Home / Բնապահպանություն / «Որտեղի՞ց է ձեր եզրակացությունը, որ տվյալները թաքցված չեն»․ Իվանյանը բռնվեց

«Որտեղի՞ց է ձեր եզրակացությունը, որ տվյալները թաքցված չեն»․ Իվանյանը բռնվեց

Օգոստոսի 29֊ին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների, կառավարության, Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը գնահատող «Էլարդ» ընկերության փորձագիտական խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ տեսակոնֆերանսը։

Քննչական կոմիտեի (ՔԿ) պատվերով «Էլարդ» ընկերության կողմից իրականացված փորձաքննությունը, որի համար պետությունը 400 հազար դոլար էր վճարել, արվել էր ՔԿ֊ում քննվող՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում։

Քննիչ Յուրա Իվանյանը, ով գլխավորում է Ամուլսարի գործով քննչական խումբը, «Էլարդ»-ի փորձաքննությունը ներկայացնելիս հավաստիացնում էր, որ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Ամուլսարի հանքի բնապահպանական ռիսկերը կառավարելի են։ «Էլարդի»֊ի փորձաքննության արդյունքները ներկայացնելով որպես «դրական», քննիչ Իվանյանը հայտնել էր քրեական գործը կարճելու մտադրության մասին։

Մինչդեռ, երեկ տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ փորձաքննությունն իրականացրած ընկերության ներկայացուցիչները՝ պատասխանելով վարչապետի հարցերին, ևս մեկ անգամ ընդգծեցին այն, ինչ առանց այդ էլ գրված էր հրապարակված փորձաքննությունում․ Լիդիանի ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է, անհրաժեշտ ուսումնասիրությունների մի մասը չի կատարվել կամ կատարվել է ոչ լիարժեք, և Ամուլսարի հանքի շահագործման իրական հետևանքները հասկանալու և գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել նոր ՇՄԱԳ (ավելի մանրամասն՝ այստեղ

Քննիչ Իվանյանի վերոհիշյալ եզրակացությունները, ըստ էության, մեծապես հիմնվում են ոչ թե փորձաքննության, այլ դրան կից հուշագրի (մեմորանդում) վրա, որը «Էլարդ»֊ը, պարզվել է, ներկայացրել է նույն Քննչականի հանձնարարությամբ։ Հուշագրում տեղ գտած ռիսկերը մեղմելու առաջարկությունները ընդհանուր բնույթ են կրում, չեն կարող համարվել «Լիդիան»֊ի ներկայացրած ՇՄԱԳ-ի փորձաքննական եզրակացության մաս։ Այսինքն՝ չեն կարող հիմք հանդիսանալ տվյալների թաքցնելու վերաբերյալ քննչականում քննվող քրեական գործի կարճման կամ Ամուլսարի հանքի վտանգները կառավարելի համարելու համար։

Վարչապետ Փաշինյանը տեսակոնֆերանսի ընթացքում հարց ուղղեց քննիչ Իվանյանին՝ ինչի վրա է հիմնվում նրա եզրակացությունը, որ տվյալները չեն թաքցվել։

Փաշինյանի և Իվանյանի միջև հարցուպատասխանի համառոտ սղագրությունը՝ ստորև․

Նիկոլ Փաշինյան – Պարո՛ն Իվանյան, այստեղ հետևյալ հարցն է ծագում․ եթե «Էլարդ»-ն արձանագրում է, որ տվյալները թերի են և այլն, այդ դեպքում ո՞նց ենք մենք եզրակացրել, որ բնապահպանական ռիսկերի մասին տվյալներ չեն թաքցվել կամ առնվազն ամբողջական են։

Յուրա Իվանյան – Պարո՛ն վարչապետ, վերլուծվել են այդ տվյալները, հանգամանքները։ Եվ, ըստ էության, խնդիրը դրվել է հետևյալ կերպ, որ բնապահպանական․․․ թեև տվյալները եղել են թերի կամ ոչ լիարժեք, սակայն, ըստ էության, կոնցեպտը եղել է հետևյալը. կառաջանա՞ն արդյոք աղտոտումներ, կառաջանա՞ն արդյոք վնասակար հետևանքներ, և կոնկրետ ի՞նչ տվյալներ պետք է թաքցվեին, որը որ պետք է հանգեցներ նման հանգամանքների։ Ըստ էության, ինչպես վերլուծությունը ցույց տվեց ամբողջ այդ քրեական գործի ձեռք բերված ապացույցների, այն ամբողջ տեղեկությունները, որ գնահատել են, ուսումնասիրել են փորձագետները, դրանք ի սկզբանե հայտնի են եղել և ի սկզբանե էլ բոլոր ուսումնասիրությունները, տվյալները տրամադրված են եղել․․․ բանում։ Միևնույն ժամանակ գնահատվել է հետևյալ կերպ, որ․․․ փորձաքննության դրական եզրակացություն տվող սուբյեկտը, ինքը համապատասխան եզրակացությունը ուղարկել է տարբեր կառույցներ և ստացել համապատասխան եզրակացություն։ Այդ առումով դրական եզրակացությունը կազմվել է տարբեր մարմիններց ստացված եզրակացությունների հիման վրա։ Եվ դիտավորությունը տվյալ հանգամանքում, տվյալ թաքցնելու կամ տվյալ չբացահայտելու չկա, որևէ ձևով նման փաստական տվյալ քրեական գործով ձեռք չի բերվել։

Փաշինյան – Եթե հիմա մեր հրավիրած փորձագետն ասում է, որ այդ տվյալները թերի են, մենք էլ քրեական գործ ենք հարցուցել այն փաստի կապակցությամբ, որ տվյալների առնվազն մի մասը թաքցված է, հետևաբար, որտեղի՞ց է ձեր եզրակացությունը, որ տվյալները թաքցված չեն։

Իվանյան – Պարոն վարչապետ, որևէ տվյալ չի թաքցվել, ըստ էության, բոլոր ուսումնասիրություններն ու հետազոտությունները ներկայացվել են և դրա հիման վրա եզրակացություններ են արվել։ Հիմա տվյալների թերիությունը քրեական գործի այլ ապացույցների համադրությամբ չի կարող գնահատվել որպես թաքցվել և առավել ևս հանցակազմի կարևոր տարր է համարվում դիտավորությունը, որպեսզի առաջանա տվյալ հանցակազմը, պետք է նաև դիտավորություն լինի․․․

Փաշինյան ֊ Չէ, այդ հարցը բաժանենք երկու մասի․ թաքցրե՞լ են, թե՞ չեն թաքցրել, երկրորդ մասն էլ՝ դիտավորությա՞մբ են դա արել, թե՞ ոչ։ Եթե ամբողջական չի, բա մնացած տվյալներն ո՞ւր են։ Ուրեմն ինչ որ մի տեղ են, որտեղ․․․ այդտեղ չեն։

Իվանյան – Խոսքը վերաբերում է շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վերաբերյալ տեղեկություններին։ Ըստ էության նման տեղեկություններ չեն թաքցվել և նման տեղեկություններ չի եղել տվյալ անձանց մոտ կամ պաշտոնատար անձանց մոտ, որպեսզի նրանք էլ թաքցնեին։

Փաշինյան – Հիմա, կներեք, եթե «Էլարդ»-ը ասում է, որ գոլորշիացման տվյալները չափազանցված են, ի՞նչ բարդ է ստուգել՝ գոլորշիացման տվյալները չափազանցվա՞ծ են, թե՞ չափազանցված չեն։ Եթե չափազանցված չեն, ուրեմն՝ ամեն ինչ նորմալ է։ Եթե չափազանցված են, նշանակում է՝ ինչ որ մեկը դիտավորյալ․․․ լավ, ինչ որ մեկը չափազանցրել է։ Սա պետք է արձանագրել։ Մյուս հարցը․ ինչու՞ է չափազանցրել չափազանցնողը։ Թաքցնել չի նշանակում միայն պակասացնել։ Տվյալ դեպքում թաքցնել նշանակում է նաև ավելացնել։ Երկրորդը՝ ինչո՞ւ է նա դա արել։ Այստեղից պետք է հայտնի դառնար կամ չդառնար դիտավորությունը։

Իվանյան – «Էլարդ»-ն արձանագրում է, որ տվյալն, օրինակ, հենց այդ ջրի գոլորշիացմանը, դա փորձագիտական եզրահանգում է, որպեսզի, մենք կարողանանք․․․ սակայն, ըստ էության, չկա որևէ հետևանք, տվյալ գոլորշիացման չափը, առավելագույն չափը կամ նվազագույն չափը հաստատված չէ, ըստ էության, չկա չափանիշ։ Եվ տվյալների թերիությունը կամ եթե փորձաքննության եզրակացությամբ պարզվեց, որ որոշակի տվյալներ թերի են կամ․․․ չեն կատարվել, սակայն, ըստ էության, այնուամենայնիվ, շրջակա միջավայրի քիմիական աղտոտման, որ կլինեն ասենք տեղեկություններ, տվյալներ, որոնք որ կվկայեն, որ շրջակա միջավայրը աղտոտվել է, աղտոտվում է, կամ նման սպառնալիք կա նման տեղեկություններ չեն թաքցվել, նման տեղեկություններ նախ պաշտոնատար անձինք չեն ունեցել և հետևաբար…

Փաշինյան – Եթե մենք չենք հետազոտել, տվյալն ամբողջությամբ չենք դրել, դա էլ է թաքցնելու ձև։ Հո պարտադիր չէ, որ մենք վերցնենք, հետո նոր դնենք թղթի տակ։ Եթե մենք ի սկզբանե դա չենք վերցնում, դա էլ է թաքցնել, ինչ տարբերություն։

Հիշեցնենք նաև, որ Infocom.am կայքն օգոստոսի 29-ին հետաքննություն էր հրապարակել, որում ապացուցվում է, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը, ով Իվանյան դառնալուց առաջ Գրիգորյան է եղել, Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի դրական եզրակացությունը հաստատած Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբոր որդին է։ Այսինքն՝ քննչական խմբի ղեկավարը քննում էր նաև իր ազգականի գործողությունները:

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել առ այն, որ քննիչ Իվանյանի և նախկին բննախի ազգակցական կապը չպիտի կասկածի տակ դնի Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը։ Իրավաբանները պնդում են, որ քննչականի այս հայտարարությունը իրավականորեն փաստարկված չէ։