«Յուրա Իվանյանը ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը ողջամիտ չէ», – ասված է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Գրառումը պատասխան էր infocom.am-ի այսօր հրապարակած հետաքննությանը, որտեղ ապացուցվում է, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի իրական ազգանունը Գրիգորյան է և որ նա Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի դրական եզրակացությունը հաստատած Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբոր որդին է:
infocom.am կայքն այսօր հոդված է հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ: Քննչական կոմիտեն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, «սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը ողջամիտ չէ»:
«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվել է Յուրա Իվանյանի վարույթում՝ ոչ թե հաշվի առնելով ինչ-որ ազգակցական կապեր, այլ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող մեծածավալ, առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերը, իսկ կոռուպցիոն բնույթի գործերը՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում: Մեկ նկատառում ևս, Քննչական կոմիտեն որևէ գործով, այդ թվում՝ նաև Ամուլսարի գործով, դրական եզրակացություն չի կարող տալ, կամ ինչպես նշված է հիշյալ նյութում, չի կարող հաստատել դրական եզրակացություն, քանի որ Կոմիտեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է մինչդատական քրեական վարույթ, ինչը բոլորովին այլ գործառույթ է: Եվս մեկ անգամ, հարկ ենք համարում նշել, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար», – ասված է Քննչականի պաշտոնական հաղորդագրության մեջ։