Home / Բանտ / «Կոռուպցիոներ» լրագրողի կինն ամուսնուն այցելելու փող չունի

«Կոռուպցիոներ» լրագրողի կինն ամուսնուն այցելելու փող չունի

«Azel TV» լրատվական կայքի հիմնադիր և խմբագիր, անազատության մեջ գտնվող Աֆղան Սադիգովի կինը՝ Սևինջ Սադիգովան երեկ բողոքի ակցիա է իրականացրել Գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գկխավոր վարչության շենքի դիմաց․ պահանջում է ազատ արձակել սպառնալիքների միջոցով դրամաշորթության մեջ մեղադրվող ամուսնուն։

Սադիգովան դատախազության վարչության դիմացի մայթին գրել է «Վե՛րջ անարդարությանը», «Մի՛ ստրկացրու, ազատի՛ր» կարգախոսները։ Նա կարծում է, որ իր ամուսնու գործի քննությունը արդար չի ընթանում, և որ Սադիգովին իրականում ձերբակալել են իշխանությունների մասին քննադատական հոդվածների պատճառով։

«Ինչպես պատվերով կալանավորել են, այդպես էլ թող բաց թողնեն։ Ազատեք ամուսնուս գերությունից։ Ինչպես է ստացվում, որ ամուսնուս մեղադրում են կաշառակերության մեջ, իսկ ես՝ նրա կինը, գումար չեմ գտնում նրան այցելելու համար։ Թող տեսնեն ինչ պայմաններում ենք ապրում։

Մնացել եմ երկու մանկահասակ երեխաներիս հետ, չեմ կարողանում կերակրել։ Ու թող տեսնեն, թե ինչպես են ապրում պաշտոնյաներն ովքեր պատվիրել են ամուսնուս ձերբակալությունը։ Թող տեսնեն՝ ով է կոռուպցիոները», – ասում է Սադիգովան։

Որպես քրեական գործի կեղծման ապացույց նա մատնանշել է այն փաստը, որ իր ամուսնու հետ նույն գործով մեղադրվող Սակիտ Մուրադովն ազատության մեջ է։

«Քննիչն ասում է, որ Մուրադովին ազատության մեջ թողնելու պատճառը քննչական գաղտնի է։ Դա ի՞նչ քննչական գաղտնիք է։ Թող պատասխանեն ինձ», – պատմում է Սադիգովան։

Ակցիայից հետո նա հանդիպել է Գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության փոխնախագահ Անար Մամեդովի հետ։

«Ես նրան բացատրեցի, որ Աֆղանի ձերբակալությունը կանխամտածված ծրագրով է կազմակերպվել։ Ոմանք հրաժարվել են մասնակցել այդ սցենարին։ Սակիտ Մուրադովը համաձայնել է։ Ամուսինս ոչ մի կաշառք չի վերցրել… Հակառակ դեպքում մենք հիմա հացի փող կունենայինք։ Ես ու Աֆղանը՝ լինելով լրագրողներ, շատ քաղաքացիների իրավունքներ են պաշտպանել։ Կորցնելու բան չունենք։ Ես պահանջում եմ Աֆղանի ազատ արձակումը և գնալու եմ մինչև վերջ, մինչև չազատեն։ Անար Մամեդովն ասաց, որ իրեն երկու շաբաթ ժամանակ է պետք։ Խոստացավ այդ ընթացքում Աֆղանի փաստաբանի հետ օբյեկտիվ քննություն իրականացնել և արդար որոշուկ կայացնել», – Turan գործակալության հետ զրույցում պատմել է Սադիգովան։

Հունիսի 19-ին ևս կինը բողոքի ակցիա էր իրականացնում դատախազության դիմաց։ Այն ժամանակ էլ նրան ընդունեցին, բայց որևէ փոփոխություն չկա։

Սադիգովան նշում է, որ ամուսնու ձերբակալությունից հետո ոչ հանդիպել են, ոչ էլ անգամ հեռախոսով խոսելու հնարավորություն են ունեցել։

Հիշեցնենք, որ Աֆղան Սադիգովը կալանավորվել է մայիսի 13-ին․ Բինագեդիի դատարանը նրան 4 ամսվա ազատազրկման է դատապարտել սպառնալիքների միջոցով դրամաշորթության մեղադրանքով։

Քննչության փոխանցմամբ, Սադիգովը բերման է ենթարկվել Xəbərfakt.az  կայքի խմբագիր Սակիտ Մուրադովի հետ՝ 10 հազար մանաթ կաշառք վերցնելու պահին։

Աֆղան Սադիգովը հայտնի է ոստիկանության՝ անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշելու դեպքեր, հոգևորականների՝ թմրանյութի բիզնեսում ներգրավվածության, Սումգայիթ քաղաքի իշխանութունների՝ կոռուպցիոն սկանդալների մասին նյութերով։

Աֆղան Սադիգովը նախկինում ևս վարչական հետապնդումների է ենթարկվել։ 2019-ի հունվարին նա ձերբակալվել էր բլոգեր Մեհման Հուսեինովի պաշտպանության համար կազմակերպված չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար։ 2018-ի նոյեմբերի 27-ին նրան բերման էին ենթարկել Բաքվում նախագահի աշխատակազմի գրասենյակի դիմաց՝ ղարաբաղյան հակամարտության արդյունքում զոհված զինծառայողների ծնողների ցույցին մասնակցելու համար․ ծնողները փոխհատուցում էին պահանջում։ Նույն օրը լրագրողին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Նույն մեղադրանքով նա 30 օր մեկուսարանում է անցկացրել 2018-ի հուլիսին։