Home / Դատարան / Վերաքննիչն արդարացրել է 2008-ին դատապարտված Իսահակ Մալխասյանին

Վերաքննիչն արդարացրել է 2008-ին դատապարտված Իսահակ Մալխասյանին

Վերաքննիչ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008 թվականի նախագահական ընտրությունների շրջանում կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանը նշել է, որ 2008-ի հունիսի 16-ի դատավճռով Իսահակ Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան։

Հիշեցնենք, որ 2008 թվականին դատարանը հաստատված էր համարել, որ Մալխասյանը իր վարած ավտոմեքենայի բեռնախցիկում ապօրինի կերպով կրել է սառը զենք հանդիսացող մետաղյա մահակ, 2008թ. մարտի 1-ին` ժամը 20։30-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գտնվել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի մոտակայքում, չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների` ավտոմեքենան ստուգելու օրինական պահանջին, հրաժարվել է հնարավորություն ընձեռել զննել մեքենայի բեռնախցիկը, ստեղծել է քաշքշուկ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ:

Դատավճիռը Մալխասյանի և նրա պաշտպանի կողմից բողոքարկվել էր վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերջինիս որոշմամբ Մալխասյանի և նրա պաշտպանի դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ վարույթը կարճվել էր՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով:

«Գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ այս բնույթի գործերով դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործով 2008թ. մեղադրական դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար խախտումներ», – գրել է Աբրահամյանը:

Ավելի վաղ Դատախազությունը հայտնել էր, որ Մալխասյանի գործի հետադարձ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրան առաջադրված մեղադրանքը զուրկ է եղել կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, տուժող ճանաչված անձ չկա, նշված իրադարձությանը ներգրավված անձինք ցուցմունքով հայտնել են, որ ամբաստանյալն իրենց չի հարվածել և չի սպառնացել: Բացի այդ՝ մերժելով կոնկրետ անձի դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը՝ դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները։

«Մ. Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով գործում առկա հանգամանքները՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով բեկանել Ի. Մալխասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և ճանաչել վերջինիս անմեղությունն իրեն մեղսագրված արարքներում:

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով գլխավոր դատախազի բողոքը, երեկ կայացրած իր որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է այն: