Ստամբուլի ոստիկանությունը թուրքական Գրուփ Յորում խմբի բաս կիթառահար Իբրահիմ Գյոքչեքի թաղման արարողության ժամանակ արցունքաբեր գազ է կիրառել, կալանավորել Գյոքչեքի հորն ու հուղարկավորության այլ ներկաների, այնուհետև՝ առևանգել երաժշտի մահացած մարմինը։
Ներկաների ուղղությամբ ռետինե փամփուշտներ կրակելով՝ ոստիկանները գրոհել են Ստամբուլի Գազի շրջանի ջեմեվին (cemevi՝ Ալևիստական կրոնական և մշակութային շինություն)։ Գրուփ Յորումի անդամներ Էրեն Էրդեմն ու Դիլան Փոյրազը բերման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների մուտքը կանխելու փորձի ժամանակ։
Ոստիկանները կոտրել են շինության ապակիներն ու արցունքաբեր գազով լցրել այն։ Հետո գողացել են Գյոքչեքի մարմինը, որը դեռ նախորդ օրվանից ներսում էր․ մարդիկ գալիս էին երաժշտին հարգանքի տուրք մատուցելու։
Կիթառահարի հայրը՝ Ահմեթ Գյոքչեքը, բերման է ենթարկվել «Ժողովրդի իրավաբանական գրասենյակի» փաստաբանների հետ միասին։
«Զզվելի է, ինպիսի՞ անօգնական վիճակում է պետք լինել մահացած մարմին առևանգելու համար»,- ոստիկանությա գործողությունները դատապարտելով նշում էին Գրուփ Յորումի համակիրները։
«Ոստիկանությունը գրոհել է կրոնական աղոթավայրը, կոտրել ապակիներն ու արցունքաբեր գազով ռումբեր նետել ներս։ Հարյուրավոր զինված ոստիկաններ, զրահավորված մեքենաներ ու անկարգությունների դեպ ջոկատներ էին եկել՝ 28 կիլոգրամանոց մարմինն առևանգելու համար։ Պարզ է թե ինչքան են վախենում մեզնից, անգամ՝ մեռածներից»։
Իբրահիմ Գյոքչեքը մահացել էր մայիսի 7-ին՝ մոտ մեկ տարի տևած հացադուլն ավարտելուց մի քանի օր անց։ Նա հայտարարել էր «քաղաքական հաղթանակի» մասին ու նշել, որ դիմադրությունը շարունակվելու է, քանի դեռ իրենց պահանջները բավարարված չեն։
Իշխանություններն ավելի ուշ վերադարձրել են Գյոքչեքի մարմինն ու հուղարկավորության թույլտվություն տրամադրել։
Վերջին երկու ամսվա ընթացքում Գյոքչեքը երրորդն էր, ով մահացավ տևական հացադուլի արդյունքում։ Ապրիլի 3-ին 288 օր տևած հացադուլի հետևանքով մահացել էր Գրուփ Յորումի մեկ այլ երաժիշտ Հելին Բոլեքը։
Ապրիլի 24-ին հացադուլի 297-րդ օրը մահացել էր թուրք ակտիվիստ Մուստաֆա Կոչակը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել դատախազ Սելիմ Քիրազի սպանության համար զենքի ձեռբերման գործով՝ 2015 թվականին։ Նա հացադուլ էր հայտարարել՝ պնդելով, որ ներգրավված չի եղել զենքի գնման գործընթացում, իսկ խոստովանական ցուցմունքը գրել է կտտանքների արդյունքում։ Ավելի ուշ՝ 2017 թվականին, նրան մեղադրանք էր առաջադրվել նաև սահմանադրական կարգի տապալում նախապատրաստելու համար։
Հիմնադրման ժամանակներից՝ 1985 թվականից, տարբեր կազմերով հանդես եկող Գրուպ Յորումը 23 ալբոմ է թողարկել։ 2016 թվականից Թուրքիայի իշխանություններն արգելել են խմբի համերգները՝ մեղադրելով Թուրքիայում ահաբեկչական համարվող DHKP-C (քրդամետ) ռադիկալ մարքսիստական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։
Գրուպ Յորումը ղեկավարում է Ստամբուլի Օքմեյդանի շրջանում գտնվող «Իդիլ» մշակութային կենտրոնը, որում վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան 10 ոստիկանական գրոհ է եղել։ Այդ գրոհների հետևանքով ավելի քան 30 մարդ է ձերբակալվել, այդ թվում խմբի 7 անդամներ, որոնք մինչև այժմ կալանքի տակ են։