Զղջման տեսություններ
Սոցիոլոգ Միխայիլ Սոկոլովը՝ զղջման տեսությունների, անվերադարձ կորուստների ու անցյալի ճնշման մասին։
1980 թվականից զղջման տեսությունները տնտեսության և հոգեբանության մեջ սկսում են իրարից անկախ զարգանալ։ Դրանք ձևավորվել են պարզ գաղափարի շուրջ․ ընտրելիս, մարդիկ ոչ այնքան փորձում են առավելագույնի հասցնել սպասվող շահումը, որքան ձգտում են նվազեցնել հնարավոր զղջումն այն մասին, թե ինչ կլիներ՝ հակառակ տարբերակն ընտրելու դեպքում։ Տնտեսագետների համար դա հիմնականում այնպիսի մոդել գտնելու փորձ է, որը հնարավորություն կտա բացատրել որոշումների կայացման հետ առնչվող որոշ անոմալիաներ, որոնք հանդիպում էին օրինակ հոգեբաններ Դանիել Կանեմանի ու Ամոս Տվերսկիի փորձարկումներում։ Նրանք նկատել էին, որ մարդիկ ավելի շուտ խուսափում են բացասական ելքերից, քան փորձում են մոտեցնել ցանկալին, չնայած որոշումների նորմատիվ տեսությունը պնդում է, որ տարբերություն պետք է չլինի։ Մարդիկ չեն տարբերում ցածր ու շատ ցածր հավանականությունները և իրենց ոչ ռացիոնալ են պահում տարբեր ձևերով։
Կանեմանն ու Տվերսկին այդ անոմալիաները ներկայացնում են ազդեցությունների ցանկի տեսքով։ Մեծ թվով գիտնականներ փորձում են այս անջատ ազդեցությունները հանգեցնել մեկ պարզ հասկանալի մաթեմատիկական մոդելի։ Առնվազն երեք այդպիսի մոդելներ օգտագործում են այն գաղափարը, որ մարդիկ ոչ այնքան առավելագույնի են հասցնում սպասվող օգուտը, որքան փորձում են խուսափել սխալներից։ Նրանք մտածում են, թե ինչ ցավոտ կլինի գիտակցել, որ իրենք կարող էին ամեն ինչ այլ կերպ անել ու ավելի մեծ շահ ունենալ։ Այս տրամաբանության համաձայն, մարդիկ խաղարկային տոմսեր գնում են ոչ թե շահելու հույսով, այլ պարտվելու վախով։ Ի վերջո, պատկերացրեք ինչ կլիներ, եթե դուք չգնեիք լոտոյի տոմսը, իսկ այն շահող լիներ։ Պատկերացրեք ինչ ցավալի կլիներ․ մի մեծ բան չեք խնայել, բայց այդպիսով ձախողել եք միլիոններ շահելը։ Նման հնարավոր տհաճությունից ապահովագրվելու համար մարդիկ պատրաստ են ծախսել ինչ որ գումար, որը չէին համաձայնի ծախսել զուտ շահելու համար։
Այս ուղղությամբ հոգեբանական փորձարկումները, որոնք մեծ-ամասամբ իրականացվել են հոլանդացի հոգեբան Մարսել Զելենբերգի կողմից մի քանի տասնամյակ շարունակ, ցույց են տալիս, որ մարդիկ շատ հարցերում առաջնորդվում են ենթադրվող զղջմամբ, իսկ շահումը երկրորդական նկատառում է։
Զելենբերգն, օրինակ, հետաքրքիր փաստ է նկատում։ Երկու արկղերի միջև ընտրելիս՝ ինչպես «Պոլե չուձեսի» ժամանակ, մարդկանց տեղեկացնում են, որ եթե Ա արկղն ընտրեն՝ կիմանան Բ-ում ինչ էր․ հաղորդման վերջում երկուսն էլ բացելու են։ Իսկ եթե Բ արկղն ընտրեն՝ այդպես էլ չեն իմանա ինչ կար Ա արկղում։ Նրանք վստահորեն ընտրում են Բ-ն, որովհետև այդ դեպքում երբեք չեն իմանում, ինչ կշահեին Ա-ն ընտրելու պարագայում, չեն կարողանում գնահատել իրենց ընտրության հաջողվածությունը։
Որոշումների հին տեսությունը պնդում էր, որ անհատները կարող են ձգտել խուսափել ռիսկերից։ Իրականում նրանք ոչ թե ռիսկերից այլ զղջումներից են խուսափում։ Որոշ դեպքերում դա հանգեցնում է առավել ռիսկային տարբերակի ընտրությանը, ինչպես խաղարկային տոմսերի դեպքում․ մի կողմից դա հավանականությունների տեսության տեսանկյունից չարդարացված ռիսկ է, մյուս կողմից՝ փոքր գումարի դիմաց մեծ զղջման վտանգից խուսափելու հնարավորություն։
Զելենբերգն ու նրա գործընկերները մի քանի իրավիճակ են ներկայացնում, որոնք կանխավայելվող զղջումն առանձնապես ծանր են դարձնում։ Մարդկանց համար բնութագրական է արածների համար զղջումը, երբ անձնական ընտրություն է տեղի ունեցել։ Օրինակ, եթե բանկատերը գնում է նույն արժեթղթերը, ինչ բոլորը, և գործարքն անհաջող է ստացվում, նա ավելի քիչ է զղջում, քան այն դեպքում, երբ ինքը վատ ներդրում է արել, իսկ ուրիշների ներդրումը հաջողակ է ստացվել։ Առաջին դեպքում գործողությունը անհատական դրոշմ չի թողնում։ Նաև, մարդիկ վախենում են հայտնվել իրավիճակներում, երբ փոքր քայլը մեծ հետևանքներ է ունենում։ Եթե մենք ողջ կյանքում գնացել ենք դեպի մեծ աղետ և ամեն ինչ վատ է ավարտվել․․․ տխուր է։ Բայց դա այնքան վրդովմունք չի հարուցում, որքան կհարուցեր սարսափելի ավարտը, որը հաջորդել է մեր կողմից թուլության փոքրիկ և ոչ բնորոշ արտահայտմանը կամ սխալին։
Այստեղից էլ առաջացել է լրագրողների սիրելի նախաբանը ողբերգական պատմությունների մասին․ «Ամեն առավոտ պրոֆեսոր Իքսը նույն ժամին դուրս էր գալիս համալսարանից։ Նա ըստ ժամացուցակի ապրող մարդ էր։ Բայց այդ օրը ուսանողների պատճառով նա ավելի ուշ դուրս եկավ։ Տարբերությունն ընդհամենը հինգ րոպե էր, իսկ հետևանքները՝ մահացու․ այն պահին, երբ պրոֆեսորն անցնում էր կամրջի վրայով, կամուրջը փլվեց։ Ա՜խ, միայն թե այդ օրն էլ ամեն ինչ սովորականի նման լիներ»։ Լավ սյուժե է։ «Ամեն երեկո պրոֆեսորը ուղիղ ժամը իննին դուրս էր գալիս, իսկ այդ շաբաթ կամուրջը փլվեց նրա անցնելու պահին» տարբերակն արժանի չէ թերթում հայտնվելու համար։ Այն վրդովմունքի զգացում չի հարուցում։
Զելեբերգն իր հետազոտությամբ ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ մանյովրում՝ սեփական գործողությունների հետևանքներն իմանալուց խուսափելու համար։ Հոլանդիայում շատ հարմար փոստային խաղարկություն կար, որը, Զելենբերգի խոսքով, լոտոների մյուս տեսակների մեծամասնությունից տարբերվում էր մեկ առանցքային հատկությամբ․ սովորական խաղարկային տոմսերի դեպքում, մենք այնքան էլ չենք վախենում չգնել տոմսը, քանի որ հետագայում չենք իմանալու՝ շահելու էինք, թե ոչ։ Գուցե և շահեինք, բայց հստակ իմանալ չենք կարող։ Փոստային լոտոյի դեպքում մարդիկ ճշգրտորեն իմանում են, թե ինչ չեն շահել խաղարկությանը չմասնակցելու պատճառով, քանի որ բոլորը լռելյայն մասնակցում են՝ իրենց փոստային կոդով։ Ի վերջո կարող էր պարզվել, որ քո փոստային կոդը հաղթել է, և եթե դու գնած լինեիր մեկ գուլդեն (Ավստրիական կայսրության, գերմանական որոշ պետությունների, շվեյցարական կանտոնների, Նիդերլանդների ու դրա գաղութների երբեմնի դրամական միավորը, խմբ․) արժողությամբ տոմսը, հիմա ավելի հարուստ կլինեիր։ Այդպիսի զղջումից խուսափելու ցանկությունն էլ հենց նպաստում էր խաղարկային տոմսերի վաճառքի հաջողությանը։
Զղջումից խուսափելը հետաքրքիր տեսական խնդիր է։ Սոցիոլոգներն ավանդապես կարծում են, որ մեր մտածողության մեծ մասը կազմում են երևակայական Ուրիշների հետ փոխհարաբերությունները։ Հասարակական հոգեբանության դասական Հերբերտ Միդը պնդում էր, որ մենք ներքնայնացված Ուրիշ ունենք, որը կազմված է հասունացման տարիքում մեզ համար նշանակալի մարդկանց ընդհանրացված ռեակցիաներից, և ինչ որ խնդիրների մասին մտածելիս, մենք այդ Ուրիշին ենք դիմում, պատկերացնում ենք նրա ռեակցիան մեր գործողություններին և ըստ դրա կարող ենք վերաձևավորել գործողությունների ընտրված ուղին։ Օրինակ, մենք այդ Ընդհանրացված Ուրիշի համար կարդում ենք մեր գրած բանաստեղծությունները, որոշում ենք, որ հանգը բանի պետք չի, որոշ բաներ փոխում ենք։ Բայց զղջումից խուսափելու դեպքում մենք հարաբերվում ենք ոչ թե Ուրիշի հետ, այլ ապագա Ես-ի հետ։ Գործողությունները մեր ռեակցիան են ապագա Ես-ի ռեակցիային, որն այդ պահին գոյություն չունի, բայց որի գոյությունը մենք ենթադրում ենք։ Մենք պատկերացնում ենք, թե մեր այդ հնարավոր ապագան ինչպես կզղջա, եթե մենք այլ կերպ վարվենք։
Քիչ հետազոտություններ կան այն մասին, թե որքան իրատեսական ենք մենք այդ ապագա Ես-ը պատկերացնում։ Կանեմանի ու Տվերսկու փորձարկումները ցույց են տալիս, որ մենք այդ ապագա Ես-ին պատկերացնում ենք մեր ներկա դրության որոշ մանրուքների նկատմամբ ոչ զգայուն։ Օրինակ, մենք կարծում ենք, երկու արկղերի միջև ընտրություն կատարելիս սխալվելու դեպքում, հետագայում կզղջանք։ Ընտրության պահին մենք մեզ լիովին ռացիոնալ ենք պահում, քանի որ արկղերը լրիվ նույնն են։ Մենք մտովի վիճակ ենք նետում՝ իմանալով, որ շանսերը 50 50 են։ Բայց մեր ապագա Ես-ը, մեր ենթադրությամբ, միևնույն է բավարարված չի լինի։ Կմոռանա բոլոր նյուանսները, կմոռանա ռացիոնալ ընտրության մասին ու մեզ կասի․ «Ինչ լոխ ես բայց։ Այ եթե մյուսն ընտրեիր․․․ Բա՞րդ էր մյուսն ընտրելը։ Ու միշտ նույն պատմությունն է․․․»։ Իրո՞ք մեր ապագա Ես-ն այդպիսին է։ Իրականում մարդիկ, կարծես, զղջում են ոչ այն բաների համար, ինչ մտածել էին անցյալում։ Մեր կենսական կուրսը ձևավորվում է մտացածին «ուրիշի» հետ փոխհարաբերությամբ, «ուրիշ», որին մենք երբեք իրականության մեջ չենք հանդիպի։
Հաջորդ հետաքրքիր թեման հատումն է՝ ակնկալվող զղջման ու անվերդարձ կորուսների, հասկացություն, որը զարգացվում է կազմակերպման տեսության մեջ։ Օրինակ, անվերադարձ կորուստ է, երբ ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել նախաձեռնության մեջ, որն այլևս գրավիչ չէ ներդրումների համար։ Ասենք պետությունը, որը շարունակում է միլիոնը միլիոնի հետևից գումարներ հատկացնել մարզադաշտի շինարարության համար, որն արդեն ավելի թանկ արժե, քան այն, որը կարող էր կառուցել մեկ այլ կապալառու։ Պատկերացնելու համար, թե ինչքան փող կարելի է անիմաստ ու անվերադարձ ծախսել նման ճանապարհով, բավարար է հիշել Պետերբուրգի աշխարհի առաջնության մասին լուրերը։ Այսպիսի դեպքերում գումարները շարունակելու են ներդրվել, քանի որ հակառակ դեպքում ստիպված կլինեն ընդունել, որ ինչ որ քանակության գումարներ արդեն անհաջող կերպով են ներդրվել։
Այլ օրինակ է միլիտարիստական հռետորաբանության հայտնի փաստարկը․ մենք չենք կարող թույլ տալ, որ մեր որդիների արյունն անիմաստ թափված լինի, դրա համար՝ էլի տղաներ կուղարկենք ու էլի արյուն կթափվի, որպեսզի այս պատերազմը երբեք չավարտվի։
Անվերադարձ կորուստները ակնկալվող ղզջումների ուղիղ շարունակությունն են։ Միայն թե արդեն զղջալ պետք է ոչ միայն բաների համար, որնք պատրաստվում ենք անել, այլ նրա համար, ինչ արդեն արել ենք։ Մեր գործողությունները կազմակերպվում են կուրսերով կամ հաջորդականություններով, որոնցում ամեն հաջորդ փուլը նպատակն է, իսկ նախորդ փուլը՝ միջոցը։ Երբ մենք ինքներս մեզ ասում ենք, որ այլևս չենք շարժվում դեպի այդ նպատակը, բոլոր գործողությունները, որոնք միջոց էին դրա համար, որոնք դրան էին տանում՝ սխալներ են դառնում։ Բայց եթե մենք շարունակում ենք շարժվել նույն ուղղությամբ ու ամեն դեպքում հասնում ենք նպատակին՝ մեր գործողությունները ճիշտ են դառնում։
Անցյալի մեր արարքների ռացիոնալությունը որոշվում է ոչ թե անելու ժամանակ, այլ ներկա պահին։ Այն կախված է մեր այժմյան պահվածքից։ Այդ տրամաբանությամբ առաջնորդվելով, պետությունները շարունակում են զորքերն ուղարկել պատերազմի, որը չարժեր էլ սկսել։ Մարդիկ շարունակում են ապրել նրանց հետ, ում հետ երբեք չէին սկսի ապրել, եթե իմանային, որ ամեն ինչ այսպես է ավարտվելու։ Հո իզո՞ւր չենք այսքան տարի տառապել, որ հիմա բռնենք ու բաժանվենք այսքան տարվա համատեղ տանջանքներից հետո։ Մարդիկ սկսում են աշխատել մասնագիտությամբ, որն ատում են, զուտ որովհետև այդ մասնագիտության գծով են կրթություն ստացել, դիպլոմ ունեն, և այլն։
Մեր յուրաքանչյուր քայլ, գրում է ամերիկացի սոցիոլոգ Հովարդ Բեքերը, խաղերի տեսության եզրույթով ասած՝ քոմիթմենթ է ստեղծում, որը մեզ ստիպում է ավելի ու ավելի խորը ներգրավվել գործողությունների մեր ընտրած կուրսի մեջ։ Եթե ես կրթություն եմ ստացել ինչ որ մասնագիտությամբ, ես չեմ ուզում մտածել, որ այդ ամենն անիմաստ էր, և գնում եմ այդ մասնագիտությամբ աշխատելու։ Եթե սկսել եմ այդ մասնագիտությամբ աշխատել, չեմ ուզում մտածել, որ ամեն ինչ իզուր էր, ու շարունակում եմ աշխատել, որպեսզի դրա վրա ծախսածս տարիներն անօգուտ չհամարվեն։
Այս իմաստով, մեր կյանքի մի շարք բաղկացուցիչներ հիշեցնում են 1990-ականների դասական խարդախությունը․ զոհը շարունակում է փող ներդնել, քանի որ խաղից դուրս գալը կնշանակի, որ բոլոր նախորդ ներդրումներն ու քայլերը սխալմունք են եղել։ Ինչ որ պահից մարդիկ սկսում են առաջնորդվել հրաշքի հույսով․ մի բան կլինի, որի արդյունքում ոչ միայն փողե՛րը հետ կստանան, այլև զգացումը, որ իրենք հենց սկզբից էլ ամեն ինչ ճիշտ են արել։ Ինչ որ ներքին հստակություն կստանան, որից հակառակ դեպքում կզրկվեին, և որի կորուստն ավելի նշանակալի կլիներ, քան դրամականը։
Անվերադարձ կորուստները դիտվում են հասարական կազմակերպման ամենատարբեր ոլորտներում։ Պարտադիր չէ, որ այն պաթոլոգիական բնույթ ունենա։ Մեր կյանքի ընթացքում այդ հաջորդականությունը, որի հետ կապված է զգուշավորությունը, որ եթե կուրսը կտրուկ փոխենք՝ հետո ստիպված կլինենք զղջալ, որ ժամանակին սխալ բանում ենք ներդրում արել, կարող է ի վերջո ավելի շահեկան դուրս գալ մեզ համար։ Բայց կարևոր է հիշել, որ ամեն դեպքում, այն կարող է այդպիսին չլինել։
Մյուս կողմից, հատկապես ժամանակակից հասարակություններում, որոնք չափից դուրս հնարամիտ են ամեն ինչ նպատակահարմար ռացիոնալ հաջորդականությունների վերածելու գործում, մենք պատասխան ռեակցիաներ ենք գտնում, այնպիսի ինտիտուտների ու պրակտիկաների տարածում, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս զերծ մնալ ապագայի վրա անցյալի այդ անընդհատ ճնշումից։ Օրինակ, մենք սովորում ենք խուսափել մեր որոշ քայլերի հետևանքներից։ Ես դրա բավականին հաջող նշանակում եմ գտել՝ «կենսագրական հակաբեղմնավորիչներ»։ Ցավոք, ամսագրերի խմբագիրները կտրականապես ընդդիմանում են այս նշանակման կիրառությանը գիտական հոդվածներում, դրա համար ես այն պարզապես օգտագործում եմ խոսքում (UPDATE: «Социологическое обозрение» ամսագրի խմբագրությունը թուլատրել է «կենսագրական հակաբեղմնավորիչներ» տերմինի առկայությունը հոդվածում, չնայած ի սկզբանե նախատեսվում էր արտահայտությունն օգտագորել վերնագրում)։ Ինչպես և սովորական հակաբեղմնավորիչները, դրանք մարդկանց թույլ են տալիս շատ չխորանալ սեփական գործողությունների հետևանքների մեջ և, անհրաժեշտության դեպքում, վերադառնալ սկզբնական վիճակին։ Համանման օրինակ կարող է լինել կրթություն ստանալիս մեծ ներդրումներից խուսափելը, ինչը հաճախ է լինում ուսանողների մոտ։ Կարելի է համալսարանում հինգ տարի սովորել, բայց բարձրագույն կրթության մեջ չանել այնքան ներդրումներ, որ հետո բարդ լինի չափսոսալ ու նոր կրթություն ստանալ կամ նոր բանով զբաղվել։
Գոյություն ունեն նաև անժամանակության մշակման տարբեր ձևեր, երբ տարբեր տեսակի գուռուները՝ յոգերից սկսած մինչև հոգեթերապևտներ, մեզ սովորեցնում են կյանքի յուրաքանչյուր պահի որպես նպատակ վերաբերվել, և ոչ որպես միջոց։ Այսպիսով, նրանք խոստանում են ազատել մեզ ափսոսանքից, որի արմատը մեր կյանքի իրադարձություններին որպես նպատակ վերաբերվելն է։ Սակայն մեծ քանակությամբ մարդիկ, կարծես, չեն բավարարվում նրանով, ինչ կարող է առաջարկել յոգան կամ թերապիան ու շարունակում են նախատել իրենք իրենց ու շարունակում են նոր քայլեր անել ընտրված անհաջող ուղղությամբ, հույսով, որ հաջորդ այդպիսի քայլն ինչ որ հրաշքով կուղղի նախկինում արված սխալը։
աղբյուրը՝ Պոստնաուկա