«Օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը մեր բնակավայրերում վերջին շրջանում սերմանված ատելության ցավալի հետևանքն է», ֊ ասված է Ամուլսարի պահապանների հայտարարության մեջ։
«Երբ պետական մակարդակով հայտարարվում է, թե Ամուլսարի պահապանները անձնական շահերով առաջնորդվող, ինչ-որ մեկի կողմից հովանավորվող մարդիկ են` բնական է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունում աշխատող մեր քույրերն ու եղբայրները ատելությամբ պիտի լցվեն մեր հանդեպ` կարծելով, թե մենք փող ենք աշխատում՝ իրենց հացը կտրելու հաշվին։ Մինչդեռ պայքարը հանուն բոլորիս ծնած ու սնած այս միջավայրի է, որի պտուղները դեռևս վայելելու ենք բոլորով։
«Լիդիան»-ը իր գործունեության հետ կապված առաջին իսկ դժգոհություններին հանդիպելով սանձազերծել է ահավոր ատելության քարոզչություն, նրա ֆեյսբուքյան էջը հեղեղված է պիտակավորումներով ու մեզ վարկաբեկող զրպարտչական տեղեկություններով։ Այդ նյութերի տարածման համար ընկերությունը մշտապես ծախսում է գովազդային գումարներ, պահում կեղծ էջեր, որոնք էլ ավելի բացահայտ ու էլ ավելի մեծ բյուջեով են տարածում ատելությունը։ Աշխատանքային միջավայրում ևս ընկերության ղեկավար կազմի աշխատողները ջանք չեն խնայել մեր հարևան քույրերին ու եղբայրներին մեր դեմ տրամադրելու, շանտաժ անելու հարցում։ Ատելության քարոզչությունը նրանց աշխատանքային ռազմավարությունն է, որի ազդեցության տակ, ցավոք, ընկնում են նաև հանրային իշխանության ներկայացուցիչները։ Այդ ատելությունը մի տեղ պիտի պայթեր։
Եվ դա պայթել է օգոստոսի 24-ին` Գնդեվազ գյուղում։ Ի պատասխան «Ամուլսարն առանց հանքի» վանկարկմանը հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, որոնց հետևել է ծեծկռտուքը։ Ի երջանկություն բոլորիս վնասվածքները հնարավորինս անվտանգ են կյանքի ու հետագա առողջության համար։ Ի վերջո մեզ այսպես իրար դեմ թշնամացրած այդ ընկերությունը թողնելու է գնա, իսկ մարդիկ մնալու են, հաղթահարելու են այս լարվածությունն ու նորից ընկերանան, բարեկամանան։
Ուզում ենք , որ հստակ լինի` Ամուլսարի պահապանները 30-40 հոգանոց խմբի անդամները չեն, բնապահպանները չեն` այս պայքարը կլանել է Ամուլսարի լանջերին ապրող բոլոր մարդկանց, որոնց մենք ոչ առաջնորդում ենք, ոչ վերահսկում։ Հետևաբար իրենց հաղորդած տեղեկատվության ճշմարտացիությամբ մտահոգ լրատվամիջոցներին կոչ ենք անում հարցը որպես «բնապահպանների ու գնդեվազցիների միջև ծեծկռտուք» չլուսաբանել։
Ամուլսարը սար է մնալու և վերջ»։