Կորոնավիրուսի համավարակի զսպման նպատակով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո, համաձայն օրենսդրության, տեղորոշման համակարգով ՀՀ տարածքում մարդկանց տեղաշարժի և զանգերի վերաբերյալ հավաքագրված և մշակված տվյալները պետք է ոչնչացվեն: Ապրիլի սկզբին Ազգային ժողովն ընդունեց համավարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերը և տեղաշարժը վերահսկող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումները։ ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ՝ ինչ ժամկետում և ինչպես է կատարվելու հավաքագրված տվյալների ոչնչացումը:
Տեղորոշման համակարգ պայմանական անվանումը կրող օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը, ինչպես այն ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, հետևյալն է՝ հայտնաբերել վարակակրի հետ շփում ունեցած անձանց շրջանակը՝ կորոնավիրուսի տարածման շղթաները վերահսկելի դարձնելու համար:
Մինչ արտակարգ դրության ժամկետի ավարտը, համաձայն պարետատան տրամադրած տվյալների, հատուկ համակարգչային ծրագրի միջոցով վերլուծվել են 10 853 վարակակրի կոնտակտներ։ «Արդյունքում հաստատվել է 1 548 քաղաքացի, որոնք իրապես շփում են ունցել վարակակրի հետ, և նրանց հրահանգ է տրվել ինքնամեկուսանալ։ Այս ինքնամեկուսացածներից դրական է թեստավորվել 178 հոգի»,- հայտնում են կառավարությունից:
Փաստորեն, հաշվետու ժամկետում այդ համակարգի միջոցով հնարավոր է եղել բացահայտել ընդամենը 178 վարակակրի, որը ներկայիս կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի միայն 0,3 տոկոսն է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը սեպտեմբերի 23-ի դրությամբ 47 877 է:
Ինչպես են ոչնչացվելու տվյալները
Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» օրենքի 50-րդ հոդվածի՝ տվյալների կենտրոնում և հատուկ համակարգչային ծրագրում մշակված բոլոր տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ռեժիմի ժամկետի ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
Ոչնչացման գործընթացը, ինչպես ասված է օրենքում, կազմակերպում և իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության և այն բոլոր մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք արտակարգ դրության ժամանակահատվածում հասանելիություն են ունեցել տվյալներին կամ մշակել են դրանք:
Ոչնչացման գործընթացին կարող է մասնակցել նաև մեկական ներկայացուցիչ Ազգային ժողովի խմբակցություններից` առանց տվյալները մշակելու իրավունքի:
Օրենքով նաև նախատեսվում է, որ արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմը գրավոր ծանուցում է ուղարկում Ազգային ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով ներկայացնել խմբակցության ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ՝ ոչնչացման գործընթացին մասնակցելու համար: Խմբակցությունների ներկայացուցիչները պատշաճ կերպով ծանուցվում են ոչնչացման գործընթացի ժամանակի և վայրի մասին:
ԱԺ խմբակցություններից հաստատում են, որ տվյալների ոչնչացման գործընթացին մասնակցելու ծանուցում ստացել և ներկայացրել են իրենց ներկայացուցիչներին:
Տվյալների ոչնչացումը, ինչպես շարադրված է օրենքում, իրականացվում է տվյալների նյութական կրիչների ապամագնիսացման և ֆիզիկական ոչնչացման եղանակով, որն անհնար է դարձնում տվյալների բովանդակության վերականգնումը։
Տվյալների ոչնչացման փաստը հավաստվում է գրավոր արձանագրությամբ, որը ստորագրվում է ոչնչացման գործընթացին մասնակցած բոլոր անձանց կողմից: Այն ենթակա է հրապարակման ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ինչպես նաև համապատասխան քանակի օրինակներով տրամադրվում է ոչնչացման գործընթացին մասնակցած բոլոր անձանց։
Լուսանկարը՝ Armtimes.com-ի