Home / Բնապահպանություն / Ազգային ու վերքաղաքական․ քայլերթ հանուն Ամուլսարի

Ազգային ու վերքաղաքական․ քայլերթ հանուն Ամուլսարի

Օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կազմակերպած երթը՝ հաջակցություն ջերմուկցիների և ընդդեմ Ամուլսարի հանք դառնալու։ 

Երթի ֆեյսբուքյան իվենթի նկարագրությունում ասվում էր․ «․․․ուզում ենք շեշտել, որ թույլ չի տրվելու քաղաքական ուժերին՝ հատկապես նախորդ իշխանություններին, օգտագործել խնդիրը և սեփական գովազդը իրականացնել։ Հարցը որքան էլ քաղաքական լուծում է պահանջում, բայց այն վերքաղաքական, ազգային խնդիր է և հավաքը լինելու է համազգային։ Այսօրվա իշխանությանը թեմայից դուրս պահանջներ չեն դրվելու, բարձրացվելու է միայն Ամուլսար հարցը՝ իր հստակ պահանջով․ Ամուլսարը հանք չի՛ դառնալու»։ 

Քայլերթից առաջ, ազգային պարեր պարելուց հետո, երթի կազմակերպիչները ներկայացրեցին իրենց տեսակետը Ամուլսարի հարցի վերաբերյալ (նախազգուշացնելով, որ միջոցառման ընթացքում «հարգելի պատճառներով» բարձրախոսով խոսելու են միայն իրենք)․ նշվեց, որ հարցը միայն բնապահպանությունը չէ, այլև ազդակիր համայնքների բնակիչների կամքը, և որ իրենց նպատակն է կառավարությանը օգնել կողմնորոշվել ու ճիշտ որոշում կայացնել։ 

Մինչև երթի սկսվելը հրապարակում շատ մարդիկ չկային, բայց ընթացքում շարքերը սկսեցին համալրվել՝ ի վերջո հասնելով առնվազն մի քանի հարյուրի։ Երթի մասնակիցները քայլում էին կենտրոնական փողոցներով՝ եռագույններ ու կանաչ փուչիկներ ձեռքներին։ 

Քայլողների մեջ էին նաև կուսակցությունների ներկայացուցիչներ՝ Միքայել Նահապետյանը ՔՈ-ից, Դավիթ Խաժակյանը, Գևորգ Գորգիսյանը, Աննա Կոստանյանը ԼՀԿ-ից, Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը ԲՀԿ-ից։ Ներկա էին նաև հասարակական-քաղաքական գործիչներ՝ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանը, սննդագետ Դավիթ Պիպոյանը և այլք։ Հայկական բնապահպանական ճակատը երթին չէր միացել։

Երթի կազմակերպիչները բարձրախոսով վանկարկում էին «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար՝ միայն սար» կարգախոսները՝ զուգակցված իրար փոխարինող «Մենք ենք տերը մեր երկրի» և «Մենք ենք տերը մեր սարի» բացականչություններով։ Մեքենաները ազդանշաններ էին արձակում՝ հաջակցություն երթի մասնակիցների, փողոցներով քայլող մարդիկ ձեռքով էին անում։ 

Ինչ-որ պահից մի կին ժամանակ առ ժամանակ գոռում էր «Նիկո՛լ, հեռացի՛ր», բայց որևէ արձագանքի չէր արժանանում։

Երթը շարժվեց Ազատության հրապարակից Մաշտոց ու Ամիրյան պողոտաներով, Հանրապետության հրապարակով և Խանջան ու Սայաթ-Նովա փողոցները կտրելուց հետո՝ կրկին վերադարձավ Ազատության հրապարակ։

Լուսանկարները՝ նախաձեռնող խմբի ֆեյսբուքի էջից