Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շվեյցարացի տիեզերագնաց Կլոդ Նիկոլյեին, ով «ապօրինաբար մուտք էր գործել օկուպացված տարածքներ», հանել է «սև ցուցակից», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նիկոլյեն դիմել էր ԱԳՆ՝ «Ադրբեջանի տարածքներ ապօրինաբար այցելած անձանց ցուցակից» իր անունը հեռացնելու խնդրանքով։ Դիմումը դիտարկվել է սահմանված կարգով, կայացվել է դրական որոշում»,- նշում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կլոդ Նիկոլյեն 2012 թվականին մեկ այլ շվեյցարացի տիեզերագնաց Չարլզ Դյուկի հետ Լեռնային Ղարաբաղ էր այցելել։ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը նրանց անունները ներառել էր «սև ցուցակում»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում պերսոնա նոն գրատա են ճանաչվում անձինք, ում մուտքն Ադրբեջան արգելված է, քանի որ նրանք՝ խախտելով «Պետական սահմանների մասին օրենքը», մուտք են գործել Լեռնային Ղարաբաղի տարածք առանց Ադրբեջանի թույլտվության։
2013 թվականի օգոստոսին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն առաջին անգամ հրապարակեց 330 հոգուց կազմված ամբողջ ցանկը։ «Սև ցուցակում» ներառված էին պատգամավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, արվեստագետներ և այլ անձինք տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից։
Այժմ այդ ցուցակում շուրջ 700 անուն կա։