Բաքվի դատարանն ընդդիմադիր քաղաքական գործիչ Տոֆիկ Յագուբլուին մեղավոր է ճանաչել խուլիգանության մեջ և դատապարտել 4 տարի 3 ամիս ազատազրկման։ Յագուբլուին իրենց աջակցությունը հայտնելու համար հավաքված տասնյակ ակտիվիստները բողոքի ցույց էին իրականացնում ընդդեմ դատարանի որոշման։
Ժողովրդավար ուժերի ազգային խորհրդի և «Մուսավատ» կուսակցության անդամ Տոֆիկ Յագուբլուն երեկ՝ սեպտեմբերի 2-ին, դատարանում իր վերջին խոսքն ասելիս նշեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը ոչ օբյեկտիվ է, և հայտարարեց հացադուլ սկսելու մասին։
Տոֆիկ Յագուբլուն ձերբակալվել էր մարտի 22-ին։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նա ավտոճանապարհային պատահարի մեջ է ընկել ու հարձակվել ընտանեկան զույգի վրա։ Յագուբլուն այդ հայտարարությունը որպես սադրանք որակեց։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը դատապարտեց Յագուբլուի ձերբակալությունն ու կոչ արեց անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին։ Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև Amnesty International֊ը։ «Լիբերալներն ու դեմոկրատները հանուն Եվրոպայի» դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ Յագուբլուի ձերբակալությունը իշխանությունների՝ ընդդիմության նկատմամբ հետապնդումների շարքի հերթական քայլն էր։ Իրավապաշտպանները Յագուբլուին ներառել են քաղբանտարկյալների ցանկում։
Ընդդիմադիր գործչի դստեր՝ Նիգյար Հազիի կարծիքով, դատավճիռը ռեժիմի քաղաքական վրեժն էր իր հոր նկատմամբ․ «Բոլորս էլ հասկանում են ռեժիմի չգրված օրենքները․ մենք քննադատում ենք, իրենք մեզ բանտ են նետում։ Բայց հորս դեպքում նրանք անցան բոլոր «կարմիր գծերը»։ Նրան արդեն երրորդ անգամ են երկարատև ազատազրկման դատապարտում։ Առաջին անգամ նա բանտում հայտնվել է 1998 թվականին՝ նախագահական ընտրությունների հետ կապված բողոքի ցույցին մասնակցելու համար։ Երկրորդ անգամ նրան ազատազրկեցին 2013-ի հունվարին՝ Իսմայիլի քաղաքի բողոքի ալիքի ժամանակ։ Այնտեղ նա մեկնել էր զուտ որպես լրագրող՝ ծառայողական գործուղում։ Բացի այդ, հորս բազմիցս վարչական տույժերի են ենթարկել»։
2014-ի մարտին Տոֆիկ Յագուբլուին և «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին դատապարտեցին Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Յագուբլուին 5 տարի տվեցին։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ճանաչեց նրա իրավունքների խախտումն ու Ադրբեջանին պարտավորեցրեց 24 000 եվրո փոխհատուցում վճարել։ 2019-ի հոկտեմբերի 19-ին Յագուբլուին 30 օր անազատության մեջ պահեցին Բաքվում կազմակերպված ընդդիմադիր հանրահավաքին մասնակցելու համար։ Վարչական կալանքից ազատվելուց հետո նա պատմեց կալանավայրում իր նկատմամբ գործադրված ճնշումների, բռնության և սպառնալիքների մասին։
Նիգյար Հազին իր անհանգստությունն է հայտնել Յագուբլուի առողջական վիճակի մասին։ «Դեռ հացադուլի երկրորդ օրն է, իսկ հայրս արդեն գունատ ու թույլ տեսք ուներ։ Նրա առողջական վիճակը վատացել էր դեռևս նախորդ ազատազրկման ժամանակ։ Նա ասթմա ունի։ 2019-ի հունվարին նա 12 օր հացադուլի մեջ է եղել՝ ի աջակցություն բլոգեր Մեհման Հուսեինովի։ Հետո երկար ժամանակ վերականգնվում էր։ Նույն թվականի հոկտեբերին կայացած ցույցից հետո մեկուսարանում նրան դաժան ծեծի էին ենթարկել, ինչի արդյունքում ստիպված էր անգամ վիրահատվել։ Նրա օրգանիզմը թուլացած վիճակում է։ Եթե նրա հետ մի բան կատարվի, ողջ պատասխանատվությունը անձամբ [Ադրբեջանի նախագահ] Իլհամ Ալիևի ուսերին է»,- հայտարարել է Հազին։
Յագուբլուի դստեր ելույթից հետո դատարանի մոտ հավաքված շուրջ 50 ակտիվիսները վանկարկում էին «Ազատություն», «Հրաժարական», «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Կարճ ժամանակ անց ուժայինները հավաքվածներին հեռացրեցին դատարանի շենքի տարածքից։