Մեծ Բրիտանիայում Պահպանողականների կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ, հաղթել է Համայքների պալատի արտահերթ ընտրություններում։
Լոնդոնի ժամանակով առավոտյան 7-ի տվյալներով, դեկտեմբերի 12-ի ընտրությունների արդյունքում Պահպանողական կուսակցությունը զբաղեցրել է Համայնքների պալատի 650 տեղերից 361-ը (տվյալները վերջնական չեն)։
Պահպանողականների գլխավոր մրցակից լեյբորիստները՝ Ջերեմի Կորբինի գլխավորությամբ, ստացել են 203 մանդատ, Շոտլանդական ազգային կուսակցությունը՝ 48 մանդատ, Լիբերալ֊դեմոկրատական կուսակցությունը՝ 11 մանդատ, հյուսիսիռլանդական Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը՝ 8, Ուելսի կուսակցությունը՝ 4, կանաչները՝ 1 մանդատ։
Պահպանողականները մտադիր են հնարավորինս արագ վավերացնել Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրը, որը կնքվել է Բորիս Ջոնսոնի կառավարության կողմից և որի համաձայն 2020 թվականի հունվարի 31-ին Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա Եվրոպական Միության կազմից։
Լեյբորիստների պարտությունը
Գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Լեյբորիստական կուսակցությունը, ջախջախիչ պարտություն կրեց․ Համայնքների պալատի նախորդ կազմի համեմատ կուսակցությունը 40 մանդատ կորցրեց։
Լեյբորիստական կուսակցության անդամ և այլ քաղաքական գործիչներ պարտության մեջ մեղադրում են անձամբ առաջնորդ Ջերեմի Կորբինին ու նրա շրջապատը։
Քննադատների կարծիքով, պարտության հիմնական պատճառներից էր Կորբինի՝ բրեքսիթի մասին հստակ դիրքորոշում չհայտնելը, նաև «կորբինիստների»՝ Բրիտանիայի համար չափազանց ձախ դիրքավորումը։
Շոտլանդացիների հաջողությունը
Շոտլանդական ազգային կուսակցությունը (ՇԱԿ), որի հիմնական ծրագրային կետը Շոտլանդիայի անկախացման նոր ռեֆերենդումի անցկացումն է, հաղթանակ է տարել 59 շոտլանդական շրջաններից 48-ում։
ՇԱԿ առաջնորդ և շոտլանդական ինքնավարության ղեկավար Նիկոլա Սթըրջենն ընտրությունների նախնական արդյունքները մեկնաբանել է որպես նոր հանրաքվեի անցկացման պահանջ շոտլանդացիների կողմից։
«Շոտլանդիան պարզ հասկացրեց, որ մենք Բորիս Ջոնսոնի իշխանությունը չենք ուզում և չենք ցանկանում դուրս գալ Եվրոպական Միության կազմից», – հայտարարել է Սթըրջենը։
Ֆունտը հզորանում է
Երբ դեկտեմբերի 12-ի երեկոյան հրապարակվեցին էքսիթպոլի տվյալները, որոնց համաձայն պահպանողականները հաղթանակ են տանում, բրիտանական ֆունտի փոխարժեքը բարձրացավ։ Ֆունտի փոխարժեքը դոլարի հետ հարաբերության մեջ բարձրացավ 2,7%֊ով՝ 1.35 դոլար՝ 1 ֆունտի դիմաց։ Եվրոյի հարաբերությամբ ֆունտի փոխարժեքը մեծացավ 2%-ով։