Home / Բանտ / Թուրքիայում հացադուլի 238֊րդ օրը մահացել է փաստաբան Էբրու Թիմթիկը

Թուրքիայում հացադուլի 238֊րդ օրը մահացել է փաստաբան Էբրու Թիմթիկը

Թուրք իրավաբան Էբրու Թիմթիկը, ով բանտում հացադուլ էր սկսել արդար դատավարության պահանջով, երեկ մահացել է։ Հացադուլը շարունակվել է 238 օր։

Թիմթիկը ձերբակալվել էր 2017 թվականին՝ ահաբեկչության մեղադրանքով։ Գործը կապված էր նրա՝ նույն մեղադրանքով դատապարտված պաշտպանյալների հետ, ովքեր անդամակցում էին անօրինական ճանաչված Հեղափոխական ժողովուրդների ազատագրման կուսակցություն֊ճակատին (DHKP-C)։ 

2019 թվականին դատարանի որոշմամբ Թիմթիկը դատապարտվել էր 13 տարի 6 ամիս ազատազրկման։

Թիմթիկը Առաջադեմ փաստաբանների ասոցիացիայի (ÇHD) իր 7 գործընկերների հետ միասին հացադուլ էր սկսել այս տարվա փետրվարի 3-ին: Ապրիլի 5-ին նա դադարել էր շաքարի հավելումներ ընդունել ՝ հացադուլից անցնելով «մահացու ծոմի»։

 

Իրավաբան Այտաչ Յունսալը, ով Թիմթիկի հետ միասին արդար դատավարության պահանջով հացադուլ էր հայտարարել, դեռևս գտնվում է հիվանդանոցում։

«Հացադուլի հենց սկզբից բոլորը գիտեին, որ նա դեպի մահն է քայլում։ 238 օր նրանք անտեսում էին մեր ճիչը բռնության մասին», – «Իրավունք և օրենք» (Hak ve Hukuk ) փոդքասթի եթերում ասել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Օմեր Ֆարուք Գերջերօղլուն: 

Փաստաբանների դեմ հարուցված գործը հիմնվում է 2013 թվականի մեկ այլ գործի վկայություններից մեկի վրա։ Ընդ որում, վկայության թվային ֆայլը չի պատճենահանվել և պատշաճ կերպով չի պահպանվել։ Իրավաբանների գործով զբաղվող փաստաբանը պահանջել է տրամադրել վկայության ձայնագրության բնօրինակը՝ փորձագիտական հետազոտությամբ դրա իրական լինելը պարզելու համար։ Փաստաբանի պահանջը դատարանը մերժել է։

Պաշտոնական փաստաթղթերում որպես B.E. ներկայացված գաղտնի վկայի խոսքերի հիման վրա ահաբեկչության մեղադրանք էր առաջադրվել 220 քաղաքացիների նկատմամբ։ Նույն անձի մեկնաբանությունների տեսքով էին մեջբերվել նաև 2006 թ. Ստամբուլում մշակութային կենտրոնի վրա հարձակման ընթացքում հավաքված թվային ապացույցները։ 2018 թվականին լրագրող Քանան Քոսկունը 2 տարի 3 ամիս ազատազրկման էր դատապարտվել նույն գաղտնի վկայի՝ B.E.-ի ցույցմունքների հիման վրա։

Ապրիլի 24-ին հացադուլի 297-րդ օրը մահացել էր թուրք ակտիվիստ Մուստաֆա Կոչակը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել դատախազ Սելիմ Քիրազի սպանության համար զենքի ձեռբերման գործով՝ 2015 թվականին։ Նա հացադուլ էր հայտարարել՝ պնդելով, որ ներգրավված չի եղել զենքի գնման գործընթացում, իսկ խոստովանական ցուցմունքը գրել է կտտանքների արդյունքում։ Ավելի ուշ՝ 2017 թվականին, նրան մեղադրանք էր առաջադրվել նաև սահմանադրական կարգի տապալում նախապատրաստելու համար։ 

Ապրիլի 3-ին Թուրքիայում հացադուլի 288-րդ օրը մահացել էր նաև Գրուփ Յորում խմբի երաժիշտ Հելին Բոլեքը։

Բյոլեքը՝ Գրուփ Յորումի մեկ այլ անդամ Իբրահիմ Գյոքչեքի հետ միասին, հացադուլ էր հայտարարել՝ խմբի անդամների արդար դատավարության, համերգների արգելքի չեղարկման, խմբի մշակութային կենտրոնի վրա ոստիկանական գրոհների դադարեցման, խմբի ազատազրկված անդամների ազատ արձակման պահանջով։

Իբրահիմ Գյոքչեքը մահացել է մայիսի 7-ին՝ մոտ մեկ տարի տևած հացադուլն ավարտելուց մի քանի օր անց։