Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը կանխելու և բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով:
Օրինագծի համաձայն, տեսաձայնագրող սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումներ մուտք գործելու և ելքի ժամանակը, ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող հարցաքննությունները և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումները: Տեսագրությունները ոստիկանությունում պահպանվելու են 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝ 2 տարի: Տեսագրություններն ու տեսաձայնագրությունները, բացառությամբ օպերատիվ հարցումների ձայնագրությունները, կարող են տրամադրվել՝
— հարցաքննված անձին, ինչպես նաև նրա ներկայացուցչին,
— քրեական վարույթն իրականացնող մարմնին՝ իր իրավասության սահմաններում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի առթիվ հարուցված քրեական գործի կամ կարգապահական վարույթի շրջանակում,
— մարդու իրավունքների պաշտպանին,
— ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդներին:
Նախքննական տվյալներ պարունակող տեսաձայնագրությունները տրամադրվելու են վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ և օրենքով սահմանված կարգով՝ գաղտնազերծումից հետո, իսկ այլ անձանց՝ նաև օպերատիվ հարցման ենթարկված անձի գրավոր համաձայնությամբ:
Ոստիկանության ստորաբաժանումների շենքերում հարցաքննության և օպերատիվ հարցման համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները) տեսաձայնագրող համակարգերով կահավորված լինելու դեպքում արգելվելու է հարցաքննությունների և օպերատիվ հարցումների իրականացումը տեսաձայնագրող համակարգերով չկահավորված այլ տարածքներում (աշխատասենյակներում):
Օրենքի նախագիծը նպատակ ունի կանխել և բացահայտել հնարավոր խոշտանգումների դեպքերը։ Օրինագիծը ընդունվեց միաձայն։