Home / Մեդիա / Նարցիսիստների հայտնաբերումը ունքերով․ հայտնի են Շնոբելի հաղթողները

Նարցիսիստների հայտնաբերումը ունքերով․ հայտնի են Շնոբելի հաղթողները

Հարվարդի համալսարանում տեղի ունեցավ Շնոբելյան մրցանակի (Ig Nobel Prize) հաձնման 30-րդ արարողությունը։ Ամեն տարի այս մրցանակը հանձնվում է գիտնականների, ում հետազոտության արդյունքները «սկզբում ստիպում են ժպտալ, հետո՝ մտածելու տեղիք են տալիս»։

Ինչպես և ամեն տարի, այս տարի մրցանակների մեծ մասին արժանացել են գիտնականներ, ովքեր զբաղվել են առաջին հայացքից միանգամայն անօգուտ թվացող հետազոտություններով։

Ստեֆան Ռեբերը՝ շվեդական Լունդի համալսարանից, Շնոբելյան մրցանակ է ստացել ակուստիկայի ոլորտում՝ անսովոր և վտանգավոր փորձարկման համար։ Գործընկերների հետ համատեղ Ռեբերը չինական ալիգատորին տեղադրել էր հելիում գազով լցված սենյակում և գրանցում էր սողունի արձակած ձայների տեմբրային փոփոխությունները։

Հայտնի է, որ հելիում շնչելու դեպքում մարդիկ սկսում են բարձր ձայնով խոսել։ Հելիում գազի խտությունը փոքր է օդի խտությունից, ինչի արդյունքում այն ավելի քիչ լարում է առաջացնում ձայնալարերի շրջանում՝ թույլ տալով դրանց տատանվել ավելի մեծ հաճախությամբ։

Թվում է, թե սա բավականաչափ լուրջ թեմա չէ գիտական հետազոտության համար, բայց այս պրոցեսն իրականում հետաքրքիր գիտական խնդիր է առաջ քաշում։

Գիտնականները տարիներ շարունակ փորձել են հասկանալ, թե ինչպես են միմյանց հետ հաղորդակցվում ալիգատորներն ու այլ սողունները, ինչպիսի նշանակություն ունեն նրանց արձակած ձայները։ Մասնավորապես, գիտնականները փորձում են ապացուցել, որ ձայնի տեմբրի միջոցով սողունները կարող են իրենց տեսակակիցներին «պատմել» իրենց չափերի մասին։ Արդեն իսկ ապացուցված է, որ նման տեսակի հաղորդակցություն կա թռչունների և կրծողների շրջանում։

Ալիգատորներին հելիումով լցված սենյակում պահելու արդյունքում գիտնականներն ապացուցեցին, որ որ նրանց ձայնի տեմբրն անմիջականորեն կապ ունի մարմնի չափերի հետ։

Ռեբերի մրցանակը հանձնեց Ֆիզիկայի ոլորտում իրական Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Գեյմը։

Նյութաբանության ասպարեզում իր ավանդի համար Շնոբելյան մրցանակի արժանացավ Ամերիկայի Օհայո նահանգում գտնվող Քենթի պետական հետազոտական ինստիտուտի մարդաբան Մետին Էրենը. նա փորձել է դանակ պատրաստել սեփական կղանքից։

Կանադական Սի֊բի֊էս֊ի փոխանցմամբ, գիտնականը ինուիտ ցեղի ժողովրդական բանահյուսության մեջ մի լեգենդ էր հայտնաբերել, որում մարդուն ունեզրկել ու գերի էին պահում, իսկ նա սաստիկ ցրտի պայմաններում սեփական կղանքից դանակ է պատրաստում, սպանում իրեն հսկող շանը, նրա մորթուց մեկ այլ շուն ստեղծում ու այդ շան հետ փախչում։

Ստուգելու համար, արդյոք նման բան հնարավոր է, Մետին Էրենը մարդաբանների խմբի հետ կղանք է սառեցրել ու դրանից դանակ պատրաստել։ Այնուհետև գիտնականները փորձել են այդ դանակով միս կտրել․ պարզ է, որ իրենից տաք ցանկացած իրի հետ շփումից դանակը հալվում էր։

Ի տարբերություն ալիգատորի հետ էքսպերիմենտի, մարդաբանների փորձարկումը փախողվել է։ Իրենց ստեղծած դանակով ոչինչ կտրել հնարավոր չէր, այն պարզապես շագանակագույն հետքեր էր թողնում։

Շնոբելի մրցանակի է արժանացել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բժշկագիտության ոլորտից՝ «Քովիդ-19-ի համավարակի միջոցով ցույց տալու համար, որ քաղաքական գործիչներն ավելի շատ ազդեցություն ունեն մարդկանց կյան քի ու մահի վրա, քան գիտնականներն ու բժիշկները»։

Այս անվանակարգի մրցանակին արժանացել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Բելառուսի գործող առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ու Թուրքմենստանի նախագահ Գուրբանդուլի Բերդիմուհամեդովը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխության արարողությունն այս տարի անց է կացվել օնլայն տարբերակով։ Որպես դրամանակ մրցանակ հաղթողներին շնորհվել է Զիմբաբվեի 10 տրիլիոն դոլարանոց թղթադրամ։

Այլ մրցանակակիրներ

 ֊ Հոգեբանություն․ ունքերի ուսումնասիրության միջոցով նարցիսիստների հայտնաբերման մեթոդի մշակում։

 ֊ Խաղաղության մրցանակ․ շնորհվել է Հնդկաստանի և Պակիստանի դիվանագետներին, ովքեր գիշերը թակում էին միմյանց դռներն ու փախչում։

 ֊ Ֆիզիկա․ ուկրաինական ծագման ավստրալացի գիտնականներ Իվան Մաքսիմովն ու Անդրեյ Պոտոցկին փորձի արդյունքում պարզել են, թե ինչ է լինում կենդանի հողային որդի հետ բարձր հաճախության թրթիռի (վիբրացիա) պայմաններում։

 ֊ Տնտեսագիտություն․ տարբեր երկրներում շահույթի անհավասարության և բերանով համբույրների միջին քանակի միջև կապ գտնելու փորձ։

 ֊ Կառավարում․ չինացի հինգ վարձու մարդասպաններ սպանության հանձնարարությունը մեկը մյուսի վրա են գցել, ինչի արդյունքում պոտենցյալ զոհն անվնաս է մնացել։

 ֊ Միջատաբանություն․ հավաքվել են ապացույցներ, որ շատ միջատաբաններ վախենում են սարդերից, որոնք չեն պատկանում միջատների դասին։