Հոկտեմբերի 28-ին Եվրոպական խորհուրդը համաձայնեց հետաձգել Բրեքսիթը մինչև 2020 թվականի հունվարի 31։ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով պնդում էր, որ ամեն գնով կկազմակերպի Մեծ Բրիտանիայի հեռացումը Եվրամիությունից ամենաուշը հոկտեմբերի 31-ին, չի պատրաստվում հրաժարական տալ։
Ջոնսոնի գրասենյակը Միացյալ Թագավորության համայնքների պալատին է մեղադրում այս «ձախողման» մեջ։
Ալ Ջազիրա հեռուստաընկերության հետ զրույցում Ջոնսոնի նստավայրի խոսնակը նշել է, որ վարչապետը մեծ աշխատանքներ է տարել Բրեքսիթի հետ կապված գործարքին հասնելու համար, չնայած բոլորը պնդում էին, որ դա հնարավոր չէ․ «Նա գործարքի հետ կապված օրենսդրական կարգավորումները անցյալ շաբաթ ներկայացրել էր խորհրդարան, որտեղ մերժում է ստացել»։
AFP լրատվական գործակալությունը հայտնում է, որ եթե Բորիս Ջոնսոնը մինչև մյուս տարի կարողանա խորհրդարանին համոզել բարեկամական ապահարզանի պայմանագիր ստորագրել, ապա Բրեքսիթը տեղի կունենա նոյեմբերի 30-ին կամ Դեկտեմբերի 31֊ին։ Նաև, Լոնդոնը պետք է հատուկ բարձրաստիճան պաշտոնյա ուղարկի Եվրահանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
2016 թվականի հանրաքվեից հետո սա Բրեքսիթի հետաձգման երկրորդ դեպքն է։