Լոնդոնի Վեստմինսթեր մետրոյի կայարանը լիքն էր, չնայած պիկ ժամը վաղուց անցել էր։ Շարժասանդուղքով կին էր իջնում, գրկին՝ Բրիտանիայի դրոշով շուն։
Հրապարակը լեփ լեցուն էր մինչև հանրահավաքի մեկնարկը։ Ներկաների մեծամասնությունը Մեծ Բրիտանիայի դրոշներով շորերով էին, դեմքներին դրոշներ էին նկարած և այլն։
«Գերմանացիների ու ֆրանսիացիների հերն էլ անիծած։ Երևի իտալացիներինն էլ։ Իսկ լեհերինը՝ չէ, մեր ախպերներն են։ Դու լե՞հ եք, չէ՞։ Լավ, ոչինչ, կարևորը նախկին ընկերուհիս Կրակովից էր»,- Բրեքսիթից հետո Բրիտանիայի արտաքին քաղաքականության մասին Բի֊բի֊սի֊ի թղթակցի հետ զրույցում պատմեց ներկաներից մեկը։
Մյուսներն ավելի խաղաղ էին տրամադրված։ Գրեթե բոլորը դրոշ ունեին․ մետրոյում էին վաճառում։ Շատերը “Happy Brexit day” նշաններով էին։
Պաստառների վրա գրված էր «Մենք ուզեցինք և արեցինք», «Ժողովրդավարությունը թանկ է», «Փառք Աստծոմ վերջապես ազատ ենք», և տարօրինակ «Դավաճաններին՝ կալանքի»՝ առանց բացատրելու ովքեր են դավաճանները։
Մոտ երեքուկես տարի տևած հակամարտություններից, բանակցություններից ու քննարկումներից հետո, երեկ կեսգիշերին ի վերջո Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ Եվրոպական միության կազմից։ Ապահարզանի մասին համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստորագրել էր հունվարի 24-ին։
Բրիտանիայի և Եվրամիության հարաբերությունները գրեթե նույնը կմնան անցումային շրջանի ընթացքում՝ մինչև 2020 թվականի ավարտը։ Այս ընթացքում պաշտոնական Լոնդոնը պետք է կարգավորի առևտրի և սահմանային անցակետերի հարցերը։ Միակ զգալի տարբերությունը, որը կզգացվի արդեն այսօրվանից, այն է, որ բրիտանացիները մինչև տարեվերջ կենթարկվեն Եվրոպական միության կանոններին և որոշումներին, սակայն այլևս չեն կարողանա մասնակցել դրանց կայացմանը:
Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու գործընթացը մեկնարկել է 2016 թվականի հունիսի 23-ին։ Միացյալ Թագավորության ընտրական իրավունք ունեցող բնակչության 51.9 տոկոսը Բրեքսիթին կողմ քվեարկեց։ Երկու անգամ արտահերթ ընտրություններ հայտարարվեցին, երկու կառավարություններ հրաժարական տվեցին։
Ապահարզանի կողմնակիցների կարծիքով 1970-ականներին ստեղծված դաշինքն առևտրային, պրագմատիկ կազմակերպությունից վերածվել է պետությունների անկախության ու ինքնիշխանության համար վտանգ հանդիսացող կառույցի: Բրեքսիթին դեմ բրիտանացիների փաստարկները հիմնականում տնտեսական են՝ ապահարզանը էականորեն կավելացնի գործազուրկների թիվը: Շուրջ 3 միլիոն բրիտանացի աշխատում է Եվրամիության հետ առևտրի ոլորտում։
Երեկ շոտլանդական ավտոնոմիայի ղեկավար Նիկոլա Սթերջենը խոստացել է, որ Շոտլանդիան կվերադառնա Եվրամիություն՝ արդեն անկախ պետության կարգավիճակով։ Բրեքսիթի դեմ ակցիաներ էին ընթանում Շոտլանդիայի Էդինբուրգ, Գլազգո, Աբերդին, Դանդի և այլ քաղաքներում։ 2016 թվականին Բրեքսիթի համար իրականացված հանրաքվեի ժամանակ դեմ էր քվեարկել շոտլանդացիների 62%֊ը։
Նիկոլա Սթերջենը կարծում է, որ ինքը կարող է անկախության ռեֆերենդում անցկացնել։ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը բացառում է նման սցենարը, նշելով, որ 2014 թվականին խնդիրը լուծվել է․ շոտլանդացիների 55 տոկոսը նախընտրել է մնալ Թագավորության կազմում։ Սթերջենը, սակայն, հայտարարել է, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կկազմակերպվի կամ այս տարի, կամ մյուս՝ շոտլանդական խորհրդարանի ընտրություններից հետո։