Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա է իրականացվել ընդդեմ «քովիդ խարդախության»։ Ցուցարարները պնդում էին, որ պաշտպանիչ դիմակների պատճառով մարդկանց իմունիտետն ընկնում է, իսկ պատվաստումը վտանգում է գենետիկան։
«Ո՛չ թերմոսքրինինգին՝ լազերային ճառագայթմանը», – գրված էր ակցիայի մասնակիցներից մեկի պաստառի վրա։
«Ընտրեք․ դիմակով ստրկություն կամ ազատություն» – վանկարկում էին ցուցարարները, որոնց շարքում նաև հոգևորականներ կային։
Ակցիային մասնակցում էին նաև դպրոցականներ իրենց ծնողների հետ, ովքեր դեմ էին հեռահար ուսուցմանը։ Վրաստանի խոշոր քաղաքներում այսօրվանից դասերը սկսել են առցանց ռեժիմով։ Դպրոցները բաց կլինեն հոկտեմբերի 1-ից։
Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 170 նոր հաստատված դեպք է գրանցվել։ Սա համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Stopcov.ge կառավարական հարթակի տվյալներով, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2562-ի։