Փետրվարի 1-ից Վրաստանը հեշտացնում է օտարերկրյա քաղաքացիների մուտքի կանոնները, հայտնել է երկրի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։
Այսուհետ Վրաստան ազատ մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն արտասահմանցիները, ովքեր պատվաստվել են ներկայումս գրանցված որևէ պատվաստանյութով։
Վրաստան կարող են այցելել նաև Եվրամիության երկրների, Իսրայելի, Շվեյցարիայի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Բահրեյնի բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց հետ կունենաս վերջին 72 ժամվա մեջ արված կորոնավիրուսային թեստի բացասական պատասխանը հաստատող փաստաթուղթ։ Նշված խմբի անձանց թույլատրվում է Վրաստան մուտք գործել ինչպես ուղիղ, այնպես էլ տրանզիտային չվերթով։ Վրաստանում գտնվելու երրորդ օրը, սակայն, պարտավոր են կրկնակի թեստավորում անցնել։
Վրաստանի քաղաքացիները կարող են երկիր այցելել նաև առանց նախապես թեստավորվելու։ Այդ դեպքում քաղաքացիները պարտավորվում են ութ օրով ինքնամեկուսանալ։ Երկիր մուտք գործելուց 72 ժամ առաջ արված կորոնավիրուսային թեստի բացասական պատասխան ունենալու և Վրաստանում գտնվելու երրորդ օրը նորից թեստավորվելուց հետո, քաղաքացիություն ունեցող անձինք կարող են դադարեցնել ինքնամեկուսացման ռեժիմը։