Փետրվարի 4-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող, ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով հերթական դատական նիստը։ Այն կրկին հետաձգվեց։ Այս անգամ ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար Ն. Մարտինյուկն էր միջնորդել դատարանին հետաձգել նիստը, քանի որ, ըստ նրա, Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի ստացել։ Նախորդ նիստերը ևս տարբեր պատճառաբանություններով չէին կայացել։
Հեկսինկյան քաղաքացիական ասմբլեայի Վանաձորի գրասենյանի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ փաստվում է, որ ռուսական կողմը համառորեն չի ցանկանում Ռազգիլդեևին ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական ատյաններին, քանի որ զինծառայողը շարունակում է գտնվել իրենց վերահսկողության ներքո: «Սա արդարադատության իրականացմանը խոչընդոտելու ուղղակի փաստ է։ Եթե Մոսկվան Մարտի 1-ի հետ կապված նախկին պաշտոնատար անձանց ուղղակի հովանավորում է, իր պաշտպանության տակ է վերցնում, ապա տվյալ դեպքում ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձին իր պաշտպանության տակ է վերցնում ռուսական ռազմաբազայում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Սաքունցի՝ ստացվում է, որ ռուսական բազան՝ հանձինս իր հրամանատարի և ՌԴ պաշտպանության նախարարության, իրեն դուրս է դնում ՀՀ Սահմանադրությունից ու ՀՀ օրենսդրությունից. «Արձանագրենք, որ գործում է մեր պետության և Սահմանադրության պահանջներից դուրս վարքագիծ։ Եվ նաև՝ հայ-ռուսական համաձայնագրի նորմերի կոպիտ խախտում է թույլ տրվում։ Մենք ժամանակին բարձրացնում էինք հայ-ռուսական պայմանագրում ամրագրված նորմերի իրականացման մեխանիզմների հսկողության բացակայության մասին։ Եվ այս փաստը ցույց տվեց, որ իսկապես հայկական կողմը որևէ արդյունավետ մեխանիզմ չունի՝ պարտադրելու ռուսական կողմին կատարելու ռուս-հայկական պայմանագրով նախատեսված գործողությունը»։
Իրավիճակն, ըստ իրավապաշտպանի, արձանագրում է այն փաստին, որ ռուսական բազան, նրա ղեկավարությունը գործում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքների դեմ. «Եվ որի ապահովման պահպանման պատասխանատուն հանդիսանում են ՀՀ իշխանությունները՝ ի դեմս վարչապետի և Գլխավոր դատախազության։ Մենք բոլոր ջանքերը գործադրեցինք՝ այդ թվում դիմեցինք դատախազություն և քննչական մարմիններ, դատարան, որպեսզի ռուս զինծառայողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց դատարանի որոշումը ապահովվի, և Ռազգիլդեևը կալանքը կրի Հայաստանի քրեակատարողական հիմնարկում։ Թե՛ ՀՀ դատախազությունը, թե՛ քննչական մարմինները և թե՛ դատարանը չապահովեցին ՀՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ ամրագրված սկզբունքների անշեղ իրականացումը։ ՀՀ դատարանը չգտնվեց ՀՀ ինքնիշխանության պաշտպանության դիրքերում։ Սա ուզում եմ ամրագրել վարքագծի գնահատման տեսակետից»։
Իսկ այն պատճառաբանությունը, որ ներկայացնում է ռուսական ռազմաբազայի հրամանատարը, թե՝ չկա երաշխիք, որ ապահովված է իր զինծառայողի անվտանգությունը, ըստ իրավապաշտպանի՝ որևէ աղերս չունի իրականության հետ. «Ռուսական ռազմաբազայի սպաները, պայմանագրային զինծառայողները բնակվում են ռուսական բազայի տարածքից դուրս՝ Գյումրի քաղաքում, անվտանգ, ավելին՝ շատ դեպքերում հենց իրենք են վտանգում ՀՀ քաղաքացիների կյանքը, և մտացածին է անվտանգության երաշխիքի պահանջը։ Նրանք անվտանգ դուրս են գալիս բազայի տարածքից, շարժվում են Գյումրի քաղաքում, գնումներ են կատարում, իրենց ժամանակն են անցկացնում, ու երբևէ անվտանգության խնդիրներ չէին կարող առաջանալ։ Դատարանի նկատմամբ նման բացահայտ արհամարհական վերաբերմունքի հիմնավորումը նման մտացածին փաստարկներով խոսում է այն մասին, որ իրենք պարզապես ոչ թե գտնվում են ՀՀ ինքնիշխանության ու անվտանգության ապահովման դիրքերում, այլ բացառապես միայն Ռուսաստանի Դաշնության շահերից են ելնում ու այդ շահերի իրականացումն ապահովում են հակաիրավական ճանապարհով»։
Դիտարկմանը, թե Պերմյակովի մասնակցությամբ ոճրագործության ժամանակ մենք մեղադրում էինք նախկին իշխանություններին Ռուսաստանի վասալը լինելու, նրան ռուսական կողմին հանձնելու մեջ, ապա ի՞նչն է հիմա նորընտիր, բարձր լեգիտիմություն ունեցող իշխանություններին խանգարում այս հարցում պահանջատեր լինել, Արթուր Սաքունցն ասաց. «Եթե նախկին իշխանության ժամանակ ՀՀ դատարանը հանձնվեց ռուսական բազայի տնօրինությանը, դատական նիստերը իրականացվում էին ռուսական բազայի տարածքում, ներկա իշխանության օրոք այս զինծառայողի գործով նիստերը որոշված է, որ անցկացվելու են Հայաստանի Հանրապետության դատարանում։ Սա արմատական փոփոխություն է։ Ներկա իշխանությունը ՀՀ դատարանը չի հանձնում ՌԴ տնօրինությանը կամ չի ենթարկեցնում նրա քմահաճույքներին, բայց դեռևս չի կարողանում ռուսական բազայի զինծառայողին բերման ենթարկել ՀՀ դատարան՝ ապահովելու դատաքննություն․․․ Այսինքն՝ ՀՀ իշխանությունը գտնվում է ինքնիշխանության դիրքերում, բայց դատարանը այդ դիրքերում չի գտնվում, երբ մերժում է նույնիսկ բերման ենթարկելու մասին միջնորդությունը։ Հայաստանի քաղաքական իշխանությունը պետք է շարունակի իր ջանքերը ռուսական կողմին ճանաչել տալու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ու դրան հարգալից վերաբերվելու ուղղությամբ»։