Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների, այնուհետև նաև «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ։
Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ջերմուկցիների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին:
Վարչապետը նշել է, որ «Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարևորությունը»։ Կենկրետ ինչպիսի «հետագա քայլերի» և «իրավիճակի լուծման» մասին է խոսքը, հաղորդագրությունում չի մանրամասնվում։
«Լիդիան ինթերնեյշնլ»-ի և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդակցության, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին։
Ավելի ուշ տեղի է ունեցել նաև «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի օրակարգում կրկին Ամուլսարի հարցն էր։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում մոտ երեք ժամ տևած փակ քննարկումից հետո Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանելուց հրաժարվեց։ Լրագրողների հարցերին պատասխանեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն։ Սիմոնյանը վստահեցրեց՝ երեք ժամ շարունակ քննարկել են բացառապես Ամուլսարի հարցը, բայց վերջնական եզրակացության չեն եկել․
«Եզրահանգում չկա, որ եզրահանգում լինի, հանրությունը այդ եզրահանգման մասին կիմանա,» – ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը պետք է որոշում կայացներ՝ արդյոք Ամուլսարի հանքի շահագործման նոր ՇՄԱԳ պե՞տք է արվի, թե՞ ոչ։ Կայացվե՞լ է արդյոք այդ որոշումը և եթե այո՝ ինչպիսի՞ն է եզրակացությունը՝ մինչ այժմ հայտնի չէ։