«Մի քանի համառոտ դիտարկում անեմ Սամվել Սաղաթելյանի և Արման Գրիգորյանի խնդրահարույց զրույցի կապակցությամբ, չնայած, որ զրույցում վեր հանվող խնդիրներն ավելի ընդգրկուն մեկնաբանության կարիքն ունեն», – «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում տարածելով արվեստագետներ Սամվել Սաղաթելյանի և Արման Գրիգորյանի զրույցի տեսանյութը, գրել է արվեստի համադրող և քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը։
«Արվեստագետները խոսում են կնոջ էմանսիպացման, ազատագրման մասին, սակայն վերարտադրում են հասարակական, քաղաքական, մշակութային, կենսական կառուցվածքների ստատուս-քվոն այդ կառույցները ուղղորդող գաղափարաբանությունը, որն ուղղված է կանանց ստորդասմանը: Վերարտադրում և վերակենդանացնում են կնոջ հասարակական, քաղաքական դերերին, կենսական ռազմավարություններին վերաբերող այրակենտրոն կարծրատիպերն ու սպասումները:
Բնությունն ինքնին կրավորական է, մարդու ներխուժումներից մշտապես տուժողն ու քայքայվողը, ուստի նույնացնելով կնոջը «մայր բնության» հետ , նշանակում է զրկել նրան քաղաքական գիտակցությունից, դիրքորոշումից և նպատակային գործողությունից:
Սեռադերային կառուցվածքը որպես բնականոն, ի վերուստ կամ բնության կողմից տրված ճշմարտության մասին խոսակցությունը զրկում է խոսքը որևէ քննադատական մոտեցումներից:
Հարգելի արվեստագետներ, ջանում եք քննադատել ավանդական մոտեցումները արվեստում և մոտ լինել ինքնավար ու ոչ ծառայամիտ արվեստին, բայց ասեմ, որ ձեր զրույցը բավականին հեռու է ավանդական կարծրատիպերի կազմաքանդման ընթացքին մասնակցելուց: Միգուցե ժամանա՞կն է, որ այր արվեստագետները, որոնք ունեն, այսպես կոչված, ոչ ավանդակակն դիրքորոշում, այս հարցերում ավելի լուրջ որոնումներ ու խորը ուսումնասիրություններ կատարեն, այլապես նույնիսկ այբենական դասավորության նման կրկնվող «էմանսիպիացումը» նման է արտաքին դիմակի, որը ծածկում և արդարացնում է հայաստանյան հասարակության մեջ տիրող հարաբերությունների հայրիշխանական տնտեսությունը, հատկապես, որ պաշտոնական քաղաքական գիծը դա արդարացնում է, հաճախ էլ՝ պարտադրում: Այլապես դժվար կլինի պոկվել արարիչ-հանճար արվեստագետի մասին հորինված առասպելներից, ինչը, ըստ իս, հավասար է մտավոր մահի, որի ապացույցները ոչ վաղ անցյալում նորից տեսել եմ»։