Քարվաճառի բնակիչ, բնապահպան Ալեքսանդր Քանանյանը, ով հունվարի 21-ից հացադուլ է իրականացնում՝ իր տան բակին կից փոքր հէկերի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով, ահազանգում է՝ Ղարաբաղի իշխանությունները շարունակում են վարչական և ուժային մարմինների միջոցով և մերձքրեական տարրերի գործուն մասնակցությամբ քաղաքացիներին ահաբեկելու փորձերը։
«Ոստիկանութեան բարձրաստիճան սպաներ զանգահարում և քաղաքացիներից պահանջում են չստորագրել ապաւրինի փոքր ՀԷԿ-աշինութեան դէմ պահանջի տակ և նրանց յանձնել ստորագրուած թղթերը։ Ի գործ է դրուում բռնաճնշումների վաղուց ի վեր յայտնի ողջ գործիքակազմը։ Երեխաներին Կրթութեան նախարարով կամ Բակոյով վախեցնելու բոլոր փորձերը խայտառակ ձախողման են մատնուել։
Միաժամանակ՝ բեմադրելով ինձ հետ բանակցելու մեծ ցանկութիւն՝ Բակո Սահակեանը շարունակում է երկակի խաղ խաղալ և տարատեսակ էժանագին դաւեր նիւթել։ Արցախեան քրէական ոլիգարխիան տհաս յանցագործների մի խեղկատակ կոյտ է։ Արցախեան քրէական ոլիգարխիան տարբերակ չունի և ՊԻՏԻ ԵՆԹԱՐԿՈՒԻ», – ֆեյսբուքի իր էջում գրել է բնապահպան-ակտիվիստը։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ից Քարվաճառի և Քաշաթաղի շրջանում, ինչպես նաև Ստեփանակերտում Քանանյանի առաջադրած պահանջներին սատարելու համար ստորագրահավաք է սկսվել։
Քանանյանը և նրան աջակցող քաղաքացիները պահանջում են դադարեցնել Քարվաճառում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները, կառուցման վայրերից հեռացնել շինտեխնիկան, ստեղծել լայն ներկայացուցչականությամբ թափանցիկ հանձնաժողով՝ Ղարաբաղում հէկաշինության բնապահպանական և ֆինանսական բնույթի հանցագործությունները քննելու համար։
Հունվարի 30-ին հէկաշինության դեմ պայքարին միացել էին նաև տեղի դպրոցի աշակերտները՝ հայտարարելով մեկօրյա դասադուլ։