Home / Բանտ / Գյումրին՝ քրեակատարողական հիմնարկ․ Քննիչներն օգնում են թաքցնել ռուս զինծառայողին

Գյումրին՝ քրեակատարողական հիմնարկ․ Քննիչներն օգնում են թաքցնել ռուս զինծառայողին

Անդրեյ Ռազգիլդեևի ձերբակալման վայրը ՀՀ ք․ Գյումրին է նշված, բայց վարույթն իրականացնող մարմինը նրան ՀՀ քրեակատարողական հիմնարկ չի տեղափոխում

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը հերթական անգամ մերժել է ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի ծեծից հետո անցած տարվա դեկտեմբերին Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը։

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, փաստաբաններ Արայիկ  Զալյանն ու Հայկ Հակոբյանը միջնորդել էին քննչական ու դատավարական գործողություններ կատարել գործում տեղ գտած որոշ հանգամանքների շուրջ, այդ թվում՝ կրկին ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ Ա․ Ռազգիլդեևի ձերբակալման մասին արձանագրության մեջ որպես ձերբակալման վայր նշված է «ք․ Գյումրի», սակայն հստակեցված չէ կոնկրետ վայրը։ Այնուամենայնիվ քննիչը որոշել է Ռազգիլդեևին հանձնել ռուսական ռազմաբազային։

Նրանք նշել են, որ քրեական գործի նյութերում ապացույց չկա այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի և ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները համատեղ են հայտնաբերել և ձերբակալել Ռազգիլդեևին։ Ավելին՝ մեղադրյալին ռուսական ռազմաբազա ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչը։ Քանի որ որևէ հիմք չկա պնդելու, որ ռազմաբազա չտեղափոխելը կարող էր հակասել ՌԴ օրենսդրությանը, ինչպես նախկինում նշել էր վարույթն իրականացնող մարմինը, կրկին միջնորդել էին միջոցներ ձեռնարկել Ռազգիլդեևին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդել էին նաև պարզել, թե արդյոք Ջուլիետա Ղուկասյանին պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվել, և ինչ ընթացակարգով է Ռազգիլդեևը ծառայության անցել Գյումրիի ռուսական ռազմաբազայում, արդյոք պահպանվել են ընթացակարգերն ու չափորոշիչները։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահն ու փաստաբանները միջնորդությամբ անհասկանալի էին համարել, թե ինչու Ռազգիլդեևին մեղադրանք չի առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով (սպանություն), և նշել էին, որ հանցագործության շարժառիթը բացահայտված չէ։

Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ)։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Վազգեն Սամվելյանը 2019թ․ հուլիսի 8-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է միջնորդությունը՝ որոշ գործողություններ համարելով անհիմն, որոշներն էլ՝ արդեն կատարվող կամ նախատեսված։

Մասնավորապես՝ ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասով քննիչը անհրաժեշտ չի համարել ձերբակալման արձանագրության մեջ կոնկրետ վայրը նշելը և հավելել․ «նույն տրամաբանությամբ որպես վայր պետք է հասկացվի շինությունը, դրա տեսակը, սենյակը, գրասեղանը և այլն»։

Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցին անդրադառնալն էլ քննիչը համարել է հիմնազուրկ և նշել, որ այդ հարցը քննարկվել է տարբեր ատյաններում, տրվել են սպառիչ պարզաբանումներ։

Ռազգիլդեևին առաջադրված մեղադրանքի մասով քննիչ Վազգեն Սամվելյանը պնդել է, որ ձեռք բերված ապացույցները վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մասին և քանի դեռ շարժառիթը բացահայտված չէ, «խուլիգանական կամ այլ դրդումների մասին խոսք լինել չի կարող»։

Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը 2019թ․ հուլիսի 19-ին Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը մերժելու Շիրակի մարզի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները բողոքարկել է Վճռաբեկ դատարան։