Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր պաշտոնապես հրաժարական կտա Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Կուսակցության նոր առաջնորդի և հետևաբար՝ Բրիտանիայի նոր վարչապետի ընտրության գործընթացը կմեկնարկի առաջիկա երկուշաբթի։ Խմբակցության ներսում կայանալիք ընտրական մի քանի փուլերից հետո քվեարկության եզրափակիչ փուլ կանցնեն առաջադրված թեկնածուներից միայն երկուսը, այնուհետև քվեարկությանը կմիանան Պահպանողական կուսակցության բոլոր անդամները՝ ողջ երկրով մեկ: Ըստ կանխատեսումների, հուլիսի 23-ին արդեն պարզ կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը:
Թերեզա Մեյը հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին հայտարարել էր դեռ մայիսի 24-ին՝ հիմնավորելով այն Brexit-ի (Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական միությունից) հետ կապված քաղաքական ձախողումներով։ «Վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից ես փորձեցի իրագործել Եվրամիությունից դուրս գալու՝ հանրաքվեով հաստատված որոշումը։ Ցավոք, ես չկարողացա: Ես փորձել եմ երեք անգամ։ Այժմ կարծում եմ, որ երկրի շահերից է բխում, որպեսզի այդ գործընթացով զբաղվի նոր վարչապետը,» ― հայտարարել էր Մեյը հրաժարական ներկայացնելու մասին իր ելույթում։
Եվրամիությունից ապահարզանի շուրջ Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները սկսվել էին 2017 թվականի ամռանը՝ 2016 թվականին կայացած հանրաքվեից մոտ մեկ տարի անց։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ Բրիտանիան կլքի Եվրամիությունը 2019 թվականի մարտի 29-ին։ Իշխանությունները ստիպված եղան հետաձգել այդ գործըթացը, քանի որ քաղաքական գործիչներին այս ընթացքում չէր հաջողվել համաձայնության գալ հիմնարար մի քանի հարցերի շուրջ․ ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է տեղի ունենալու Brexit-ը։ Արդյունքում, խորհրդարանը մի քանի անգամ մերժեց Մեյի առաջարկությունը, ինչն ի վերջո հանգեցրեց կառավարական ճգնաժամի։
Մարտի վերջին ԵՄ առաջնորդները պայմանավորվեցին հետաձգել Եվրամիությունից ապահարզանը մինչև ապրիլի 12: Մեյին կրկին չհաջողվեց խորհրդարանի հավանությունը ստանալ, և Լոնդոնը ստիպված եղավ նորից դիմել Բրյուսելին՝ նոր հետաձգման խնդրանքով․ այս անգամ Brexit-ը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 31-ը: Մինչ այդ կողմերը պետք է համաձայնության գան փոխընդունելի համաձայնագրի շուրջ, որը թույլ կտա հարթեցնել Բրիտանիայի Եվրամիությունից առանձնանալու հետևանքները։ Հակառակ դեպքում կկիրառվի Brexit-ի առանց համաձայնագրի տարբերակը։
Ստեղծված իրավիճակում, երբ ապահարզանին մնացել են հաշված ամիսներ, իսկ դրա հիմնարար պայմանները դեռ չեն համաձայնեցվել, վարչապետի հրաժարականը գնահատվում էր որպես անխուսափելի։
Հունիսի 7-ի դրությամբ կա 11 թեկնածու, ովքեր հայտնել են Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։ Նրանցից հինգը Թերեզա Մեյի կառավարության գործող և չորսը՝ նախկին անդամներ են։
Թեկանծուների մեջ այսօրվա դրությամբ ֆավորիտ է համարվում Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, ով ժամանակին առաջնորդում էր Եվրամիությունից դուրս գալու արշավը: Ջոնսոնը «մեղմ գործարքի» հիմնական հակառակորդներից մեկն է․ 2018 թվականի հունիսին նա հրաժարական տվեց հենց այս հարցի շուրջ Մեյի հետ անհամաձայնության պատճառով։ Հրաժարականի իր ելույթում նա հայտարարել էր, որ Թերեզա Մեյի նախագիծը երկիրը կտանի «չարաբաստիկ անորոշության»։ Ջոնսոնի համոզմամբ, Brexit-ը պետք է իրագործվի ոչ ավել, քան երկու տարի անցումային շրջանով, առանց ԵՄ-ի կողմից առաջարկվող նոր կարգավորումների և առանց վճարների՝ անցումային շրջանից հետո ընդհանուր շուկային հասանելիություն ունենալու համար։ Մինչդեռ Մեյը ընդունելի էր համարում հետաձգել անցումային շրջանը մինչև 2022 թ․ և վճարել ԵՄ-ին 39 միլիարդ ֆունտ ստերլինգ(45 միլիարդ դոլար)։
Թեկնածուների շարքում մյուս ֆավորիտը, ըստ հարցումների, Մեյի կառավարության Brexit-ի գծով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբն է, ով պաշտոնը ստաձնելուց հինգ ամիս հետո հրաժարական տվեց։ Հրաժարականի իր որոշումը նա հիմնավորում էր Եվրամիությունից առանձնանալու Թերեզա Մեյի ծրագրի հետ անհամաձայնություններով՝ պնդելով, որ վարչապետի առաջարկած նախագիծը չի համապատասխանում Պահպանողական կուսակցության մինչ այդ տված խոստումներին: Նրա կարծիքով, ներկա պայմաններով Եվրամիությունից առանձնանալու դեպքում Մեծ Բրիտանիան չի կարողանա վերականգնել իր ինքնիշխանությունը, և որ հոկտմբերի 31-ի առանց համաձայնագրի ապահարզանն ավելի լավ է, քան՝ ապահարզանը ներկա համաձայնագրի պայամաններով։
Եվ Բորիս Ջոնսոնը, և Դոմինիկ Ռաաբը, փաստացի, հանդես են գալիս կոշտ Brexit-ի դիրքերից և հայտարարում, որ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ֊ից հոկտեմբերի 31-ին, անգամ եթե ապահարզանը լինի առանց համաձայնագրի, այսինքն՝ առանց հարաբերությունների կարգավորման։ Այս դիրքորոշումը կիսում են ևս երկու թեկնածուներ՝ Անդրեա Լեդսընը և Էսթեր Մաքուեյը։ Թեկնածուներից ևս երեքը՝ Ջերըմի Հանտը, Սաջիդ Ջավիդը և Մարկ Հարպերը, չեն բացառում կոշտ Brexit-ի տարբերակը, թեև կարծում են, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել այս ընթացքում նոր համաձայնագրի գալու համար, և չստացվելու դեպքում միայն՝ դուրս գալ հոկտեմբերի 31-ին՝ առանց հետաձգելու։
Առանց համաձայնագրի ԵՄ֊ից դուրս գալուն դեմ են թեկնածուներից միայն երեքը՝ բնապահպանության նախարար Մայքլ Գոուվնը, ում վարչապետ դառնալու շանսերը այս պահին բավականին բարձր են գնահատվում, Մետ Հենքոկը և Ռորի Ստյուարտը։ Նրանք պատրաստ են խնդրել Եվրամիությանը Brexit-ի նոր հետաձգման մասին։ Թեկնածուներից միայն Սեմ Ջիմն է, որ կարծում է, որ անհրաժեշտ է նոր հանրաքվե անցնակցնել։ Վարչապես դառնալու շանսեր, վերլուծաբանների գնահատմամբ, նա գրեթե չունի։