Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող Անդրեյ Ռազգիլդեևը կալանքը շարունակում է կրել ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների՝ ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցի և ՀՔԱՎ փաստաբաններ Ա․ Զալյանի ու Հ․ Հակոբյանի միջնորդությունը՝ վերջինիս ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ, մերժվել էր վարույթն իրականացնող մարմնի, վերահսկողություն իրականացնող դատախազի կողմից։
Որոշումն անփոփոխ էր թողնվել նաև դրա դատական կարգով վիճարկելու արդյունքում, որից հետո գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ռագիլդեևի՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կալանքը կրելու հանգամանքով էլ պայմանավորված` գործն ըստ էության քննելու համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվելու օրվանից՝ 2019 թ. օգոստոսի 16-ից մինչ օրս, դատական նիստերը չեն կայանում, քանի որ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը տարբեր, ակնհայտ ոչ իրավաչափ պատճառաբանություններով հրաժարվում է դատարան ներկայացնել Ռազգիլդեևին:
Ստեղծված իրավիճակի ողջ պատկերը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է այս հրապարակմամբ, անդրադառնում կալանքը ռուսական 102-րդ ռազմաբազայում կրելու փաստին և դրա իրավական հիմնավորվածությանը, դատարանի և դատախազության վարքագծին։
Ամփոփելով սույն քրեական գործի նախաքննության՝ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները՝ իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրում է.
1. ՀՀ քաղաքացի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող Անդրեյ Ռազգիլդեևի՝ ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայում կալանք կրելու փաստը կոպտորեն խախտում է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 29.08.1997 թ․-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի իրավանորմերը և տուժողի իրավաջորդի իրավունքներն ու օրինական շահերը,
2. Ա. Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուն ուղղված միջոցառումներ չձեռնարկելով՝ ՀՀ բոլոր իրավասու մարմինները՝ դատարանը, դատախազությունը, բարձրագույն դատական խորհուրդը դրսևորում են անգործություն, ինչի պտուղները քաղում ենք առ այսօր՝ դատական նիստերը հենց այդ պատճառով չեն կայանում,
3. ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձին իր պաշտպանության և վերահսկողության տակ վերցնելով և Ա. Ռազգիլդեևին դատարան չներկայացնելով՝ ՌԴ 102-րդ ռազմաբազան, հանձինս իր հրամանատարի և ՌԴ պաշտպանության նախարարության, գործում է ՀՀ-ի որպես ինքնիշխան պետության և Սահմանադրության պահանջներից դուրս, կոպիտ կերպով խախում է հայ-ռուսական համաձայնագրերի նորմերի պահանջները և ՀՀ տարածքում խոչընդոտում է արդարադատության իրականացմանը՝ դիտավորությամբ չկատարելով դատարանի օրինական պահանջը՝ Ա. Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու վերաբերյալ,
4. դատարանում մեղադրանքը պաշտպանող կողմը՝ ՀՀ դատախազությունը, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց զատ, առ այսօր որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձին դատարան ներկայացնելու ուղղությամբ և լուռ հետևում է, թե ինչպես են խախտվում ՀՀ քաղաքացու և վերջինիս իրավահաջորդի իրավունքներն ու օրինական շահերը,
5. քրեական գործը քննող դատարանը չի ապահովում տուժողի իրավահաջորդի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը,
6. ՀՀ իրավասու պետական մարմինները դրսևորում են անգործություն՝ ՀՀ տարածքում և ՀՀ դատական ատյանում արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու համար:
Նշված բոլոր խնդիրների համար անմիջական պատասխանատվություն են կրում ոչ միայն ՌԴ իշխանությունները հանձինս ՌԴ պաշտպանության նախարարության, այլ ՀՀ Սահմանադրության երաշխավորները՝ հանձինս ՀՀ իշխանությունների:
Ելնելով ներկայացված վերլուծությունից՝ ՀՀ Կառավարությունից, ՀՀ Ազգային ժողովից և նրա բոլոր խմբակցություններից, ՀՀ նախագահից կազմակերպությունը պահանջում է գործադրել ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրենց պարտավորությունները և լիազորությունները՝ վերացնելու համար ՀՀ-ում արդարադատության իրականացմանը խոչընդոտող գործոնները, և ապահովել արդարադատության իրականացումը և ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը՝ ռուսական բազայի հրամանատարի ոտնձգություններից:
Մանրամասն՝ այստեղ