ, որ գիտության համար ոչինչ անել չեմ կարող։ Ասում են՝ Աստված չկա։ Հավատում եմ, որ չկա, բայց օր ծերության ուզում եմ համոզվել, որ նա իրոք չկա»»։
Տիտովը դժգոհեց, որ իրեն, ընդհանուր առմամբ, պատրաստված չի զգում աթեիստական աշխատանքի։ Նա խոստովանեց, որ տիեզերագնացները դասախոսություններ կարդալիս որպես կանոն չեն պարզաբանում իրենց տիեզերական առաքելության աթեիստական նշանակությունը, և որ լսարանի հարցերին տված իրենց պատասխանները, օրինակ՝ տեսե՞լ են արդյոք աստծուն տիեզերքում, համոզիչ չեն հնչում հավատացյալների համար։
․․․«Եվ ահա, մենք՝ թռած և դեռ իր թռիչքին սպասող տիեզերագնացներով, խորհրդակցեցինք և հասկացանք, որ ստիպված ենք մեզ համար աստվածաշունչ ճարելու խնդրանքով դիմել Իդեոլոգիայի բաժին։ ․․․Այժմ իմ գրադարանում աստվածաշունչ կա։ Մենք փոխանակվեցինք կարծիքներով, որ գուցե ուսուցման կարգով օդաչու-տիեզերագնացներին պետք է պատմել աստվածաշնչի մասին, որպեսզի նրանք պատկերացում ունենան աստծո և կրոնի մասին»։
Տիտովի՝ տիեզերագնացներին Աստվածաշունչ տրամադրելու պարադոքսալ խնդրանքն ընդգծում է այն, որ աթեիստական քարոզչության արդյունավետության համար, պրոպագանդիստներին բավարար կրոնական գիտելիքներ են հարկավոր։ Լուսավորչական աշխատանքն առաջին պլան էր մղել խորհրդային տիեզերագնացության գիտական նվաճումները՝ առանց մատնանշելու տիեզերքի նվաճման փիլիսոփայական նշանակությունը գիտական աթեիզմի և աթեիստական դաստիարակչության համար։ Հավատացյալների ու եկեղեցու անսպասելի և հակասական արձագանքը գիտական ձեռքբերումներին, ստիպեց աթեիզմի պրոպագանդիստներին վերանայել կրոնի իրենց ընկալումն ու ժամանակակից հասարակության շրջանում կրոնի ապագայի վերաբերյալ պատկերացումները։ Հավատացյալների ու եկեղեցու ռեակցիան նաև ստիպեց կասկածի տակ դնել այն պնդումը, որ գիտությունն աթեիստական պրոպագանդայի ամենաուժեղ գործիքն է։
Ոչ միայն արբանյակով
Ի հակադրություն աթեիզմին անցնելու մասին տիպական պատմությունների, տիեզերքը նվաճելը հավատացյալների վրա այնքան ուղղագիծ ազդեցություն չունեցով, ինչքան պատկերացնում էին աթեիզմի պրոպագանդիստները։ Վերջիններիս զեկույցներում հաճախ անուղղելի սնահատավության դեմ անզորության զգացում էր նկատվում։ Պրոպագանդիստներից մեկը պատմում էր Իրկուստսկի հավատացյալ բնակչուհիներից մեկի հետ երկխոսությունը։ Իմանալով, որ տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա, կինը պատասխանել է․ «Նման բան չի լինի և չի եղել։ Աստված թույլ չի տա կողմնակի մարմին ոտք դնի Լուսնի վրա»։ Հարցին՝ արդյոք նա կհրաժարվի կրոնից, եթե հրթիռն իրոք Լուսին թռչի, կինը նույնը պատասխանեց․ «Նման բան չի լինի և չի եղել»։
Տամբովի մարզի Տրետյի Լևիե Լամկի գյուղում անց կացված կրոնական աշխարհայացքի սոցիոլոգիական ուսումնասիրությունները ևս ցույց են տվել, որ հավատացյալներից շատերը հակասություն չեն տեսնում հավատի և խորհրդային տիեզերական նվաճումների նկատմամբ էնտուզիազմի միջև։ Հիսուներկուամյա Աննա Դոբրիշևան հարցերի մեծ մասին պատասխանում էր․ «Ո՞վ գիտի»։ Մի քանի անգամ բացատրելուց հետո նա այդպես էլ չհասկացավ գիտության ու կրոնի տարբերությունը։ Հետազոտողն իր զեկույցում նշել էր, որ Դոբրիշևան «հավատում է տիեզերական թռիչքներին, բայց ոչ մի կերպ չի հասկանում՝ ինչու չեն հավատում աստծուն և ինչու են հակադրում գիտությունն ու կրոնը»։
․․․Աթեիզմի խորհրդային պրոպագանդիստներին նյարդայնացնում էր այն, որ հավատացյալները՝ անգամ ընդունելով խորհրդային գիտության ձեռքբերումներն ու տիեզերքի նվաճումը, առաջվա պես փորձում են համաձայնեցնել այդ ամենն իրենց կրոնական աշխարհայացքի հետ։
Պրոպագանդիստների կարծիքով, խնդրային էր նաև եկեղեցու հետ կապված իրավիճակը։ Գիտության և կրոնի հարաբերությունների զարգացմանը նվիրած կոնֆերանսի ժամանակ բանախոսներն ընդգծում էին եկեղեցու՝ գիտության հետ «հաշտվելու» և կրոնը ժամանակակից պայմաններին «հարմարեցնելու» փորձերի վտանգավորությունը։ Վլադիմիրի մարզի հոգևորականների քարոզների ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ հոգևորականները կամ ամբողջությամբ ժխտում են տիեզերքի նվաճման աթեիստական նշանակությունը, կամ՝ ավելի վատ, խորհրդային տիեզերական ձեռքբերումների կրոնական մեկնաբանություններ են առաջարկում։
․․․Աթեիզմի շատ պրոպագանդիստներ դժգոհում էին, որ եկեղեցու հետ ավելի բարդ է վիճել, երբ այն հերքում է գիտության ու կրոնի հակադրությունը կամ անգամ իր օգտին է ծառայեցնում գիտական առաջընթացը՝ այն որպես Աստծո կամքի իրագործում ներկայացնելով։ Նման դիրքորոշման համաձայն, Աստված իր ծրագրերը կյանքի է կոչում անգամ անհավատների միջոցով, և եթե անհավատ Գագարինը տիեզերք է թռել, ուրեմն Աստծուն այդպես էր հարմար։ Աթեիզմի խորհրդային պրոպագանդիստներին էլ ավելի շատ անհանգստացնում էր, երբ գիտական նվաճումներին ի պատասխան կրոնականները հստակ գիծ էին անց կացնում նյութականի ու հոգևորի միջև՝ հայտարարելով իրենց «մոնոպոլիան» հոգևոր կյանքի ոլորտում։
Խրուշչովյան ժամանակաշրջանի աթեիստական քարոզարշավը երկրում տարբեր, բայց իրար հետ կապված արդյունքների բերեց։ Մի կողմից, փորձերի ու սխալների մեթոդով աթեիզմի պրոպագանդիստները հասկացան կրոնի էության ու ապագայի վերաբերյալ գաղափարաբանական կանխադրույթների վերանայման անհրաժեշտությունը։ Այն, որ կրոնը համառորեն հրաժարվում է վերանալ – նույնիսկ երբ գիտական առաջընթացն առհասարակ և խորհրդային տիեզերական նվաճումները մասնավորապես, կարծես, մեծ հարված են հասցնում կրոնական տիեզերաբանությանը – բացատրություն և ավելի արդյունավետ մոտեցում է պահանջում։ ․․․Բայց երբ աթեիզմի պրոպագանդիստները փորձում էին հավատին փաստի ուժով հաղթել, բախվում էին մարդկանց, ովքեր նշանակություն չեն տալիս գիտության ու կրոնի հակասություններին, և անգամ ամենատարբեր ու անհավանական ձևերով «հաշտության եզրեր» էին գտնում կրոնական ու գիտական տիեզերաբանությունների միջև։ Մարդկանց աշխարհայացքի ուսումնասիրությունների արդյունքում պրոպագանդիստները հասկացան, որ աշխարհի մասին պատկերացումների լայն դիապազոն կա․ ոչ համակարգային, էկլեկտիկ և դուալիստական, այսինքն, երբ նյութական աշխարհը բացատրելու համար հիմնվում են գիտության վրա, հոգևորը հասկանալու համար՝ կրոնի։ Այս իմաստով հատկանշական են «Ժամանակակից հավատացյալի պատկերացումներն Աստծո մասին» թեմայով 1964 թվականին իրականացված սոցիոլոգիական հարցման շրջանակներում Ուլյանովսկի մարզի բնակչուհի Ուլյանա Լուկինայի պատասխանները։ Հարցին՝ ինչպես են նրա գիտակցության մեջ հարաբերվում Աստծո գաղափարը և Տիեզերքի օրինաչափությունը, Լուկինան պատասխանեց․ «Տիեզերքի մասին դատողություններով չեմ զբաղվում»։ Երբ հարցրեցին տիեզերանավերի թռիչքների մասին, Ուլյանան զարմացավ․ «Թռչում են, հետո՞։ Մի ժանանակ Ուֆայից հազիվ էի այստեղ հասնում, հիմա կարող եմ շաբաթվա մեջ երկու անգամ գնալ։ Աստված այստեղ կապ չունի։ Աստված մեզնից յուրաքանչյուրի մեջ է»։ Հարցին, թե ինչ է նա մտածում հարցման թեմայի մասին առհասարակ, Լուկինան պատասխանեց․ «Ի՞նչ կա մտածելու։ Աստծո հետ ավելի հանգիստ է էլի»։
Աթեիզմի տեսաբաններն առաջվա պես փորձում էին իմաստավորել կրոնական մոդերնիզացիան, քանի որ կրոնի պահպանման պատճառների մասին վարկածները հիմնավոր չէին, իսկ աթեիստական պրոպագանդայի նոր մեթոդները չէին տալիս սպասվող արդյունքը։ Կրոնի էության մասին նոր տեսությունների քննարկումները հանգեցրեցին աթեիստական պրոպագանդայի նոր մեթոդների առաջացմանը, փիլիսոփայությունն ավելի ու ավելի հաճախ էր ընկալվում որպես աթեիտական կարևորագույն գործիք։ Հենց այս տեղաշարժերը ստիպեցին գիտակցել այն տեսաբանական վակուումը, որն առաջացել էր գիտական աթեիզմի և կրոնական աշխարհայացքի մրցակցության արդյունքում։
աղբյուրը՝ N+1