Տևական ժամանակ է՝ Ազգային ժողովի դարպասների դիմաց՝ Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասում, օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել մի տղամարդու՝ «Պարոն Ծառուկյան, ետ տուր իմ կյանքը» պաստառով։
Նույնաբովանդակ գրությամբ թուղթ է դրված նաև ցուցարարի կողքի տաքսու հետևի ապակուն։ Տղամարդը այդ մեքենայի վարորդն է։
Հասկանալ, թե ինչի՞ մասին է բողոքը, չհաջողվեց․ նախ, տղամարդն ասաց, որ պաստառի վրա ամեն ինչ գրված է, հետո՝ որ իրեն ոչ ոք չի կարող օգնել, հիշատակված օլիգարխից բացի։
«Ինչ կա կյանքի հետ կապված, էդ մեջը մտնում ա՝ առողջական ա, չգիտեմ՝ ինչական ա», – ասաց նա, երբ Epress.am-ի թղթակիցը նկատեց, որ չի կարող որևէ բան հասկանալ պաստառի բովանդակությունից և մնում է կռահել միայն։
Խնդիրը բարձրաձայնելը անիմաստ է համարում, քանի որ արդեն իսկ Ծառուկյանին է տեղյակ պահել․ «Ինքը գիտի, խոստացել է, բայց հլը որ չի կատարում»։ Հարցին՝ հնարավո՞ր է ակցիայի հասցեատերը պատասխանի, եթե լրատվամիջոցները բարձրաձայնեն խնդիրը, արձագանքեց․ «Ես իրան ասել եմ, արձագանքել է, որ պիտի անի, ու չի արել»։
– Ի՞նչ է խոստացել։ Ի՞նչ խնդրի հետ կապված։ Ուղղակի պարզ չէ՝ ի՞նչ է նշանակում «ետ տուր իմ կյանքը»․․․
– Դե, հենց էդ ա՝ կյանքը պիտի ետ տա։
– Աշխատե՞լ եք իր մոտ։
– Չէ, քուրս։
– Չե՞ք ուզում պատմել։
– Դե, էլ ի՞նչ պատմեմ։ Սաղ պատմեցի քեզ։
– Իսկ մինչ այդ ի՞նչ էր արել, որ իրեն եք դիմում։
– Ինքը չի արել։ Համենայնդեպս, տեսնենք․․․
– Իսկ ո՞վ է արել։ Ի՞նչ է արել։
– Հլը թող տենամ՝ խոստումը չի կատարում․․․ Բալքի կատարում է էդ մարդն իրա խոստումը, խոսք ա տվել։
Տղամարդը համոզված է, որ ուրիշ ոչ-ոք իրեն օգնել չի կարող․ «Էդ քեզ հաստատ եմ ասում։ Իմաստը ո՞րն է մանրամասն ասեմ, եթե մենակ ինքը կարող է անել․․․»։
Արդյունք չտվեց լրագրողի հերթական ենթադրությունն այն մասին, որ եթե հարցը լուսաբանվի, մեծահարուստն էլ չի կարող ետ կանգնել։ Զրուցակցի խոսքով՝ եթե մարդը չի ցանկանում խոստումը կատարել, ում էլ դիմես, միևնույնն է՝ չի անելու։
Առեղծվածային ակցիան մինչ օրս շարունակվում է, ինչը հուշում է՝ Գագիկ Ծառուկյանը դեռ լռում է։
Լրագրողը կապ հաստատեց ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։ «Իրականում, – ասաց պատգամավորը, – որևէ մեկը չի հասկանում, թե ինքն ինչ է պահանջում կամ ինչ է ուզում»։
Տոնոյանը տեղեկացրեց, որ խմբակցության անդամներից մեկը զրուցել էր քաղաքացու հետ, խոստացավ ճշտել և տեղյակ պահել։ Մեկ ժամ անց, սակայն, նա արդեն հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Նույնը՝ հաջորդ օրը։