«Անցյալ դարի 90-ականներ: ՀՀՇ-ն ընտրում է և էկոլոգիա, և Ղարաբաղ տարբերակը: Հասարակությունը հայտնվում է անտանելի պրեսի տակ: ԼՏՊ-ն ընտրում է էկոլոգիան, Վազգեն Սարգսյանը, Քոչարյանը՝ Ղարաբաղը: Երկրորդ տարբերակը հաղթում է: Սկսվում է հանքային հաղթարշավը և այլն: Հիմա նույն պրեսն են դնում նոր կառավարության վրա, և, և, որի պատճառով ԼՏՊ-ն հրաժարական տվեց: Սցենարը կրկնվում է … Հանրությունը էշ է, համաձայն եմ, բայց այս երկու բեռին չի կարող դիմանալ, ընտրեք … Միտքս որն է. սկզբում Ղարաբաղը տվեք ազերիներին, հետո ինչքան Ամուլսար փակում եք, փակեք: Երկու երնեկ չի լինում»:
հատված մշակութաբան Վարդան Ջալոյանի ֆեյսբուքյան գրառումից
Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո կոնֆլիկտի լուծման ուղիների շուրջ ներքաղաքական կյանքը Հայաստանում պառակտվեց հակամարտ բևեռների՝ բաժանարար գծեր քաշելով ոչ միայն իշխանության ու ընդդիմության, այլև հենց բուն իշխանության ներսում: Հայաստանի ուժային կառույցների՝ պաշտպանության և ներքին գործերի նախարարներ Վազգեն և Սերժ Սարգսյանները, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին դեմ դուրս եկան նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերցրած քաղաքական կուրսին, այն է՝ համատեղել ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները և խնդիրը լուծել՝ փոխզիջման գնալով:
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ հարցի չկարգավորված վիճակը լրջագույն խոչընդոտ է(ր) լինելու Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական զարգացման, լարվածության հիմք՝ միջազգային հանրության և հատկապես հարևանների հետ, և կարող է(ր) անդառնալի աղետի առաջ կանգնեցնել հասարակությունը:
Ղարաբաղի հարցում Տեր-Պետրոսյանի ընտրած կուրսը նրա ընդդիմադիրների կողմից պիտակավորվեց որպես պարտվողական: Չնայած նրան, որ 1996 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Տեր-Պետրոսյանի, դարձավ միակ երկիրը, որ դեմ քվեարկեց գագաթնաժողովի անդամ երկրների համատեղ հայտարարությանը՝ ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջինիս կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն շնորհելու, Հայաստանի նախագահին չհաջողվեց խուսափել Ղարաբաղի հարցում դավաճանական դիտավորություն ունենալու վերագրումներից և կանխել քաղաքական օպոնենտների օրավուր ուժեղացող հոխորտախոսությունը:
Ընդդիմադիր երևակայությունը հասել էր իռացիոնալ մասշտաբների. չկար պատերազմի և խաղաղության դիլեմա, գործուն մեկնակետը հաղթանակն էր, հաղթողի դիրքից խոսելն ու գործելը. «արժանապատիվ խաղաղություն կկնքեմ ոչ թե Սպիտակի երկրաշարժի, այլ Աղդամի երկրաշարժի ֆոնի վրա:… Աղդամի երկրաշարժ արած ժողովրդին պարտություն պարտադրելը բոլորովին էլ խաղաղություն չէ»,-հայտարարում էր վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Գրեթե նույն ժամանակ անկախություն ձեռք բերելը նա համարում էր ընդամենը «ճկունության խնդիր, հնարավոր տարբերակը պիտի այնպիսին լինի, որ երաշխավորի Ղարաբաղի անկախությունը» (տե՛ս Հայաստանի Հանրապետություն, 1997, դեկտեմբերի 16-ի համարը):
Չկարողանալով կանխել առաջացած ներքաղաքական ճգնաժամը և հարցի շուրջ բանավեճ ծավալել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դադարեցնում է նախագահական լիազորությունները 1998 թ. փետրվարի 3-ին:
Հեռացող գործիչը հրաժարականի կարճ խոսքում արձանագրում է. «իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը ավելի խորն է և կապված է պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: …Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես Հայաստանում խաղաղության ու արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել» (Լևոն Տեր–Պետրոսյան, Ընտրանի, Երևան, 2006, 661):
1998 թ. սկզբին նախագահ դառնալուց հետո Քոչարյանի հռետորաբանությունը կտրուկ փոխվում է՝ Ղարաբաղի հարցում նրան բերելով չափավոր դիրքավորման: Վարչապետ Քոչարյանի դիրքից նախագահ Քոչարյանը փորձում է պատվով նահանջել՝ հայտարարելով, որ չի հրաժարվում Ղարաբաղը անկախ կամ Հայաստանին միավորելու իր նախկին մտադրությունից, պարզապես առկախում է հարցը բանակցային գործընթացը չվնասելու դիտավորությամբ. արդեն 1998 թ. հունիսի 18-ին արտգործնախարար Օսկանյանը Արմենպրեսին հայտնում է, որ Հայաստանը ձեռնպահ է մնում ԼՂՀ անկախության կամ վերամիավորման հարցը բարձրացնելուց (տե՛ս Հայաստանի Հանրապետություն, 1998, 118): Քոչարյանի իշխանության 10 տարում Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման երեք բանաձև է քննարկվել՝ Ընդհանուր պետության, Փարիզյան (Քի Ուեսթի) և Մադրիդյան: Հարկ կա այստեղ հղել դրանց բովանդակության գաղտնազերծված մասերը:
– Համաձայն Ընդհանուր պետության առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղը Հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
– Քի Վեսթի բանակցությունների արդյունքում հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր գալիս և անցնում Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու շրջանի տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը:
– ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախարարները 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել են կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ: Հիմնարար սկզբունքները պարունակում են փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Հիմնարար սկզբունքները մասնավորապես ենթադրում են` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն:
Սրանք այն սկզբունքներն են, որոնց շուրջ բանակցել և հավանություն են տվել «ղարաբաղյան» գործիչներ՝ Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրանից հետո՝ Սերժ Սարգսյանը: Ինչպես տեսնում ենք, Ղարաբաղի հարցում նրանց նախապես հայտագրված հռետորաբանությունը լավ խաղարկված քաղաքական բալագան էր ներքին լսարանի համար: Ղարաբաղի հարցում արդեն երեք տասնամյակ ընտրւթյունը լայն չէ. կա մեկ ճանապարհ՝ փոխզիջում:
Post factum, Պատերազմի կուսակցության կարնավալը պերֆորմատիվ մտավարժանք էր, քաղաքական մեծ բլեֆ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը մինչ օրս չի հանգուցալուծվել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված պետություն է, այն չի ճանաչել աշխարհում ոչ մի պետություն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը: 98-ի հեղաշրջման լոկոմոտիվը 20 տարի իշխել է Հայաստանի Հանրապետությունը՝ պետության կառավարման հիմքում դնելով ռազմական իշխանության գերակայման, օլիգոպոլիայի օրհասական սկզբունքները: Ղարաբաղի հարցի շուրջ «ընտրությունը» հանուն Ղարաբաղի չէր, դա պայքար էր Հայաստանի իշխանության ուզուրպացիայի համար:
2018թ. ժողովրդական շարժումը պայքար էր պետության բռնազավթողական այս քաղաքականության դեմ, որ ցնցեց կորզող ռեժիմի հիմերը: Հեղափոխական այս շրջափուլում Ամուլսարի պայքարը շարժման քաղաքական իղձերի ուղղակի շարունակությունն է, որ հավակնում է սահմանել քաղաքացիական և քաղաքական ինքնության նոր ձևերը, վերագծել Հայաստանում կյանքի արժանապատիվ իրավունքի սահմանները:
Այս պայքարը հեղափոխության արժեբանության համար առանցքային նշանակություն կարող է ունենալ և հղվել 90-ականներին ընդհատված էկոլոգիական ճանապարհին:
Ամուլսարը նախադուռ է բացում հասարակության առաջադիմության համար: Ապրիլյան հեղափոխությունը կարող է դառնալ ավելին, քան փոքրիկ երևանյան պատմություն, այն կարող է վերաճել սահմաններից այնկողմ, փոխել դրանց այժմյան նշանակությունը: Ուրեմն ինչո՞ւ չկանգնել հեղափոխական բարձր ցատկադիրքում՝ չվախենալով սահմաններից: Նոր Հայաստանը հայացքն ուղղում է դեպի կյանքը և խաղաղությունը, դեպի էկոլոգիան և քաղաքակրթությունը, և Նիկոլ Փաշինյանի կառավարության համար լավ հնարավորություն է մնալ և մաս կազմել առաջադիմական այս նախագծին:
Գայանե Այվազյան