Հաճելի պահերն «արագ են անցնում», տհաճ իրավիճակներում «ժամանակը դանդաղում է»։ Ճապոնացի գիտնականներ Իձումի Մացուդան և Հիրոսի Նիտոնոն փորձել են պարզել՝ ինչպես է փոխվում ժամանակի ընկալումը ստելու կամ ինչ-որ բան թաքցնելու դեպքում։
Գիտնականներն ուսանողներին առաջարկել են ինչ-որ բան գողանալ համալսարանի լաբորատորիայից։ Գողությունը չբացահայտվելու դեպքում փորձի մասնակից ուսանողներին 500 իեն պարգևատրում էին խոստացել։ Իրը գողանալուց հետո ուսանողները նստում էին էկրանի դիմաց ու նայում տարբեր իրերի՝ «դուք սա գողացե՞լ եք» գրառմամբ լուսանկարներին։ Ամեն լուսանկարի ցուցադրումից հետո ուսանողները պետք է ասեն, թե որքան ժամանակ է պատկերն էկրանին եղել։ Ընդ որում, որոշ ուսանողների ցույց էին տալիս իրենց իսկ գողացած առարկայի նկարը, մյուսներին՝ այլ։
Փորձի արդյունքում պարզ է դարձել, որ իրենց գողացած իրի նկարը տեսած ուսանողների կարծիքով, բոլոր նկարները երկար ժամանակով են հայտնվել էկրանին։
«Խնդիրն այն է, որ միայն ստելու դեպքում չէ, որ մարդիկ նյարդայնանում և ժամանակն ավելի դանդաղ են ընկալում։ Փորձարկմանը մասնակցելու հետ կապված լարվածությունը կարող է նույնատիպ ազդել ուսանողների վրա։ Ժամանակի ընկալման տարբերությունը բավարար չէ հստակ արձանագրելու համար, որ մարդը ստում է», – ասված է գիտնականների՝ Biological Psychology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։