Ադրբեջանի ժողովրդավար ուժերի ազգային խորհրդի և «Մուսավատ» կուսակցության անդամ Տոֆիկ Յագուբլուն հացադուլի մեջ է արդեն յոթ օր։
Դուստրը՝ Նիգյար Հազին, պատմում է, որ վերջին անգամ հոր հետ խոսել է սեպտեմբերի 5-ին․
«Գրաֆիկի համաձայն հաջորդ հեռախսազրույցը նախատեսվում է սեպտեմբերի 9-ին։ Բայց մենք շատ ենք անհանգստանում հորս առողջության համար։ Նա քրոնիկ ասթմա ունի, օրգանիզմը թուլացած վիճակում է։ Դիմել ենք արդարադատության նախարարություն, որ թույլ տան ամեն օր զանգել»։
Տոֆիկ Յագուբլուն հայտարել է, որ պատրաստվում է հացադուլը մինչև վերջ տանել․ «Կամ կմեռնեմ, կամ ինձ անմեղ կճանաչեն։ Եթե մեռնեմ, դա կլինի իմ փոքրիկ վաստակը ժողովրդի առաջ։ Իմ մահը գոնե ազատության կոչ կդառնա։ Ստիպողաբար կերակրել ինձ չեք կարող։ Սա կատակ չէ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3֊ին Բաքվի դատարանը Յագուբլուին դատապարտել էր 4 տարի 3 ամիս ազատազրկման։
Տոֆիկ Յագուբլուն ձերբակալվել էր մարտի 22-ին։ Նրա կայանված մեքենային մեկ այլ մեքենա էր հարվածել, որի վարորդը բողոք է ներկայացրել։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նա ավտոճանապարհային պատահարի մեջ է ընկել ու հարձակվել ընտանեկան զույգի վրա։ Յագուբլուն այդ հայտարարությունը որպես սադրանք է որակել։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը դատապարտել է Յագուբլուի ձերբակալությունն ու կոչ արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Amnesty International֊ը։ «Լիբերալներն ու դեմոկրատները հանուն Եվրոպայի» դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ Յագուբլուի ձերբակալությունը իշխանությունների՝ ընդդիմության նկատմամբ հետապնդումների շարքի հերթական քայլն էր։ Իրավապաշտպանները Յագուբլուին ներառել են քաղբանտարկյալների ցանկում։
«Մուսավատ» կուսակցության Բաքվի գրասենյակում Յագուբլուի հացադուլին միացել են Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստներ Այաթ Իսմայիլը, Տոֆիկ Մամեդովը, Էլնուր Հասանովը, Էլման Գուլիևը։ Պահանջում են ազատ արձակել Յագուբլուին։
Ակտիվիստներից Էլման Գուլիևը հայտնել է, որ հացադուլը շարունակվում է արդեն 7 օր, առողջական խնդիրներ չկան, բժշկի դիմելու անհրաժեշտություն դեռևս չի առաջացել։
Նույնատիպ բողոքի ակցիա է իրականացնում նաև Գերմանիայի քաղբանտարկյալների մի խումբ։