10 օր տևողությամբ We Are One փառատոնի շրջանակներում աշխարհի 20 հանրահայտ կինոփառատոնների ֆիլմերը անվճար հասանելի կլինեն յութուբում։
Համավարակային մեկուսացման պայմաններում Յութուբը հայտարարել է We Are One կինոփառատոնի մեկնարկի մասին։ Անվճար օնլայն փառատոնը կսկսվի մայիսի 29-ին և կշարունակվի մինչև հունիսի 7-ը։
We Are One-ին միացել են Սանդենսը, Բեռլինի, Կաննի, Տորոնտոյի, Տոկիոյի, Տրիբեկայի, Երուսաղեմի, Վենետիկի և այլ կինոփառատոններ։ Կներկայացվի այս տարվա համար նախատեսված ողջ ծրագիրը։ Թվային փառատոնի շրջանակներում կցուցադրվեն ծրագրային լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերը, վավերագրական հոլովակները, երաժշտությունն ու խոսակցությունները։ Իրադարձության օրակարգը շուտով կհրապարակվի Յութուբում։
«Բոլորիս տանը մնալու ամենաոգևորիչ ասպեկտն ամենամյա միջոցառումներն ու իրադարձությունները միասին կազմակերպելու փորձառությունն է»,- նշել է Յութուբի բիզնես ղեկավար Ռոբերտ Քինսըլը։
Փառատոնի ողջ հասույթը կտրամադրվի Առողջության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19 Համերաշխության հիմնադրամին։
«Հաճախ է խոսվում ֆիլմերի՝ մարդկանց ոգևորելու և անկախ սահմաններից ու տարբերություններից միավորելու ներուժի մասին։ Դա երևի հենց այն է, ինչի կարիքն այժմ ունի աշխարհը»,- ասել է Ջեյն Ռոզենտալը՝ Տրիբեկա կինփառատոնի հիմնադիր տնօրենը։