Արդեն երկու շաբաթ շարունակվող հացադուլից հետո ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, «Մուսավատ» կուսակցության անդամ Տոֆիկ Յագուբլուն կրիտիկական վիճակում է։ Այս մասին հայտնել է դուստրը՝ Նիգյար Հազին։
Տոֆիկ Յագուբլուն ձերբակալվել էր մարտի 22-ին։ Նրա կայանված մեքենային մեկ այլ մեքենա էր հարվածել, որի վարորդը բողոք է ներկայացրել։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նա ավտոճանապարհային պատահարի մեջ է ընկել ու հարձակվել ընտանեկան զույգի վրա։ Յագուբլուն այդ հայտարարությունը որպես սադրանք է որակել և սեպտեմբերի 2-ից հացադուլ է սկսել՝ ի նշան բողոքի։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը դատապարտել է Յագուբլուի ձերբակալությունն ու կոչ արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Amnesty International֊ը։ «Լիբերալներն ու դեմոկրատները հանուն Եվրոպայի» դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ Յագուբլուի ձերբակալությունը իշխանությունների՝ ընդդիմության նկատմամբ հետապնդումների շարքի հերթական քայլն էր։ Իրավապաշտպանները Յագուբլուին ներառել են քաղբանտարկյալների ցանկում։
«Մուսավատ» կուսակցության Բաքվի գրասենյակում Յագուբլուի հացադուլին միացել են Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստներ Այաթ Իսմայիլը, Տոֆիկ Մամեդովը, Էլնուր Հասանովը, Էլման Գուլիևը։ Պահանջում են ազատ արձակել Յագուբլուին։
Նույնատիպ բողոքի ակցիա է իրականացնում նաև Գերմանիայի քաղբանտարկյալների մի խումբ։
Սեպտեմբերի 14-ին Բաքվի մետրոյի մոտ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ազատ արձակել Տոֆիկ Յագուբլուին։
Վերջինս հացադուլի իններորդ օրն ուշագնաց էր եղել մեկուսարանում հարազատների հետ հանդիպումից առաջ։ Բժշկական հետազոտությունից հետո նրան հատուկ թերապիա է նշանակվել։ Բժիշկը պատմել է, որ Յագուբլուն նիհարել էր, դժվարությամբ է տեղաշարժվում, օրգանիզմը թուլացած վիճակում է։ Հորդորել է խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով՝ անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի հասանելի դարձնելու նպատակով։
Սեպտեմբերի 12-ին ընդդմադիր գործչին մասնավոր հիվանդանոց են տեղափոխել՝ կոմայի վտանգից խուսափելու համար։ Դստեր փոխանցմամբ, նա այժմ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
«Դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։ Բուժող բժիշկ Ադիլ Հեյբուլան տագնապով է խոսում հորս առողջական վիճակի մասին։ Ամեն վայրկյան կարող ենք կորցնել նրան։ Իշխանությունները պետք է հասկանան կատարվածի պատասխանատվությունն ու անհապաղ ազատ արձակեն Տոֆիկ Յագուբլուին», – հայտարարել է Նիգյար Հազին։
«Յագուբլուի վիճակը կայուն է, բայց նա խիստ հյուծված ու թույլ է։ Վիճակը ճիշտ գնահատել հնարավոր կլինի միայն արյան անալիզից հետո, որի միջոցով կկարողանանք իմանալ իմունային համակարգի և ներքին օրգանների աշխատանքի մասին։ Առավոտյան արյան նմուշ են վերցրել։ Անալիզի արդյունքները շուտով պարզ կլինեն։ Միայն դրանից հետո կկարողանանք հետագա քայլեր ձեռնարկել։ Քրոնիկ հիվանդություններ ունեցող 60-ամյա տղամարդու համար 14 օր շարունակված հացադուլը կրիտիկական է։ Հիվանդանոցում, իհարկե, պատշաճ բժշկական օգնություն է տրամադրվում, բայց չպետք է մոռանալ, որ բժշկության հնարավորություններն անսահմանափակ չեն», – «Կավկազսկի ուզելի» հետ զրույցում բացատրել է Յագուբլուի բուժող բժիշկ Ադիլ Հեյբուլան։
Նա նշել է, որ սեպտեմբերի 14-ին ընդդիմադիր գործիչը հրաժարվել է բժշակական օգնությունից․ «Այնուամենայնիվ, անալիզների պատասխանները ստանալուց հետո բուժում ստանալու հարցը ևս մեկ անգամ կքննարկենք»։
Տոֆիկ Յագուբլուի փաստաբան Ագիլ Լաիջևը պնդում է, որ Նիզամինսկի շրջանային դատարանից գործը Բաքվի վերաքննիչ դատարան տեղափոխելու գործընթացն անհիմն է հետաձգվում։
«Մենք առարկության դիմումը ներկայացրել ենք սեպտեմբերի 7-ին։ Տուժող կողմից պատասխան բողոք չստանալու դեպքում, դատարանը մեր դիմումը պետք է անհապաղ ուղարկեր վերաքննիչ դատարան, սակայն մինչև հիմա նորություններ չկան», – պատմում է Լաիջևը։
Նա նաև հայտնում է, որ իրեն թույլ չեն տալիս հիվանդանոցում հանդիպել իր պաշտպանյալին։ City Hospital֊ի ադմինիստրացիան, որտեղ Յագուբլուն բուժում է ստանում, հրաժարվում է մեկնաբանել արգելքը։