Հունվարի 7-ին ժամը 14:50-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարել է քաղաքացի և հայտնել, որ իր եղբայրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանը, գտնվում է առողջական ծանր վիճակում. ստացել է սրտի կաթված, սակայն կալանավայրում բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ըստ դիմումատուի՝ Ծաղիկյանն ունի անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդություն:
Ահազանգից հետո օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչը կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հետ, որտեղից ասել են, թե Ծաղիկյանի համար հունվարի 6-ին հիմնարկ է հրավիրվել շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադ, տեղում իրականացվել է էլեկտրասրտագրություն (կարդիոգրամա): Ըստ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ներկայացուցչի՝ բժիշկները տեղեկացրել են, որ Ծաղիկյանը սրտի հետ կապված խնդիրներ չունի, իսկ ինքնազգացողության վատթարացումը կապված է եղել մկանային ցավերի հետ:
Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Ծաղիկյանը գտնվել է բժշկական հսկողության ներքո, և անհրաժեշտության դեպքում ՔԿՀ նորից կհրավիրվի շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադ: Նշված տեղեկությունները փոխանցվել են Կարեն Ծաղիկյանի եղբորը:
Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում եղբայրը կրկին զանգահարել է օմբուդսմենի աշխատակազմի թեժ գծին և հայտնել, որ Կարենը մահացել է: