Հայաստանի բնակիչների ու հանքատերերի հակամարտության մեջ Միացյալ թագավորությունը միջազգային հանքարդյունաբերական ընկերության կողմն է բռնել։
OpenDemocracy-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները քննադատել են Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարությանը՝ Հայաստանում խնդրահարույց հանքային նախագծին աջակցելու համար։
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության գրասենյակի և Ամուլսարում ոսկու հանքի շահագործմամբ զբաղվող Լիդիան Ինթերնեյշընըլ-ի կապի մասին տեղեկությունը հաստատում է Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան և հանքային ընկերության համագործակցության մասին կասկածները։
OpenDemocracy-ի ձեռք բերած տվյալները հաստատում են այն փաստը, որ Երևանում Բրիտանական դեսպանատան աշխատակիցները, ներառյալ դեսպանը, 2013 թվականից սկսած Լիդիան Ինթերնեյշընըլի հետ պարբերական շփում են ունեցել Ամուլսարի հանքի հետ կապված։ Կազմակերպվել են համատեղ սեմինարներ, զեկույցներ, հանդիպումներ, աշխատանքային խմբեր։ Միայն 2018 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Լիդիանի ու դեսպանատան միջև 55 հանդիպում է եղել։
2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի կառավարությունը հանքի գործունեության՝ ջրային ռեսուրսների վրա ազգեցության գնահատման հետազոտություն էր պատվիրել, դեսպանատանը Լիդիանի հետ կապված յոթ փաստաթուղթ էր քննարկվում՝ «Լիդիանը թարմացնում է նախագիծը», «Հարցեր դեսպանի համար», «Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հիմնական կետերը», «Լիդիանի հետ հանդիպման ամփոփում» և այլ վերնագրերով։
«Մտահոգիչ է, որ Բրիտանիայի կառավարության հայաստանյան ներկայացուցիչները սատարում են Հայաստանում նման խնդրահարույց հանքի շահագործմանը, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի և հարակից գյուղական համայքների բարեկեցության համար»։ Այս մասին խոսել է Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լլոյդ Ռասսել Մոյլը։ «Այս փաստաթղթերը հարցեր են առաջացնում, թե ինչու է Բրիտանիայի կառավարությունը նման ռիսկերի գնում»։
Միացյալ թագավորության Արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է․ «Բրիտանական դեսպանատները դրական դեր են խաղում աշխարհում Բրիտանական ընկերությունների գործունեության զարգացման գործում։ Նույն կերպ Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ներգրավված է հայաստանյան շուկայում ակտիվություն ցուցաբերող բրիտանական ընկերություններում»։
Լիդիան Ինթերնեյշընըլը հրաժարվել է մեկնաբանություններ տալ։
«Լիդիանին էլ կմերժենք»
Վայոց Ձորում տեղակայված Ամուլսարի հանքը, որը պատկանում է Ջերսիում գրանցված Լիդիան Ինթերնեյշընըլին, ավելի քան տասը տարի կառուցման պրոցեսում է։ 2013 թվականին Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն այն անվանել է «Հայաստանում Բրիտանիայի պոտենցիալ ամենամեծ ներդրումը»։ Լիդիանը նշում է, որ հանքի շահագործման տասը տարիների ընթացքում հարկերի ու հոնորարային ներդրումների միջոցով Հայաստանի պետական բյուջե կկատարվի 488 միլիոն դոլլարի վճարում և կբացվի 770 աշխատատեղ։
Սակայն անցյալ տարվա ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո հանքը կռվաքար է դարձել Հայաստանի կառավարության, բնապահպան ցուցարարների և հանքարդյունաբերող ընկերության միջև։
2018 թվականի հունիսից տեղի բնակիչներն ու ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհը, որպեսզի թույլ չտան Լիդիանին ավարտել հանքի կառուցումն ու մասշտաբային շահագործում սկսել․ «Եթե Սերժ Սարգսյանին մերժեցինք, Լիդիանին էլ կմերժենք»։
2019-ի մարտին Լիդիանը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի և Կանադայի երկկողմանի ներդրումային պայմանագրի չեղարկման դեպքում Հայաստանը մեծ պարտքերի տակ կարող է ընկել։ Մամուլում շրջանառվող տարբեր լուրերում փոխհատուցման չափը հասնում է մինչև 2 մլրդ դոլլարի։
«Լիդիան ընկերության միջազգային «կորպորատիվ դատարաններում» արբիտրաժի դիմելու սպառնալիքները իրադրություն են ստեղծում, երբ Հայաստանի իշխանությունները ստիպված են դավաճանել սեփական ժողովրդին», – մեկնաբանում է «Համաշխարհային արդարադատություն հիմա»-ի մենեջեր Ջեյմս Էնգելը։
«Ինչո՞ւ է Միացյալ Թագավորության դեսպանատունն այդքան մտերիմ աշխատում թունավոր ընկերության հետ, որը փորձում է սեպ խրել Հայաստանի ժողովրդավարության վրա։ Հակառակը, դեսպանատունը պետք է աներ հնարավոր ամեն բան աջակցելու Հայաստանի ժողովրդի պայքարը հանուն մաքուր ջրի ու պարկեշտ, կայուն աշխատանքի»։
Ինչից են վախենում տեղացիները
Լիդիանը Ամուլսարն անվանում է «պատասխանատու հանքաշահագործման օրինակ Հայաստանում»։ Իրար հաջորդող բոլոր բրիտանական դեսպաններն ու Արտաքին գործերի գրասենյակի պաշտոնյաները հանրայնորեն առաջ էին բրդում նախագիծը սկսած 2013 թվականից, հավաստիացնելով, որ այն համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին և ձեռնտու է տեղական բոլոր շահագրգիռ կողմերի համար։
2013֊ին «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ էր հղել Միացյալ Թագավորության Արտաքին գործերի գրասենյակին, կոչ անելով ուսումնասիրել բրիտանական դեսպանների աջակցությունը Ամուլսարի նախագծին։
Նամակում էկոիրավաբան Արթուր Գրիգորյանը պնդում էր, որ դեսպաններ Քեթրին Լիչը և Ջոնաթան Ավեսը «շարունակական ճնշումներ են գործադրել Հայաստանի կառավարության վրա»՝ ի օգուտ Լիդիան Ինթերնեյշընըլի, մեջբերելով Միացյալ Թագավորության դիվանագիտական անձնակազմի հանդիպումները Հայաստանի Շրջակա Միջավայրի նախարարության հետ։
«Անհասկանալի է, թե ինչու են Միացյալ Թագավորության դեսպանները պաշտպանում օֆշորային գոտում գրանցված մասնավոր ընկերության շահերը»։
«Փրկենք Թեղուտը» նախաձեռնության նամակին ի պատասխան, Արտաքին գործերի գրասենյակն ասաց, որ դեսպանների գործողությունները «խստորեն համապատասխանում են պատշաճ միջազգային պրակտիկաներին ու համաձայնություններին» և որ «Բրիտանիայի կառավարության և իր դիվանագիտական առաքելության համար ստանդարտ և ընդունված պրակտիկա է առևտրային ու ներդրումային նախագծերին աջակցելը»։
2016 թվականին այդ ժամանակվա դեսպան Ջուդիթ Ֆարնվորթը գովեստով անդրադարձավ Լիդիան Ինթերնեյշընըլի ու մյուս շահագրգիռ կողմերի, հատկապես «տեղական համայնքների հետ» երկխոսությանը։
Այս երկխոսությունը, սակայն, չէր համոզել հանքի մոտակա քաղաքի ու գյուղերի բնակիչներին։ Գնդևազում, որն Ամուլսարի հանքին ամենամոտ գյուղն է, 2014 թվականին 210 բնակիչներ բողոք են ներկայացրել հանքի ֆինանսական հովանավորներից մեկին՝ Միջազգային Ֆինանսական Կորպորացիային (IFC), որտեղ նշում էին, որ ընկերությունը «օգտագործում է հնարավոր ցանկացած գործիք հանքի մոտակա գյուղերի բնակիչներին խաբելու համար»։ Նմանատիպ բողոք ներկայացվել է նաև Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկին (նախագծի մեկ այլ հովանավոր)։
IFC-ի մարդու իրավունքների հետ համապատասխանության խորհրդատուի կատարած ուսումնասիրությունում զեկուցվում է Գնդևազում «IFC-ի շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման վերլուծության թերությունների» մասին։ 2017 թվականին IFC-ն դադարում է ֆինանսավորել նախագիծը։
Իր տաք աղբյուրներով հայտնի Ջերմուկ քաղաքն առհասարակ ներառված չէր Լիդիանի ներկայացրած «հանքի ազդեցության գոտում», ինչի պատճառով 2015 և 2016 թվականներին տեղի բնակիչները չեն մասնակցել բնապահպանական և սոցիալական ազդեցության ռիսկերի գնահատման հետ կապված խորհրդակցություններին։ 2017 թվականին IFC-ի օմբուդսմենի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «որպես տուրիստական կենտրոն Ջերմուկի բրենդի վրա պոտենցիալ ազդեցությունները» չեն գնահատվել և մեղմացվել են։ 2018-ի տերեվերջում տեղացիները 3000 ստորագրություն են հավաքել ի օգուտ Ջերմուկում կանաչ տնտեսության զարգացման և հանքի աշխատանքների դադարեցման։ Այս դիրքորոշումն ավելի ուշ միաձայն հաստատվել է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։
Community Mutual Assistance հասարակական կազմակերպության 2018-ի հոկտեմբերին իրականացրած հարցման համաձայն, տեղացիներն արդեն զգում են հանքի բացասական ազդեցությունն իրենց ամենօրյա կյանքի վրա։
Գնդևազում, Կեչուտում և Ջերմուկում իրականացված հարցումների համաձայն, հարցվածների 85.7% տոկոսը գանգատվում է աճող ասթմատիկ նոպաներից, թոքային հիվանդություններից ու չոր մաշկից։ Հարցվածների 71.4% նշել է, որ հանքի կառուցման աշխատանքների ու պայթյունների պատճառով հաճախակի գլխացավեր է ունենում և տառապում է անքնությունից։ Հարցվածները դրական էին խոսում ընկերության կողմից տարածաշրջանում ներդրված ֆինանսական միջոցների մասին, սակայն նրանց 80% վատատեսորեն էր տրամադրված 10 տարի անց հանքի աշխատանքնեի ավարտից հետո, տարածաշրջանի աշխատանքային հնարավորությունների մասին։
Տեղացիներն ու բնապահպան ակտիվիստները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում վնասներին, որոնք հանքի շահագործման արդյունքում կարող են պատճառվել Սևանա լճին։
«Ամրապնդված ու լայնորեն տարածված հավատ կա, որ չնայած կարճաժամկետ տնտեսական օգուտների, հանքը երկարաժամկետ բացասական ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի, մարդկանց առողջության ու բարօրության վրա»,- ասում է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի սոցիալական քաղաքականության դոցենտ Արմինե Իշխանյանը։
«Հանքի ազդեցության նվազագույն ռիսկերի մասին Լիդիանի հայտարարություններում, որոնք վերջերս կրկնում են նաև Հայաստանի իշխանությունները, մեծ հանրային սկեպտիցիզմ կա», – հավելում է Իշխանյանը։
Ընկերությունը հակահարված է հասցնում
Իր համբավը պաշտպանելու համար Լիդիանը ակտիվիստների մասին զրպարտություններ է սկսում տարածել։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան քննադատաբար էր արտահայտվել «ընկերության համակարգային զրպարտությունների ու դատական ոտնձգությունների մասին, որոնց նպատակն է լռեցնել քննադատ լրագրողներին ու իրավապաշտպաններին, հատկապես կանանց»։
Այս տարի 41 միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպություններ համաստորագրությամբ նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում զեկուցում էին, որ ըստ հայաստանյան իրավապաշտպանների Լիդիանի «փիար քարոզարշավն ուղղված է հեռուստատեսությամբ ու սոցիալական ցանցերում իրական և ֆեյք օգտատերերի միջոցով իրավապաշտպանների ու բնապահպաններին նվաստացնելուն ու վարկաբեկելուն»։
Լիդիանն այս պնդումները որակեց որպես «մաքուր ապատեղեկատվության ևս մեկ օրինակ»։
2018-ի հունիսին Հայաստանի իրավապաշտպան ու քաղաքացիական ակտիվիստները բոյկոտեցին Թագուհու ծննդյան առթիվ Բրիտանական դեսպանատան կազմակերպած ամենամյա տոնակատարությունը, քանի որ այն հովանավորվում էր նաև Լիդիան Ինթերնեյշընըլի կողմից։
Կանանց իրավապաշտպան ակտիվիստ Լարա Ահարոնյանը գրել էր, որ չի կարող ներկա լինել այդ միջոցառմանը, քանի որ Լիդիան Ինթերնեյշընըլը «շահագործում է երկրի ընդերքն ու հարստացնում տեղական կոռումպացված պաշտոնյաներին»։ Այդ անհանգստությունները սակայն, չխանգարեցին որոշ պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Արմեն Սարգսյանին, այդ օրը դեսպանատուն գնալ։ Սարգսյանը 2013-ին Լիդիանի խորհրդի անդամներից էր։
Խնդիր Փաշինյանի համար
Ամուլսարի նախագիծն արդեն մեկ տարի է դադարի վիճակում է․ տեղացիները փակել են ճանապարհները։ 2019-ի հուլիսին Լիդիանը բողոք է ներկայացրել Ամուլսարի պահապանների ու ակտիվիստների դեմ, ինչի կապակցությամբ ավելի ուշ քրեական գործ է հարուցվել։
Նույն ամսվա մեջ ևս մեկ քրեական գործ հարուցվեց, որը պետք է պարզեր, թե արդյոք հայաստանյան պաշտոնյաներն իմացել են Ամուլսարի հանքի շահագործման պոտենցյալ վտանգների մասին։ Հայաստանի իշխանությունները $400,000 տրամադրեցին Ամուլսարի հանքի շահագործման ՇՄԱԳ-ի անկախ միջազգային փորձաքննության համար։ Էլարդ ընկերությանը պատվիրված փորձագիտական հետազոտության արդյունքները հրապարակվեցին օգոստոսին։ Դրանց հիմքով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հանքի շահագործման ռիսկերը կառավարելի են։
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան անդրադարձավ նոր փարձաքննության արդյունքներին, նշելով, որ Լիդիանի տրամադրած ՇՄԱԳ֊ում գնահատականների անհամապատասխանություններ ու խնդրահարույց եզրակացություններ կան, որոնց պատճառով հանքի շահագործման պատճառած վնասների մասին մի շարք հարցեր մնում են անպատասխան։
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները վերջերս կոչ են արել Միացյալ Թագավորության, Միացյալ նահանգների ու Շվեդիայի դեսպանատներին դադարեցնել իրենց աջակցությունը Լիդիանին։
«Ամուլսարի հանքի դեպքը թեստային է Նիկոլ Փաշինյանի կառավարության համար», – մեկնաբանում է Արմինե Իշխանյանը։
«Սա պարզապես հանքի մասին չէ։ Սա կառավարության բնույթի ու Հայաստանում ժողովրդավարության ապագայի մասին է»։