Հայաստանը COVID-19-ի դեմ ձեռք կբերի բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութը՝ նախատեսված բնակչության 3%-ի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով պատվաստանյութի հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը։
Որոշվել են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները։
Առաջին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:
Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:
Ավելի վաղ նախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակին սպասում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին։