Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը [Քեթրինի Միհրանը] որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
«Միհրան Պողոսյանը ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված, իր կողմից փաստացի կառավարվող մի շարք ընկերությունների գործունեության, ինչպես նաև «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և այդ գումարն օրինականացնելու նպատակով այն ձևակերպել է իբրև փոխառություն, փոխանցել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին և օգտագործել ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար:
Մասնավորապես, Մ. Պողոսյանի և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 11.05.2015թ.-ին կնքված ձևական պայմանագրի համաձայն՝ Մ. Պողոսյանը ֆինանսական ժամանակավոր օգնություն տրամադրելու անվան տակ 500.000 ԱՄՆ դոլարի չափով անտոկոս փոխառությամբ դրամական միջոցներ է տրամադրել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերությանը, որից հետո` 2015թ.-ի մայիսի 11-ին և 26-ին, հիշյալ գումարից համապատասխանաբար 96.000.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլարը և 143.700.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է փաստացի իրեն պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին:
Բացի այդ, Մ. Պողոսյանի կողմից փաստացի կառավարվող, Պանամայի Հանրապետության օֆշորային գոտում գրանցված ընկերության և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 23.05.2015թ.-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա Մ. Պողոսյանի կողմից լիազորված անձը 329.130.000 ՀՀ դրամին համարժեք 690.000 ԱՄՆ դոլար է փոխանցել «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին:
Վերոհիշյալ գործողություններով Մ. Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568.830.000 ՀՀ դրամին համարժեք 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն,» – ասված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրամ Պողոսյանի [հայտնի է նաև որպես Քեթրինի Միհրան] նկատմամաբ ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել հայտնի Պանամայի օֆշորի գործով, նաև՝ առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հատուկ քննչական ծառայությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել, դատարանն էլ բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը: 2019 ապրիլի 21-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Ռուսաստանի Կարելիայի Հանրապետությունում և ձերբակալվել։
2019 թվականի օգոստոսի 17-ին, սակայն, Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Արտահանձնելու մասին միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություններ ռուսական կողմը մինչ օրս չի ներկայացրել։