ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը Մարտի 1-ի գործով ներգարվվել է որպես մեղադրյալ։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական կոմիտեն։ Հարությունյանի նկապտամամբ հետախուզում է հայտարարվել։
«2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրությունը։ Դրանով ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից:
Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները, որոնք հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների և քաղաքացիների կողմից վերագրվել են Հանրապետության գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը և 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ…
…Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը՝ գործող իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, իրականացրել են ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ։
Մասնավորապես, Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք խախտել են Սահմանադրության համապատասխան հոդվածը՝ ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։ Մեկ այլ հոդվածի համաձայն՝ միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն, և միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին:
Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ ՀՀ-ում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:
Մասնավորապես, Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
Երևան քաղաքում բազմահազարանոց խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:
Միքայել Հարությունյանի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր:
2008 թվականի մարտի 1-ի գիշերը՝ լուսաբացից առաջ, Երևան քաղաքի Ազատության հրապարակում ոստիկանական ուժերի կողմից իրականացվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում, որի ընթացքում բազմահազար խաղաղ ցուցարարներ հեռացվել են հրապարակից և ստիպված հանգրվանել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում:
Խաղաղ ցուցարարների թիվն ավելի է աճել և արդեն ցերեկը Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և այլ փողոցներում:
Փաստացի հաստատված ռազմական դրության պայմաններում, նույն օրը՝ երեկոյան, Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ:
Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել են 8 քաղաքացիական անձինք և ոստիկանության 2 ծառայող: Խաղաղ հավաքը ցրվել է: Էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին», -նշված է Հատուկ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սահմանադրական կարգը տապալելը): Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին: