հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մեդիա / Լուրերին շատ հետևելու վնասները

Լուրերին շատ հետևելու վնասները

Ինչքան շատ ենք լուրերին հետևում, այնքան ավելի խեղաթյուրված պատկերացում ենք ունենում աշխարհի մասին, գրում է BBC Future֊ի սյունակագիր Զարիա Գորվեթը։ 

…Ողբերգությունից առաջ Էլիսոն Հոլմենն աշխատում էր ամերիկացիների հոգեբանական առողջության ուսումնասիրությամբ։ 2013 թվականի ապրիլի 15-ին, երբ Բոստոնի մարաթոնի հարյուրավոր վազորդները մեկը մյուսի հետևից հատում էին ֆինիշի ժապավենը, 10 վայրկյան տարբերությամբ պայթեցին երկու ինքնաշեն ռումբերը։ Ներկաներից երեքը, այդ թվում՝ ութամյա տղան, մահացան։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, 16 մարդ զրկվեց վերջույթներից։

Աշխարհը սգում էր, ԶԼՄ֊ները դաժան մանրամասներով լուսաբանում էին կատարվածը։ Լուսաբանում էին ոչ թե մեկ օր, մեկ շաբաթ կամ մեկ ամիս, այլ տարիներով, եթե հաշվի առնենք դատական նիստերը։

Կադրեր պայթյունի պահից, ծուխ, փոշի, իրարանցման մեջ գտնվող ներկաներ․ այս ամենը բազմիցս հեռարձակվել է հեռուստատեսությամբ։ Թերթերը ևս սարսափելի լուսանկարներ էին հրապարակում․ արյունոտ մայթեր, պատառոտված հագուստներով տուժածներ…

Հոլմենը Կալիֆորնիայի համալսարանի իր կոլեգաների հետ համատեղ հենց ողբերգության նախօրեին ավարտել էր ավելի քան 5 հազար ամերիկացիների մասնակցությամբ հոգեբանական հետազոտության տվյալների հավաքագրումը։ Բոստոնի դեպքերից մի քանի շաբաթ անց գիտնականները որոշեցին ուսումնասիրել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իրենց հարցումներին մասնակցած քաղաքացիների մոտ։

Հետազոտության ընթացքում պարզ դարձավ, որ մարդիկ, ովքեր անձամբ ներկա չեն գտնվել ահաբեկչական ակտին, բայց դրան հաջորդող շաբաթվա ընթացքում օրական վեց ժամ կամ ավելի շատ ժամանակ են ծախսել լուրերին հետևելու համար, հոգեբանորեն ավելի շատ են տուժել, քան ողբերգության ականատեսները։

Սթրեսի բարձր մակարդակն ուղղակիորեն կապված չէր տուժած, մահացած կամ պարզապես միջադեպի ժամանակ այդտեղ գտնվողներից մեկին ծանոթ լինելու հետ։

Լուրերը կարող են փոխել մեր վերաբերմունքը գաղթականների նկատմամբ, կարող են ազդել մեր երազների վրա, կարող են խանգարել գնահատել այս կամ այն հիվանդության վտանգը, կարող են կածիք ձևավերել այլ երկրում ստեղծված իրավիճակի մասին… Նույնիսկ կարող են ազդել պետության տնտեսության վիճակի վրա։

Տարբեր հետազոտություններ հաստատում են, որ լուրերի սպառման էմոցիոնալ հետևանքները ազդում են մեր առողջության վրա, մեծացնում են սրտի կաթվածի և հետագա տարիներին այլ հիվանդությունները զարգացման ռիսկերը։

…Հենց Չինաստանից սկսեցին տարածվել նոր վիրուսի մասին առաջին լուրերը, տեղեկատվական հեռուստահաղորդումների դիտումները սկսեցին ռեկորդային թվեր գրանցել։

Ամեն ինչ պարզ է․ միլիոնավոր մարդիկ ուշադիր հետևում էին կառավարական բրիֆինգներին, աչքի էին անց կացնում վարակվածների և մահացածների թվերը, կարդում էին կարանտինի պայմաններում ընդունված նոր կանոնների մասին։

Այժմ, սակայն, հեռուստատեսությունը լուրերի ստացման հիմնական աղբյուրը չէ։ Փոդքասթները, սթրիմինգային ծառայությունները, սոցիալական ցանցերը ևս օրական մի քանի անգամ թարմացող տեղեկություններ են փոխանցում։ Մեր ընկերները հղումներ են ուղարկում նութերի, որոնք իրենց դուր են եկել, հետաքրքրել են կամ շոկային են թվացել։

Այս ռեժիմում գրեթե հնարավոր չէ խուսափել աշխարհում կատարվող իրասարձությունների մասին տեղեկատվության սպառումից։

Այդպես ենք ծրագրավորված

Լուրերի նման ուժեղ ազդեցության բացատրություններից է հոգեբանների կողմից «բացասականի հակում» անվանումը ստացած երևույթը․ մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մեր շուրջը կատարվող վատ բաներին։

Կառավարությունները հաճախ այս երևույթով են առաջնորդվում այս կամ այն քաղաքականության ընտրության հարցում։

Մարդկանց բացասականի հակումը կարելի է բացատրել նաև նրանով, որ լուրերը հազվադեպ են հաճելի ընթերցանություն համարվում։

2014 թվականին «Քաղաքային թղթակից» (“Городской репортер”, Դոնի Ռոստով) ռուսական կայքը որոշել էր փորձարկում իրականացնել և մի ամբողջ օր լուսաբանում էր միայն դրական իրադարձությունները՝ անտեսելով բացասականները։

Ընթերցողների թիվն այդ օրը գրեթե երկու երրորդ անգամ կրճատվեց․ լավ լուրերը մարդկանց չէին հետաքրքրում։ Ինչպես ասում էր ֆանտաստ գրող Արթուր Քլարքը, Ուտոպիայի թերթերն անհետաքրքիր կլինեին։

Հետազոտությունները վաղուց էին ցույց տվել, որ հասարակության լայն շերտերը հակված չեն ապագայից որևէ լավ բան սպասել, հատկապես երբ խոսքը երկրի տնտեսական հեռանկարների մասին է։ Այսպիսի կանխատեսումը, սակայն, իրականության հետ կապ չունի։ Տնտեսական ակտիվության կրկնվող տատանումները սովորական երևույթ են․ վերելքներն ու անկումները բնական են և հիմնականում հաջորդում են միմյանց։

2003 թվականին իրականացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ տնտեսության թեմայով լուրերը հիմնականում բացասական են, ինչն էլ հենց ձևավորում է մարդկանց սպասելիքներն ու ակնկալիքները։

Նիդերլանդներում իրականացված մեկ այլ հետազոտություն հաստատեց, որ տնտեսական թեմաներով լուրերը իրականությունից շատ ավելի մռայլ պատկեր են ստեղծում։

Լուրերը հաճախ խեղաթյուրում են մեր պատկերացումը իրականության մասին։ Օրինակ, ինչ որ բաների ռիսկայինության աստիճանի գնահատումը։

Դիտարկենք միջազգային զբոսաշրջությունը։ Մարդիկ սովորաբար չեն ցանկանում հանգստանալ երկրներում, որոնցում քաղաքական ոչ կայուն վիճակ է, պատերազմ կամ ահաբեկչության զոհ դառնալու վտանգ կա։ Երբեմն լուրերը ուղիղ խորհրդի աղբյուր են դառնում։

Դեղերը, որոնք «արդյունավետ են 95 տոկոս դեպքերում» ավելի լավ են ընդունվում, քան «5 տոկոս դեպքերում չաշխատող» դեղերը, ինչն իհարկե նույն բանն է։

Կարելի է գրել, որ «ահաբեկչական հարձակումն իրակամացվել է Ալ Քաիդայի և  դրա հետ կապված ռադիկալ իսլամիստական խմբավորումների կողմից» և դա շատ ավելի տագնապալի կհնչի, քան եթե գրվի, որ «ահաբեկչության հետևում տեղական անջատականների խումբն է», չնայած խոսքը նույն գործողության մասին է։ Երբեմն այսպիսի նուրբ գործոնները կարող են կյանքի ու մահի հարց դառնալ։

2014 թվականի մի հետազոտության մեջ ասվում էր․ մարդիկ, որպես կանոն, կարծում են, որ օնկոլոգիական հիվանդությունների այն տեսակները, որոնց մասին ավելի շատ է խոսվում լուրերում՝ ավելի տարածված են։ Եվ համապատասխանաբար, այն տեսակները, որոնց ԶԼՄ֊ները հազվադեպ են անդրադառնում՝ (օրինակ, տղամարդկանց վերարտադրողական համակարգի քաղցկեղային հիվանդությունները) տարածված չեն։

Շատ լուրեր կարդացող մարդիկ ավելի սխալ են գնահատում հիվանդությունների ռիսկերը։ Որևէ հիվանդության վտանգավորության մասին հասարակական պատկերացումները կարող են պատճառ դառնալ, որ կառավարությունը ավելի քիչ ֆինանսավորում հատկացնի իրապես լուրջ հիվանդության ուսումնասիրություններին (կառավարության ներկայացուցիչները հիմնականում առաջնորդվում են հասարակական տրամադրվածություններով ու ԶԼՄ֊ների ստեղծած պատկերով)։

Համավարակային մեկուսացումներից հետո մարդիկ սկսեցին հայտնել տարօրինակ ու պայծառ երազների մասին։

Բացատրություններից մեկն այն է, որ մեր երևակայությունը փորձում է ելք գտնել մեկուսացման վիճակից։ Վարկած կար, որ հիմա մենք պարզապես ավելի լավ ենք հիշում երազները, քանի որ հաճախ արթնանում ենք արագ քնի ֆազայում, երբ տեղի է ունենում երազատեսությունը։

Բայց կա մեկ այլ հնարավոր պատճառ ևս․ երազները փոխվում են լուրերում համավարակի ներկայացման ձևի պատճառով։

ԱՄՆ֊ում սեպտեմբերի 11-ից հետո մարդիկ խոսում էին հաճախացած տարօրինակ երազների մասին։ Կապը նման երազներ տեսնելու և լուրերին հետևելու ինտենսիվության միջև հաստատվել էր հետազոտությամբ։

Լուրերն իրական կյանքից վտանգավոր են

Եվ իրոք, ֆանտաստ Ռոբերտ Հայնլայնի ասած՝ յոթ միլիարդ մարդու տառապանքների մեջ խորանալը հազիվ թե լավ լինի մեր հոգեբանության համար։

Covid-19-ի մասին տագնապային վերնագրերի հայտնվելուց մի քանի ամիս անց անվճար հոգեբանական աջակցություն տրամադրող միջազգային կազմակերպությունները սկսեցին աննախադեպ թվով հայցադիմումներ ստանալ։ Շատերը սկսել էին հրաժարվել սոցիալական ցանցերից՝ ավելի քիչ լուրեր կարդալու համար։

Այդ սթրեսի համար պատասխանատու է նաև իրավիճակը, որում մենք հայտնվել ենք համավարակի պատճառով, բայց լուրերն իհարկե անհամեմատ մեծացնում են տագնապայնությունը։

Լուրերի ազդեցությունը մեր վրա մինչև վերջ բացահայտված չէ։ Շատ իրավիճակներում այն բավականին ոչ ուղղակի է։ Հաճախ (օրինակ՝ Բոստոնի մարաթոնի ահաբեկչության դեպքում, որի մասին հետազոտություն էր արվել) կատարվածի լուսաբանումն ավելի տրավմատիկ է քան հենց միջադեպը։

Դա բացատրվում է «էմոցիոնալ կանխատեսմամբ», երբ փորձ է արվում կանխագուշակել ինչ որ բանի նկատմամբ մեր զգացմունքները։

Կալիֆորնիայի համալսարանի հոգեբան Ռեբեկա Թոմփսոնի խոսքով, շատերս բավականին վստահ ենք մեր՝ զգացմունքներն ու զգացողությունները գուշակելու կարողության մեջ։ «Օրինակ, եթե ձեզ խնդրեն պատկերացնել, թե ինչ կզգայիք լոտոյով մեծ գումար շահելու դեպքում, երևի կասեք, որ հիանալի տրամադրություն կունենաք», – բացատրում է Թոմփսոնը։

Բայց երբ մարդկանց հետ խոսում ես իրենց կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունից հետո, հաճախ պարզվում է, որ իրական էմոցիոնալ ազդեցությունն ավելի փոքր էր, քան սպասվողը։

1978 թվականին արված դասական համարվող հետազոտության մեջ համեմատվում էր կյանքով բավարարվածության մակարդակը մարդկանցմոտ, ովքեր վերջերս լոտո են շահել և ովքեր ավտովթարի են ենթարկվել։ Խաղատոմսային հաջողակների բավարարվածությունը քիչ էր բարձր վթարի ենթարկվածներից։ Կարճ ասած, մենք հիմնականում սխալ ենք պատկերացնում մեր ապագա էմոցիաները։

Թոմփսոնը ուշադրություն է դարձնում նաև լուրերի ներկայացման ձևերին․ հաճախ, երբ լուրը փոթորիկի մասին է, թղթակիցն ուժեղ քամու տակ է կամ մինչև ծնկները ջրի մեջ, այսինքն, շեշտը դրվում է իրադարձությունների վատագույն զարգացման վրա։

Այսպիսի ռեպորտաժները աղետային հայացք ենք ձևավորում ոչ միայն կոնկրետ իրավիճակի վերաբերյալ, այլև կյանքի այլ ասպեկտների նկատմամբ՝ սկսած ֆինանսականով ավարտած ռոմանտիկ հարաբերություններով։

2012 թվականին արված հետազոտության մեջ ասվում է, որ կանայք (զարմանալիորեն՝ ոչ տղամարդիկ), բացասական լուրերի ազդեցության տակ ավելի մեծ սթրես են ունենում այլ իրավիճակներում, ինչի արդյունքում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակն օրգանիզմում բարձրանում է։

«Տղամարդկանց մոտ կորտիզոլի մակարդակն առանց այն էլ բարձր է։ Գուցե էլ տեղ չունի բարձրանալու», – բացատրում է Քվեբեկի համալսարանի հոգեբան Մարի֊Ֆրանս Մարինը։