«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 15-ից պահվող 28-ամյա Վոլոդյա Սուքիասյանը 20 օր առաջ հացադուլ է հայտարարել։ Նրա մայրն, ով այժմ Հայաստանում չէ, տեղյակ չլինելով հացադուլի պատճառների և որդու առողջական վիճակի մասին, կապ էր հաստատել հայաստանյան մի շարք լիազոր մարմինների, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների գրասենյակի հետ։ Epress.am-ի խմբագրություն դիմած Գոհար Սուքիասյանը ցանկանում է, որպեսզի որդուն համոզեն դադարեցնել հացադուլը։ Մայրը չի արդարացնում Վոլոդյայի արաքը՝ գողությունը, բայցև մտահոգված է՝ նրան կարող են նաև այլ հանցանքներ վերագրել․ «Ինձ թվում է՝ այդ պատճառով է հացադուլ անում։ Բոլորս էլ կարող ենք սխալվել, բայց գիտակցաբար մարդուն մահվան հասցնել՝ դա չեմ հասկանում»։
Մայրն ասում է, որ Վայքի ոստիկանությունում Վոլոդյային խոշտանգել են, ինչից հետո երիտասարդն ինքնավնասման էր դիմել, այնուհետև նրան բանտ են տեղափոխել։
Գոհար Սուքիասյանը դժգոհ է նաև հանրային պաշտպան Վահե Մարգարյանի «անգործությունից»․ կինն այս հարցով դիմել էր ՀՀ Փաստաբանների պալատ։
«Փաստաբանն է, որ պետք է կապ ունենա տղայիս հետ, դատախազությանը տեղյակ պահի, դատախազն էլ այցելի հացադուլի մեջ գտնվող կալանավորին», – ասել է Սուքիասյանը՝ մեջբերելով հանրային պաշտպանի հետևյալ խոսքերը՝ «մեծ մարդ եմ, գործով զբաղվելու առողջություն չունեմ»։
Կապ հաստատեցինք նաև հանրային պաշտպան Վահե Մարգարյանի հետ և տեղեկացանք, որ նա սրտի վիրահատություն է տարել։ Կարճ հեռախոսազրույցի ընթացքում պարզվել է, որ Մարգարյանն այլևս Սուքիասյանի շահերը չի ներկայացնում․ «Գործը Եղեգնաձորից տարել են Երևան, նոր փաստաբան նշանակել»։
Պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, թե, մոր խոսքով, Վոլոդյային մեկ գողության փոխարեն ցանկանում են մի քանի նմանատիպ արարք վերագրել, հանրային պաշտպանը նկատեց՝ նման բան չկա․ «Իմ ներկայությամբ խոստովանական ցուցմունք է գրել․․․ Խոսքը 9 էպիզոդի մասին է՝ Նոյեմբերյանից, Շամշադինից, Ապարանից, Վայքից, Եղեգնաձորից, տարբեր տեղերից տերմինալներ են գողացել, տարել, ջարդել են, փողերը միջից հանել են։ Ինչի՞ մասին է խոսքը»։ Այս գործողություններին մի խումբ մարդիկ են մասնակցել և բոլորին էլ բռնել են, պատմեց Մարգարյանը։
Ըստ նրա՝ շփվել էր ինչպես տղայի մոր, այնպես էլ քրոջ հետ։ Վերջինիս հետ շփումը չստացվեց, քանի որ, Մարգարյանի բնութագրմամբ, «շատ սանձարձակ աղջիկ է»։
«Քույրը շատ պարտադրող տոնով, մի տեսակ սուր ճոճելով, թե՝ «դու պաշտպան ես, վեր կաց, շաբաթ-կիրակի գնա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, բանտի պետին ասա՝ իմ ախպերը հացադուլ է անում․․․»։ Ասում եմ՝ աղջիկ ջան, հացադուլ անելը ոչ բանտի պետի կամքով է, ոչ որևէ մեկի․․․ Մի խոսքով, իրենք ինձ չհասկացան, ես էլ անջատեցի, ոչ էլ պատասխանեցի։ Բայց իրանք այնպիսի պահանջներ են ներկայացնում․․․ Մարդու իրավունքն է, հացադուլ է հայտարարում․ բանտի պետն ո՞վ է, փաստաբանն ո՞վ է, դատախազն ո՞վ է։ Մենք ի՞նչ կարող ենք անել»։
Կալանավորի մայրը, հերքեց, որ Վոլոդյային նոր պաշտպան են նշանակել, իսկ Փաստաբանների պալատը հաստատեց այս տեղեկությունը։
Էդգար Թովմասյանն ասաց, որ գործին դեռ ծանոթ չէ, քանի որ իրեն նոր են նշանակել, և խոստացավ մեր հարցերին ավելի ուշ պատասխանել։
Epress.am-ը հացադուլավորի առողջական վիճակի և պահանջների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին, որտեղից հայտնեցին, որ հուլիսի 25-ին Պաշտպանի թեժ գծին են զանգահարել Վոլոդյա Սուքիասյանի կինը և մայրը: Նրանք հայտնել են, որ առաջադրված մեղադրանքով պայմանավորված նա հացադուլ է հայտարարել, ուստի խնդրել են Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, ներկայացնել տեղեկություններ նրա առողջական վիճակի մասին։
«Նշվածի կապակցությամբ Պաշտպանի ներկայացուցիչը մշտապես կապի մեջ է եղել քրեակատարողական հիմնարկի հետ: Ըստ պաշտոնական պարզաբանման՝ անձը գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո, նրան պարբերաբար այցելում է նաև հոգեբանը:
Կալանավորը հրաժարվել է Պաշտպանի ներկայացուցչի հետ հանդիպել։ Օգոստոսի 6-ին կալանավորի մայրը կապ է հաստատել Պաշտպանի աշխատակազմի հետ և հայտնել, որ որդին ցանկություն է հայտնել խոսել Պաշտպանի ներկայացուցչի հետ:
Կալանավորը, սակայն, կրկին հրաժարվել է Պաշտպանի ներկայացուցչի հետ հանդիպել», – ասված է օմբուդսմենի գրասենյակի պատասխանում։