Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվել է։ Այս անգամ էլ ոստիկանությունը չի կարողացել մուտք գործել ռուսական ռազմաբազայի տարածք՝ ամբաստանյալին դատարան տանելու համար։ Այս մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հայտնել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը։
Նրա փոխանցմամբ՝ 102-րդ ռազմաբազայի հսկիչ անցագրային կետի հերթապահը ոստիկաններին հայտնել է, որ ռազմաբազայի հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը գործուղման մեջ է, իսկ թե ո՞վ է փոխարինում հրամանատարին և ո՞վ է իրավասու այդ հարցում՝ ոստիկաններին չեն հայտնել։
Ավելի վաղ՝ մարտի 19-ին, Մարտինյուկը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին գրությամբ հայտնել էր, ամբաստանյալին դատարան ներկայացնելու հարցի շուրջ իրենց դիրքորոշումը չի փոխվել, իսկ դատարանի պահանջի կատարումը չի մտնում ռազմաբազայի հրամանատարի իրավասությունների մեջ։
Նախորդ դատական նիստերին ամբաստանյալին դատարան չէին տանում, քանի որ ռազմաբազայի ղեկավարությունը անվտանգության երաշխիքներ էր պահանջում Անդրեյ Ռազգիլդեևի համար։
Ղուկասյանի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։
Նրանք ավելի վաղ դատարանին միջնորդել էին միջոցներ ձեռնարկել՝ այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները բացառելու համար, այն է՝ ռազմաբազայի կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելը։
Արայիկ Զալյանը դեռևս փետրվարի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ էր դիրքորոշում հայտնել, որ ամբաստանյալը անհարգելի պատճառով չի ներկայանում դատարան, և Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդել էր բերման ենթարկել ամբաստանյալին։ Դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունը։
ՀՔԱՎ-ը նաև հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է։